կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-17 17:59
Հասարակություն

Կյանքը շարունակվում է, բոլորս էլ պարտավոր ենք ապրել ու առաջ շարժվել, որ քարտեզի վրա Հայաստան պետությունը լինի. Վահրամ Դումանյան

Կյանքը շարունակվում է, բոլորս էլ պարտավոր ենք ապրել ու առաջ շարժվել, որ քարտեզի վրա Հայաստան պետությունը լինի. Վահրամ Դումանյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին: 
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նրանք նշել են, որ հանդես են գալիս նաև մյուս մայրերի անունից ու բարձրացնում են հարցեր, որոնք հուզում են Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված բոլոր երիտասարդների ծնողներին ու ընտանիքների անդամներին:
 
Նախարար Վ. Դումանյանը լսել է անմահացած զինվորների մայրերի պատմությունները հերոս որդիների մասին, նրանց հորդորել ուժ գտնել տղաների գործը շարունակելու և նրանց դավանած արժեքները տարածելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր հնարավոր ուղղություններով:
 
«Մենք հիանալի սերունդ կորցրեցինք, ու կատարվածը պետք է մեզ մղի մտորելու, սխալներն ուղղելու և առաջ նայելու: Կյանքը, անկասկած, շարունակվում է, և դա նշանակում է ամենօրյա քրտնաջան աշխատանք ու պայքար ավելի լավ երկիր ունենալու համար»,- ընդգծել է նախարար Դումանյանը:
 
Տիկին Նազելին՝ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը, պատմել է, որ մեկուկես ամսվա ծառայող տղան արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն է պարապել ծառայակիցների հետ, սփյուռքից եկած հայորդիներին օգնել է հայերենը կատարելագործելու հարցում: 5 օտար լեզուների տիրապետող 21-ամյա Ալենը սովորելու հրավեր ուներ Բոստոնի համալսարանից, բայց դա ու մյուս երազանքները ստորադասվել են հայրենիքին ծառայելու գիտակցական որոշմանը:
 
Մայրն այսօր որդու անունով կրթական հաստատություն հիմնելու նպատակ ունի, տղայի մահվան տարելիցի օրը՝ սեպտեմբերի 30-ին, միջոցառում է կազմակերպում հերոսի հիշատակին:   
 
Վահեի մայրը՝ տիկին Կարինեն, նույնպես պատմել է որդուց, որ անտեսելով ծնկի լուրջ վնասվածքը՝ վիրակապով կրկին նետվել է առաջնագիծ. դիրքի ավագ էր, պատասխանատու իր 6 զինվորների համար: Նա անձնազոհության աստիճանի ընկերասեր է եղել, վերջին շապիկը կողքինին զիջելու պատրաստ:
 
Տիկին Կարինեի հիմնած «Հավերժ» կազմակերպությունն արդեն ունի շուրջ 200 անդամ, ովքեր զոհվածների մայրեր, կանայք ու հարազատներ են: «Բոլորի կյանքի նպատակը մեր զավակների սխրանքը սերունդներին ներկայացնելն ու նրանց գաղափարներն ու գործը շարունակելն է»,- ասել է Կ. Մուրադյանը:
Վահրամ Դումանյանը պատմել է, որ պատերազմի օրերին նույն ապրումներն իր ընտանիքն էլ է ունեցել, քանի որ որդին նույնպես ժամկետային զինծառայող է եղել ու չնայած ունեցել է ուսումնառության հիմքով տարկետման հնարավորություն, բայց գերադասել է կատարել պարտքը հայրենիքի առաջ:
 
«Կյանքը շարունակվում է, բոլորս էլ պարտավոր ենք ապրել, պայքարել ու առաջ շարժվել, որ քարտեզի վրա Հայաստան պետությունը լինի, սերունդներին մեծացնենք մեր հերոսների գործը շարունակելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարծիք հայտնելով, որ պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնելուն ուղղված քայլերը պետք է կատարվեն պետական բարձր մակարդակով ու համակարգված: