կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 15:33
Քաղաքական

Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել է, ախորժակը` մեծացել

Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել է, ախորժակը` մեծացել

Թե Օբաման, Մեդվեդեւն ու մյուսները ինչ հայտարարություններ են անում Արցախյան հիմնախնդրի եւ եռանախագահների կազանյան հանդիպման մասին, թե արդյոք այդ հայտարարությունները հուսադրող են կամ ոչ, մի բան տեսանելի է` պատերազմում հաղթած կողմից պահանջում են հողեր տալ պատերազմը սկսած եւ պատերազմում պարտված կողմին:

Մինչդեռ միջազգային իրավունքի համաձայն` պատերազմ սկսելը հանցագործություն է, իսկ ո՞ւր է Ադրբեջանի պատիժը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման հարցերի փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նա նշեց, որ ի հակադրություն այն բանի, որ հայկական կողմը հայտարարում է խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու մասին, Ադրբեջանը չի հրաժարվում իր նվաճողական քաղաքականությունից: Թերեւս դրա վառ ապացույցը հենց երեկ ադրբեջանական բանակի զորահանդեսի ժամանակ Ալիեւի ելույթն էր:

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից Արցախը Ադրբեջանի մասն է եւ «հիշեցրեց», թե Հայաստանն էլ «պատմական ադրբեջանական» հողերի վրա է հիմնադրվել:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանն էլ նշեց, որ Ալիեւի ելույթը վկայությունն էր այն բանի, որ Ադրբեջանի դիրքորոշումը  փոխվել է: Նախկինում Ադրբեջանը հույս ուներ, թե իր աշխարհագրական դիրքն ու բնական պաշարները (նավթ, գազ) բավարար գործոններ են, որպեսզի միջնորդները ճնշում գործադրեն հայկական կողմի վրա` հարցը փուլային կերպով հօգուտ իրեն լուծելու համար. այսինքն` նախ ազատագրված տարածքները վերցնել, իսկ հետո արդեն նախկին ԼՂԻՄ տարածքները:

Իսկ հիմա Ադրբեջանը, տեսնելով, որ իր հույսերը չեն արդարանում, հարցի լուծումը տեսնում է ավելի կոշտ եւ արագացված քայլերի միջոցով: «Եթե առաջ Ադրբեջանը փուլային լուծում էր ուզում, այսօր, եթե նույնիսկ նրան ազատագրված տարածքները տան, ապա ամբողջն է ուզելու, նրան այդ փուլային լուծումը չի բավարարում, քանի որ մտածում է` ունի բավարար ռեսուրսներ բոլոր տարածքները պատերազմով վերցնելու համար»,- ասաց Ս. Զոլյանը:

Փաստ է, որ Ադրբեջանն այդ հողերը վերցնելու ձգտում ունի, եւ երաշքիխներ չկան, որ նրա ախորժակը որեւէ կերպ կարելի է բավարարել: Հ. Մեսրոբյանը նշեց, որ եթե, Աստված չանի, Արցախը հանձվի, ապա Ադրբեջանը այնուհետեւ կանցնի Սյունիքի նկատմամբ պահանջներ ներկայացնելուն. ինչպեսեւ նշեցինք, Ալիեւն իր ելույթում ասել էր, թե Հայաստանի Հանրապետությունը «ադրբեջանական» հողերում է ստեղծվել:

Ըստ Հ. Մեսրոբյանի` Ադրբեջանի դիրքը լրիվ տրամաբանական է, քանի որ եթե հաղթող կողմը համաձայնում է հողերի եւ ԼՂՀ կարգավիճակի հարցը սակարկել, հայտարարում է, թե պատերազմ պետք չէ, զոհի կեցվածք է ընդունում, ապա գիշատիչն ավելին է ուզում. «Գիշատչի ախորժակը ընթացքում է բացվում»:

Փորձագետը նշեց, որ չպետք է տրվել այն լավատեսությանը, թե քանի որ Ադրբեջանը վստահ չէ, թե  կհաղթի, ապա պատերազմ չի սկսի: Ադրբեջանը ռազմական ռեսուրսներ է կուտակում, եւ սովորաբար քանակը որակ էլ է ապահովում, եւ մի օր Ադրբեջանը կսկսի այդ պատերազմը:

Իսկ միջազգային հանրությո՞ւնը: Հարություն Մեսրոբյանը հիշեցրեց 1915 թվականը եւ պատմության մյուս աղետալի դեպքերը, երբ այդ հանրությունը պաշտպանում էր, բայց տեսանք, թե ինչ եղավ: Փորձագետը նշեց, որ եթե շարունակվի այս ոչ զգոն վիճակը, ապա մի օր երկրորդ Ծիծեռնակաբերդն ենք կառուցելու:  

Նա նշեց նաեւ, որ մեր իշխանությունների` զոհի հոգեբանությունը փոխանցվում է նաեւ ժողովրդին, եւ հենց դրա արդյունքն էլ այն էր, որ հասարակությունը շունչը պահած սպասում էր Կազանի հանդիպմանը` կստորագրե՞ն, ի՞նչ կստորագրեն...