կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 21:11
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ. Փաստաբանը միջնորդել է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: Ակնկալում է, որ դատարանը պետք է այս հարցով անհապաղ նիստ գումարի, քանի որ պնդում է՝ կալանքն անհամատեղելի է Չարչյանի առողջական վիճակին:

Արմեն Չարչյանի առողջական խնդիրների մասին իսկզբանե գիտեին թե՛ քննիչը, թե՛ դատախազը, բայց միջնորդել էին, որ նա կալանավորվի: Այս մասին իր խոսքում նշել է Չարչյանի նախկին փաստաբան, այժմ գործընկեր Արամ Վարդեւանյանը: Օգոստոսի 24-ին էլ պատգամավորը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, որը զարգացել է քրեակատարողական հիմնարկում: Նրա մոտ ախտորոշված է նաեւ զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ: Այժմ պրոֆեսոր Չարչյանը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում Է:

Ի դեպ Դատախազությունից Երկիր Մեդիային հայտնել են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն այս պահին չունեն:
Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրողների ազատ կամքի իրացմանը խոչընդոտելու մեջ: Մեղադրանքը նրան առաջադրվեց, երբ թելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվեց ձայնագրությոան մի հատված, որում Չարչյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին հորդորում էր պարտադիր մասնակցել ընտրություններին: Եթե չմասնակցեն, ինքը կիմանա այդ մասին, ասել էր  Չարչյանը:

Հուլիսի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը դատաքննության նախապատրաստման փուլում Արմեն Չարչյանին ազատ արձակեց գրավի դիմաց: Այս որոշումը բողոքարկել էր դատախազությունը, ինչը օգոստոսի 23-ին բավարարեց վերաքննիչ դատարանը: Արմեն Չարչյանը նորից կալանավորվեց:

Սահմանադրությունը պատգամավորներին անձեռնմխելիությամբ է օժտում: Նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համար Գլխավոր դատախազը պետք է ստանա Ազգային ժողովի համաձայնությունը: Արմեն Չարչյանի դեպքում վերաքննիչ դատարանը կալանքի որոշում կայացրեց առանց սահմանադրական այս պահանջն ապահովելու:  Դատավորը որոշման մեջ պաճառաբանել է, որ Չարչյանի նկատմամբ խափանման միջոց գրավը կիրառվել էր, երբ դեռ նա ոչ թե պատգամավոր էր, այլ պատգամավորի թեկնածու:

Ոչ միայն Արմեն Չարչյանի, այլեւ պատգամավորներ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի, պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի անձեռնմխելիությունը չհաղթահարելու դրվագներով Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Քրեական դատարավարության եւ ընտրական օրենսգրքի անձեռնմխելությանը վերաբերող դրույթները:

Բարձր դատարանը 30 օր ժամանակ ունի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու համար:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։