Նախիջևանում Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հերթական զորավարժությունը, այն անցկացվում է հունիսի 21-23-ը, այս տարի սա Ադրբեջանի կողմից իրականացվող յոթերորդ զորավարժությունն է, որն անցկացրել է կա՛մ առանձին, կա՛մ Թուրքիայի հետ համատեղ։
168.am–ի հետ զրույցում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն անդրադառնալով զորավարժություններին և առհասարակ հայ-թուրքական սահմանին տիրող իրավիճակին, նշեց.
«Այս ամենը պանթուրքական ծրագրի իրականացումն է։ Ցավոք, այս ընտրությունները որևէ լավ բան չտվեցին, եթե սահմանամերձ հատվածներում այս պարտվողական իշխանությունը բավականին քվե ստացավ, սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սա կարող է ընկալել՝ որպես հայերի հեշտ հարմարվողականություն առաջացող իրավիճակներին։ Կարծում եմ՝ թշնամու ռազմատենչ հռետորաբանությունն էլ ավելի է մեծանալու»:
Նա շեշտեց, որ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դիմելու վտանգ միշտ էլ կա, սակայն այդ ամենը կախված է նաև աշխարհաքաղաքական այլ գործընթացներից։
«Երբ համաշխարհային հանրության և տարածաշրջանի դերակատար մեծ ուժերի ուշադրությունը կլինի այլ խնդիրների վրա, վստահեցնում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ րոպե անգամ չեմ մտածի այդ ուղղությամբ, տեղնուտեղը ռազմական ճանապարհով կիրականացնեն խնդրի իրականացում։ Բայց քանի դեռ կա հայ-ռուսական դաշնակցությունը, դժվար թե լայնամասշտաբ գործողության խնդիր լինի, հատկապես այն պարագայում, երբ ներկայիս իշխանությունները հույսը չեն դնում հայկական բանակի զարգացման վրա։ Արդեն իսկ խոսակցություններ են գնում, որ Հայաստանի արևելյան հատվածը պաշտպանեն ռուսական ուժերը, ամբողջական պատկերը դեռ պարզ չէ, բայց մոտավորապես այդ սցենարով է։ Եթե այստեղ ռուս սահմանապահների կամ խաղաղապահների տեղակայում լինի, կամ հայկական զինված ուժերին փոխարինեն հայկական սահմանապահ զորքերը, կարծում եմ՝ մի փոքր այլ կլինի։ Սակայն վտանգը միշտ կլինի, քանի դեռ խնդիրը չենք կարգավորել։ Քանի Հայաստանը թույլ է, վտանգը միշտ լինելու է, թուրքն այդ տեսակն է, քանի դեռ դիմացինը թույլ է, փորձելու է առավելության հասնել, ադրբեջանցիները և թուրքերը բնիկ տերերը չեն հայկական լեռնաշխարհի, և նրանց համար բնիկ ժողովրդի դուրսմղումն օրակարգային հարց է, նրանց գերնպատակը սա է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հայտարարություններին՝ «Մեղրիի միջանցք» ստեղծելու վերաբերյալ, և այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո սպասվող վտանգներին, Արթուր Եղիազարյանն ասաց, որ արտահերթ ընտրություններում իրականում Նիկոլ Փաշինյանը հաղթանակ չի տարել, քանի որ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 50 տոկոսից պակաս մարդ, իսկ նրա ստացած ձայները դրա կեսն են։ Հետևաբար, նրա հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակ չէ։
«Ես չեմ կարող լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին, երբ նա ասում է, որ «միջանցքի» վերաբերյալ որևէ բան չեն քննարկում, միայն մեկ հանգամանք նշեմ՝ Շուշին արդեն 1-2 օր գտնվում էր ադրբեջանցիների ձեռքում, նա այն օրը, երբ ստորագրում էր այդ ստորացուցիչ համաձայնագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրում էր, թե համառ մարտերը շարունակվում են։ Այսինքն՝ նա բացահայտ ստում էր, հետևաբար՝ նա ինչ ուզում է՝ խոսի, որ նման հարցեր չեն քննարկվում և այլն, հավատալու չէ։ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը լրիվ այլ բան է ասում։ Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ բնույթի համաձայնություններ կամ գործարքներ կամ հանդիպումներ կան, բայց նրանք արդեն խոսում են այդ ճանապարհները շահագործելու մասին Սյունիքի տարածք: Բացի այդ, թշնամին չի փոխել իր այն մոտեցումները, երբ ասում է՝ «Զանգեզուրը պատմական Ադրբեջանն է», ես վստահություն չեմ կարող ունենալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած արտահայտության վերաբերյալ այս հարցում։ Այդ վտանգն առկա է, առկա է այնքանով, որ թշնամին դրա մասին բազմիցս խոսել է, և իրենց ամբողջ տնտեսական, քաղաքական, մշակութային կապը տեսնում են Սյունիքի միջոցով Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապ հաստատելով»,- եզրափակեց Արթուր Եղիազարյանը։