Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը համարում է, որ Ուկրաինայում այս օրերին ծավալվող իրադարձությունները` ուղղված Մաքսային միության դեմ, չեն ազդի Հայաստանի հասարակական տրամադրությունների վրա, որովհետև Հայաստանում առկա են տարածքային անվտանգության շահեր, որով էլ պետք է առաջնորդվել: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց. «Անկեղծ ասած` դա Ուկրաինայի` իրենց երկրի, իրենց ժողովրդի խնդիրն է, թե իրենք ինչ են մտածում` Մաքսային միության հետ կապված: Իրենք մեր պես չունեն Արցախի խնդիր, իսկ մեր պետական անվտանգության շահը թույլ չի տալիս, որ մենք նման սցենարներ կրկնենք Հայաստանում»:
Արագած Ախոյանի կարծիքով`ԵՄ-ն Հայաստանին չի տվել Արցախի հարցում անվտանգության երաշխիքներ, այնինչ Ռուսաստանը տվել է:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին` նա նշեց, որ շատ մեծ ակնկալիքներ չունի նրա այցից, պարզապես ողջունում է նրան: «Արտառոց որևէ բան չեմ նկատում, կարճ ասած` բարով գա Վլադիմիր Վլադիմիրովիչը»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Պուտինի այցի մասին հնչող ծայրահեղ կոչերին, Արագած Ախոյանը նշեց. «Այդ տղամարդկանց, ովքեր խոսում են արժանապատվությունից ու տղամարդկությունից, նախ խորհուրդ կտամ ստուգել իրենց տղամարդկությունը և նոր տեղի-անտեղի կոչեր անել»:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` երկրում կան շատ չլուծված խնդիրներ, որոնք ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, բայց պետք չէ արտագաղթել, այլ պետք է մնալ ու փորձել շտկել խնդիրները: Անդրադառնալով արտագաղթին` նա կարծիք հայտնեց, որ դա միայն երկրի տնտեսական վիճակով չի պայմանավորված: «Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ մոդայիկ ապրելակերպի հետ է կապված նաև արտագաղթը: Ցավալի բան է, բայց ո՞ւմ են թողնում, գնում. պատկերացրեք` ընտանիքի հայրը նեղանա ու թողնի ընտանիքը գնա»:
Ինչ վերաբերում է հասարակական դժգոհությանը` կապված կուտակային կենսաթոշակի հետ, նա նշեց, որ կողմ չէ այդ համակարգին, որովհետև դեռ շատ տարրական խնդիրներ կան լուծելու: «Դեռ մենք «օբյազատելնին»-ն չենք արել, որ «պոկազատելնի»-ին անցնենք»,- հավելեց պատգամավորը: