Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում ժամեր շարունակ քննարկում են դատավորի ընտրությունը, բայց սա մեզ համար օրհասական խնդիր չէ։ Մենք այդպես էլ չհասկացանք՝ Իրանի հետ պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ հերթական դիվանագիտական խնդիրն ենք ստեղծել մեր հարեւան, բարեկամ երկրի հետ։ Կարո՞ղ է վաղն էլ ադրբեջանցիները մեր բեռները ստուգեն, ստիպված լինենք հարկ վճարել, կամ՝ հնարավո՞ր է վաղն այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մեր քաղաքացիներին ուղղակի ստուգեն, զննեն։ Որեւէ մեկն այս հարցերի պատասխանը չունի․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված խայտառակ իրավիճակին։
Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանի ախորժակը մեծացել է, իսկ այս իշխանությունները որեւէ քայլ չեն իրականացնում։ Գրիգորյանի հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ն ասել է, որ իրենք այս ամենի հետ որեւէ կապ չունեն։ «Արձագանքում է ճիշտ այնպես, ինչպես ամիսներ առաջ, երբ խնդրում էինք, որ անհետ կորածների եւ գերիների մասով մեզ պարզաբանումներ ներկայացնեն։ Այդ ժամանակ էլ պատասխանեցին՝ այդ հարցով որեւէ պարզաբանում չունեն։ Փաստորեն, ստացվում է, որ ՊՆ-ն գերիների եւ անհետ կորածների հետ կապ չունի, ռազմավարական նշանակության ճանապարհների անվտանգության եւ վերահսկողության հետ որեւէ առնչություն չունի, բայց այդ նույն ժամանակահատվածում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը տարբեր ռազմատենչ հայտարարություններ է անում, զենքի տարբեր տեսակների փորձարկումներ է անում, ուժեղ տղայի կարգավիճակով ինչ-որ քայլեր է իրականացնում»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ աբսուրդ է քննարկել, որ կարելի է երեք երկրների զորքերի տեղակայման վայր ճշգրտել բանավոր, ակնհայտ է, որ կա առանձին փաստաթուղթ, դա առանձին հուշագիր է, որով կարգավորվում է Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողությունը։ «Մարդն առավոտյան արթնանում է եւ չգիտի, թե իրեն ինչ է սպասվելու։ Սյունիքի բնակիչները այդ ճանապարհով երթեւեկելիս երբեւէ չէին մտածի, որ մի օր էլ կհայտնվեն շրջափակման մեջ ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ երկու շաբաթ առաջ»,- ասաց նա։
Ինչպես գիտենք, Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանական ոստիկանությունը միայն իրանական պետհամարանիշերով մեքենաների փաստաթղթերի ստուգում չէ, որ իրականացնում է, ինչպես նշված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ, վարորդներից նաեւ հարկ է գանձվում։ Երեկ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն, հղում տալով օրենքին, նշել է, որ իրենց հարկային օրենսգրքով Ադրբեջանի Հանրապետության սահմանը հատելիս պետք է համապատասխան վճար տան։ Գրիգորյանը շեշտեց՝ հայտնի չէ՝ Հայաստանի ղեկավարությունը դիվանագիտական աշխատանքներ իրականացրե՞լ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ, արդյո՞ք նախապես պայմանավորված է եղել, թե՞ ոչ։ Մենք հարցադրումներ ենք անում, բայց որեւէ պատասխան չենք ստանում։ «Ես չգիտեմ՝ այս երկրում մարդ կա՞, որ մեր հայրենակիցներին կարող է բացատրել, թե, առհասարակ, ի՞նչ է տեղի ունենում Սյունիքում, ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել, եւ ինչպիսի՞ պայմանավորվածությունների շրջանակներում է դա տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետում նշված է, որ հայկական եւ ադրբեջանական զորքերն իրենց տեղակայման վայրերը չեն փոխում, իսկ այդ ժամանակ մենք Սյունիքում բավականին լավ դիրքերում էինք գտնվում՝ Սանասարի եւ Կովսականի որոշակի հատվածներ դեռեւս մեր վերահսկողության ներքո էր, եւ ճանապարհի խնդիրներ չէին առաջանում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ անվտանգային խնդիրներն առաջացան այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց այդ երկու շրջանները տալ Ադրբեջանին։
«Առանց սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնելու աշխատանքային խմբի՝ Փաշինյանը չարաշահում է իր լիազորությունները, կատարում բանավոր սահմանազատում, որն ուղղակի անթույլատրելի է։ Ի՞նչ հիմքով ես հայկական տեղանուններին ադրբեջանական անուններ տալիս, ո՞ր քարտեզին հղում տալով ես դա ասում, եթե՝ ԽՍՀՄ քարտեզին, տարբեր քարտեզներ կան, կոնկրետ ո՞ր քարտեզին ես հղում կատարում, առհասարակ, ինչո՞ւ ենք մենք ԽՍՀՄ քարտեզներով առաջնորդվում՝ հատկապես հաշվի առնելով, որ, օրինակ, Ադրբեջանն իրեն համարում է առաջին հանրապետության իրավահաջորդը։ Այս ամբողջ տրամաբանության մեջ մեկ անհատ իրավունք չուներ բանավոր կերպով ոչ միայն հանձնելու, այլեւ սահմանազատում իրականացնելու»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան