Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման արդյունավետությամբ ոչ բոլոր քաղաքական ուժերն են շահագրգռված. այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը` անդրադառնալով ԱԺ-ում կազմակերպված` 4+4+4 ձևաչափով քննարկմանը: «Վստահ եմ, որ իշխանությունը շահագրգռված է լայն քննարկում իրականացնել, բայց վստահ չեմ, որ բոլոր քաղաքական ուժերն են այդ ամենն ուզում: Փոխարենը` ի սկզբանե անհեթեթ առաջարկներ են անում»,- ասաց նա:
Ի դեպ, Մարտիրոսյանը, անհեթեթ առաջարկ ասելով, նկատի ունի օրինակ` մատների թանաքոտումը: «Մատների թանաքոտումը կատաստրոֆիկ անհեթեթություն է, աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ բան է: Բերել Հայաստան այդ հատկությունը և մարդկանց անտեղի ստիպել, որ թանաքոտեն մատները կամ մարմնի որևէ այլ մաս, պարզապես անիմաստ է»,- ասաց պատգամավորը:
Նա բերեց ևս մեկ, ըստ նրա, անհեթեթ առաջարկի օրինակ. «Ստորագրված ցուցակների հրապարակելու տարբերակը որևէ երկրում չենք տեսնի: Եվրոպական երկրներում նման բան չկա: Ժամանակին պահանջում էին, որ մինչև ընտրությունները հրապարակվեին ցուցակները, հրապարակվեցին, բայց դա որևէ կերպ, որևէ բանի չօգնեց: Որևէ մեկը չի գնալու` ստուգի` ինքն այդ ցուցակում կա՞, թե՞ ոչ»:
Դիտարկմանը, թե աշխարհի որևէ երկրում մահացածները չեն քվեարկում, Մարտիրոսյանը պատասխանեց, որ եթե երկրում չգտնվողները հնարավորություն չունեն ստուգելու ցուցակները, «մեռելներն առավել ևս չեն գալու` ստուգեն»:
Նա նշեց նաև, որ համաձայն է այն տեսակետին, որ իշխանությունների նկատմամբ վստահության պակաս կա: «Մենք ցածր վստահության հասարակություն ենք եղել և կմնանք այդպիսին: Այդպիսին են նաև Իտալիան, Հունաստանը: Եթե մեր երկրում ընդդիմությունը անգամ ինչ-որ հրաշքով հաղթի, վստահություն չի լինի նաև նրանց նկատմամբ»,- կարծիք հայտնեց պատգամավորը: