Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դելիմիտացիայից եւ դեմարկացիայից հետո Ադրբեջանի ախորժակը կմեծանա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը։
Որպես ասվածի փաստական ապացույց՝ նշում է նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող զարգացումները։ «Այդ փաստաթղթի առաջին հոդվածում նշված էր, որ պատերազմից հետո զորքերը պետք է կանգնած մնան իրենց տեղակայման վայրերում, մինչդեռ շատ լավ գիտենք, որ դրանից հետո Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո, Կովսականի եւ Սանասարի տարածքները եւս հանձնվեցին, հայկական ուժերը հետ քաշվեցին, եւ դրա հետեւանքով էր, որ Գորիս-Կապան ճանապարհը հայտնվեց ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ասաց պատմաբանը՝ շեշտելով՝ այս ամբողջը ցույց է տալիս մի բան, որ Ադրբեջանը, ստանձնելով Թուրքիայի հովանավորությունը, նաեւ օգտվելով մեր թուլությունից, փորձում է մաքսիմալ օգուտներ կորզել։
Մարուքյանը վստահ է՝ եթե դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց սկսվի, խոսքը վերաբերելու է նաեւ, այսպես կոչված, անկլավներին։ Տավուշի մարզում դրանք Բարխուդարլու, Սոֆուլու, Վերին եւ Ներքին Ոսկեպար գյուղերն են, Արարատի մարզում՝ Տիգրանաշենը։ Ըստ պատմաբանի՝ այսպիսով մեր ռազմավարական նշանակության ճանապարհները հանձնվում են Ադրբեջանի վերահսկողությանը, եւ կոմունիկացիաների ապաշրջափակման պայմաններում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության կոմունիկացիաների վերահսկողություն թշնամական պետության կողմից՝ դրանից բխող բոլոր հետեւնքներով։
«Մենք դրա պտուղներն արդեն տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհահատվածին։ Մեզ համար ակնհայտ է, որ թշնամական պետությունից, որպիսին Թուրքիան է, դրական ազդակներ գալ չեն կարող։ Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի կողմից»,- ասաց Մարուքյանը։
Պատմաբանը պնդում է, որ Թուրքիայի քաղաքականության մեջ գործնականում ոչինչ չի փոխվել։
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով կազմակերպվող «գունագեղ» միջոցառմանը՝ Մարուքյանն ընդգծեց․ «Հայ ժողովրդի բանական հատվածը, որն առաջնորդվում է ազգային շահի գիտակցությամբ, սեպտեմբերի 21-ին պետք է կանգնի մեր զոհված տղաների ծնողների կողքին եւ ջահերով երթ անի դեպի Եռաբլուր»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան