Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ըստ այդ համաձայնագրի` մասնավորապես, նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից։
Հաջորդիվ' վերոնշյալ ժամանակավորապես գտնվելու ժամկետը հաշվարկվում է կողմերից մեկի քաղաքացու՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու օրվանից, որը հաստատվում է սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս պետության տարածք մուտք գործելու պահին կատարված նշագրումը կրող միգրացիոն քարտով կամ սահմանային հսկողության մարմինների կողմից մյուս պետության տարածք մուտք գործելու պահին անձնագրում կատարված նշագրումով:
Իսկ մի պետության քաղաքացու' 30 օրից ավելի ժամանակով մյուս պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում' այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
Մի պետության քաղաքացիները մյուս պետության տարածքում գտնվելու ընթացքում պարտավոր են պահպանել մուտքի պետության օրենսդրությունը։
Համաձայնագիրը սկսելու է ժամանակավորապես կիրարկվել ստորագրման օրվանից 30 օրը լրանալուց հետո և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը համաձայնագիրը կնքող Կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Այս համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնել՝ այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին։ Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումն ստանալու օրվանից սկսած 6 ամիսը լրանալուց հետո։