կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 17:01
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործից ազատված՝ չպատվաստված քաղաքացիները գրանցվելու են որպես գործազուրկ ու պահանջեն, որ պետությունն աշխատանք գտնի․ Մակարյան

Ընդամենը 650 հազար մարդ է աշխատում, գործատուին տուգանելով՝ հանրային առողջության խնդիր չի լուծվում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով որոշումը, որի համաձայն հոկտեմբերի 1-ից գործատուն պետք է աշխատակիցներից պահանջի պատվաստվել կամ ամիսը 2 անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան, եթե ոչ՝ թույլ չտա գործի գալ ու ազատի աշխատանքից, հակառակ դեպքում՝ իրեն կտուգանեն։

«Հարցին այսպիսի մոտեցումը մեզ նախ՝ շատ զարմացրեց, որովհետև պետական ապարատից հաճախ են լինում որոշումներ, օրենքների փոփոխություններ կամ կարգադրություններ, որոնք հիմնավորման տեսանկյունից խնդիրներ են առաջացնում։ Պետությունը, թվում է թե, հանրային առողջության խնդիր է ուզում լուծել, ու այդ հանրային առողջության հարցը լուծելու խնդիրը բերել, դրել է գործատուի ուսերին։ Բայց գործատուի միջոցով հարցը չի լուծվի․ ինչո՞ւ, որովհետև եթե մենք ունենք 1,7 միլիոն մարդ, որոնք աշխատունակ են, դրանցից, պետական ապարատը ներառյալ, աշխատում է մի 650 հազարը, որից 420 հազարը մասնավոր սեկտորում, ապա 1,1 միլիոնը դուրս է մնում ուշադրությունից: Այսինքն, այնտեղ չկա որևէ գործատու, որ գնաս՝ ՊՇՌ տեստ պահանջես, կամ ստիպես վակցինացիայի»,-ասաց նա։

Գագիկ Մակարյանը ընդգծեց, որ միայն աշխատողից ՊՇՌ թեստ պահանջելով՝ մենք հանրային առողջության խնդիր չենք լուծում:

«Եթե որևէ աշխատանքային պայմանագիր նայեք՝ կտեսնեք, որ այդ աշխատանքային պայմանագրերը նման իրավիճակներին վերաբերող կետեր չունեն։ Աշխատանքային օրենսգիրքն էլ թերի է, ավելի շատ ֆորսմաժորային վիճակներն է արտահայտում, բայց այսպիսի պարտադրական ռեժիմներ, որ՝ գործատուն աշխատանքային պայմանագրում գոյություն չունեցող կետ մտցնի, դա արդեն առաջացնելու է կոնֆլիկտ աշխատող-գործատու հարաբերությունների մեջ»,-ասաց Գործատուների հանրապետական միության նախագահը։

Գործատուն չի ցանկանա գնալ այդպիսի կոնֆլիկտի, վստահեցրեց նա, որովհետև այսօր մենք աշխատուժի այնպիսի դեֆիցիտ ունենք, գործատուները բավականին խելացի են, իրենց ձեռնարկատիրական գործունեության մեջ կարևորում են աշխատողների դերը, այնպես չէ, որ աշխատողները լցված են շուկայում ու երբ ուզենաս, ում ասենաս՝ կփոխես։

«Բավականին թրեյնինգներ են անցկացրել կամ ընտրել են, գործատուն ունի աշխատողների սակավաթիվ քանակություն, մենք ունենք բազմաթիվ գործատուներ, որոնք ուզում են աշխատատեղեր ավելացնել, բայց մասնագետ չեն գտնում։ Այնպես չէ, որ դա հեշտ է։ Հետևաբար, գործատուն չի գնա այդպիսի դաժան մեթոդների, որ պիտի անպայման ազատի»,-ասաց Գագիկ Մակարյանը։

Նա համոզված է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է արձագանքի ռիսկերի առումով, որոնք կարող են առաջանալ գործազրկությունը խթանելու, նաև ստվերային տնտեսության անցնելու առնչությամբ, որովհետև գործատուն կարող է փաստաթղթերով ազատել, բայց շարունակել աշխատեցնել, կարող է չձևակերպել, որ ՊՇՌ-ի հարց չառաջանա։

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է պատասխանատվություն զգա երկրի էկոնոմիկայի վրա այս երևույթի ազդեցության համար։

«Այստեղ պետք է միմյանց լսել, որ հասկանանք՝ որտեղ են խնդիրները, որոնք պետք է հաղթահարել․ տալ ընդամենը հրահանգ ու քաշվել մի կո՞ղմ, գործատուի մոտ սարքել հարթակ, որ ինքը պատասխա՞ն տա, տուգանվի՞։ Ենթադրենք, տուգանեցիր, տուգանողների ներկայացուցիչն ասում էր՝ 100-300 հազար դրամ, գործատուն կարող է այդ տուգանքները վճարել, բայց ո՛չ ՊՇՌ ուզի, ո՛չ էլ վակցինացիայի ստիպի, հանրային առողջության խնդիրը սրանով, միևնույն է, չի լուծվելու»,-նկատեց Գագիկ Մակարյանը։

Աշխատանքից ազատված այս քաղաքացիները, անկասկած, բեռ են դառնալու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա։

Գագիկ Մակարյանը հիշեցրեց, որ վերջերս Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարությունը քննարկեց զբաղվածության պետական ծրագրերը, որոնք վերաբերում են թե՛ Արցախից տեղահանված ընտանիքների փոխհատուցմանը, թե՛ լիքը տարբեր ծրագրին, ոորնք մոտիվացնելու են գործատուին, որ աշխատանքի վերցնի խոցելի խմբերի, հաշմանդամների կամ աշխատաշուկայում երկարաժամկետ գործազուրկ մնացած մարդկանց, և սրա համար պետությունը տալիս է գումարներ։ Ստացվում է՝ մի ձեռքով քաղաքացիների վճարած  հարկերից վերցնում է, որ ծախսի՝ զբաղվածություն խթանի, բայց մյուս ձեռքով էլ անտարբերության է մատնել, որ վաղը-մյուս օրը ստվերային տնտեսությունը գեներացնի։ Կամ էլ գործատուները պետք է աշխատողին ազատեն, նա գործազուրկ դառնա, այդ գործազուրկները գնան, հաշվառվեն, էլի պետությունից դժգոհեն, ասեն՝ ձեր որոշման պատճառով մենք դարձանք գործազուրկ, ու ասելու են պետությանը՝ դե օգնիր, որ աշխատանք գտնենք։

«Պարտվող լինելու է պետությունը, ոչ թե գործատուն, միարժեքորեն»,-եզրակացրեց Գործատուների հանրապետական միության նախագահը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․