|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կարինում (թուրքական անվանումը՝ Էրզրում) 1790-ականներից մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլևս չփորված տեղ չեն թողել, իսկ եկեղեցու մոտակայքում անօրինական շինարարություն է կատարվում: Այդ մասին հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Էրզրում նահանգի Ազիզիյե գավառում 1790 թ. հայերի կողմից կառուցված եկեղեցում գանձ որոնողները, հայերի ոսկիները գտնելու մոլուցքով տարված, անօրինական կերպով փոսեր են բացել: Թուրքական աղբյուրը նաև հայտնում է, թե Ազիզիյեի գավառապետարանը դիմել է գերմանաբնակ մի հայի, ում պատկանում է այդ եկեղեցին, սակայն վերջինս համաձայնություն չի տվել այն վերականգնելու վերաբերյալ, և որ տեղի բնակիչները իբրև թե պահանջում են վերանորոգել եկեղեցին ու մաքրել նրա շրջակայքը:
Այսպիսով, թուրքական իշխանությունները և նրանց ծառայող մամուլը սկսել են նման դեպքերի մեղքը բարդել հայերի վրա: Ինչպես հայտնի է, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ շրջաններում հանդիպում ենք բազմաթիվ նման իրավիճակների, երբ գանձագողերն ավերում են հայկական մշակութային արժեքները: Այս դեպքում հետևյալ հարցն է առաջանում. իսկ մի՞թե այդ եկեղեցու տեր գերմանաբնակ հայն է մեղավոր, որ թուրքական իշխանությունները չեն կարողանում պաշտպանել մշակութային արժեքները գանձ որոնողների ավերածություններից: Անհավանական չէ, որ թուրքական իշխանություններն փորձում են հայ բարերարի հաշվին վերանորոգել այս հայկական եկեղեցին և այն վերածել հերթական հասարակական շինության, որի նախադեպերը շատ են գրանցվել Թուրքիայում:
Մելինե Անումյան
Akunq.net