կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-16 16:38
Քաղաքական

Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները մեծանալու են

Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները մեծանալու են

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ: Մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Նա հիշեցրեց, որ պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։

«Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, մանկական կերերը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ: 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանային 2020 թվականի հունվարի 1-ից։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0․5-0․6 տոկոս թանկացումները չեզոքացվել են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։

Փաշինյանը հայտնեց, որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները։

«Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն»,- եզրափակեց Փաշինյանը։