կարևոր
4549 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-06 15:50
Քաղաքական

Տեղեկություն կա, որ կարմրուկի տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող․ Արսեն Թորոսյան

Տեղեկություն կա, որ կարմրուկի տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում կարմրուկի դեմ չպատվաստված բուժաշխատողներին պատվաստվել և տուրք չտալ տարատեսակ դավադրապաշտական տեսություններին։ Թորոսյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Ինչպես Առողջապահության նախարարությունից այսօր նշեցին, կարմրուկի դեպքերը եղել են բերովի, սակայն նաև լոկալ տարածում են ստացել, ինչը շատ ցավալի է: Վաղուց նման իրավիճակ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք բերովի դեպքեր, որոնք լոկալ մնում էին և չէին տարածվում։ Հիմա փաստորեն ունենք լոկալ տարածումներ և իմ տեղեկություններով՝ այն հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին։ Նաև մի տեղեկություն կա, որ այդ տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող, ինչը ինքնին ցավալի է»,- ասաց Թորոսյանը։

Պատգամավորի խոսքով՝  բժիշկները, բուժաշխատողները, բուժքույրերը իրականում կոչված են քաղաքացիներին օգնելու դիմակայելու հիվանդություններին, բայց, ըստ Թորոսյանի՝ երբեմն նրանք ևս տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին։

«Փաստորեն ոչ միայն իրենք չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, այլ նաև ուրիշներին կոչ են անում չպատվաստվել։ Փաստացի ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ։ Այո, բարեբախտաբար, ունենք պատվաստման բարձր ցուցիչ՝ ԿԿԽ-ի ծածկույթը տատանվում է 90-ից 95 տոկոսի շրջանակներում, բայց, այնուամենայնիվ, այդ հինգ տոկոսը բավականին մեծ թվով քաղաքացիներ են։ Հետևաբար, ամեն դեպքում բոլոր չպատվաստված քաղաքացիները պետք է պատվաստվեն։ Մեր գործընկեր բժիշկներին կոչ եմ անում տուրք տալ իրենց ակադեմիական գիտելիքներին և ոչ թե տարատեսակ համացանցային նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։ Դուք պարտք ունեք փրկելու կյանքեր, այլ ոչ թե վտանգի տակ դնելու այդ կյանքերը», ընդգծեց Թորոսյանը։