Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Իրանը, որպես պետություն, Իսլամական հեղափոխությունից հետո բախվեց ոչ միայն տնտեսական, քաղաքական և ռազմական բարդագույն խնդիրների և մարտահրավերների, այլև այնպիսի երևույթների հետ, որոնք իրենց բովանդակությամբ աղերսվում են Իրանի դեմ համաշխարհային մակարդակով տարված ու տարվող հակաքարոզչության և աշխարհում Իրանի «վատ իմիջի» ձևավորման հետ։
Մինչ այս արված հետազոտությունները փաստում են, որ իրանաֆոբիան և դրա քարոզն աշխարհում ԱՄՆ-ի կողմից մշակված քաղաքականություն է, որը, ունենալով Իրանը վարկաբեկելու և աշխարհում այդ պետության համար վատ համբավ ձևավորելու նպատակ, հենված է հետևյալ հիմնական քարոզչական թեզերի և դրույթների վրա։
1. Իրանը ցանկանում է ստեղծել միջուկային զենք, որը համաշխարհային սպառնալիք է։
2. Իրանը հովանավորում է ահաբեկչությունը և տարատեսակ ահաբեկչական կազմակերպությունների հովանավորող երկիր է։ Այստեղ անպայման պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն են համարում նաև Իրանի Իսլամական Հանրապետությոան «Հեղափոխության պահապանների» կորպուսը։
3. Իրանում պաշտպանված չեն մարդու իրավունքները։ Այս դրույթն անմիջականորեն ազդում է դեպի Իրան զբոսաշրջության ոլորտի վրա։
4. Իրանի ռազմական արդյունաբերությունը հիմնված է հարձակողական սպառազինության արտադրության ռազմավարության վրա, որը պոտենցիալ սպառնալիք է տարածաշրջանի ցանկացած պետության համար։
5. Իրանի Իսլամական Հանրապետությունը միջամտում է այլ երկրների ներքին գործերին, հետևաբար կարող է անհրաժեշտ պահին ներքին ճգնաժամեր և խառնակություններ հրահրել տարածաշրջանի մի շարք պետությունների տարածքում։
6. Իրանի քաղաքական համակարգն իսլամական է, աստվածապետական, և այդ մոդելի արտահանումն Իրանի համար ունի ռազմավարական առաջնահերթություն։ Հետևաբար իսլամական մեծամասնություն ունեցող ցանկացած երկիր Իրանի համար սեփական մոդելի արտահանման թիրախ է։
7. Իրանը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Սրանք այն հիմնական դրույթներն ու քարոզչական թեզերն են, որոնք 1979 թվականից ի վեր աստիճանաբար, բայց հետևողականորեն օգտագործվել են ԱՄՆ-ի կողմից՝ աշխարհում Իրանը որպես «չարի առանցք» ներկայացնելու և «Իրանաֆոբիայի սինդրոմը» աշխարհի տարբեր հատվածներում և հատկապես մերձավորարևելյան Կովկաս-կասպյան տարածաշրջանում արմատավորելու համար։ Արդյունքում՝ այսօր աշխարհի մի շարք, այդ թվում՝ եվրոպական երկրներում, կա «Իրանաֆոբիայի սինդրոմ», և այս երևույթի ձևավորման հիմքում ամենուր ընկած են եղել վերոհիշյալ 7 կետերի կամ դրանցից ածանցվող ենթակետերի տարբեր տարբերակները։
Փոքր-ինչ այլ է իրավիճակն Ադրբեջանի դեպքում։ Ադրբեջանում իրանաֆոբիայի երևույթը կարծես առ այսօր չի դարձել լուրջ ուսումնասիրության առարկա այն դեպքում, որ, եթե կա այս երևույթի և մեր տարածաշրջանում դրա դրսևորումների ու առանձնահատկությունների խորքային ճանաչման ցանկություն, ապա պետք է սկսել հենց Ադրբեջանից։
Որպես ելակետ ունենալով այն դրույթը, որ ադրբեջանական ինքնությունը խարսխված է 3 հիմնական «հակա»-ների՝ հակաիրանականության, հակառուսականության և հակահայկականության վրա, կարելի է ասել, որ դրա մի դրսևորում է Ադրբեջանում հայտնի այս կարգախոսը՝ «Rus, fars, erməni – bunlar türkün düşməni» (բառացի թարգմանությամբ՝ «Ռուսը, պարսիկն ու հայը՝ նրանք են թուրքի թշնամին»: Պետք է ընդունել, որ ըստ բերված դրույթի տրամաբանության՝ Ադրբեջանում պետական և հասարակական մակարդակներում առկա է արտաքին վախի և էքզիստենցիալ սպառնալիքների ընկալման ու տարբերակման հիմնական 3 տեսակ՝ արմենաֆոբիա, ռուսաֆոբիա և իրանաֆոբիա։
Ադրբեջանում «իրանաֆոբիայի սինդրոմը» ձևավորող հիմնական գործոնների թվում կարելի է առանձնացնել 3 հիմնական շերտ՝
1. կրոնական,
2. պատմական-քաղաքական,
3. մշակութային,
4. արտաքին։
Կրոնական գործոնի դեպքում Ադրբեջանում գործում են վերը թվարկված 7 հիմնական դրույթներից 6-ը, համաձայն որոնց՝ Իրանի քաղաքական համակարգը իսլամական է, աստվածապետական, և այդ մոդելի արտահանումն Իրանի համար ունի ռազմավարական առաջնահերթություն։ Հետևաբար իսլամական մեծամասնություն ունեցող ցանկացած երկիր Իրանի համար սեփական մոդելի արտահանման թիրախ է։ Ադրբեջանն, իրեն համարելով աշխարհիկ պետություն, բայց և միաժամանակ ունենալով շիայական մեծամասնությամբ բնակչություն, հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում առաջնորդվել է այն համոզմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Ադրբեջանում իրականացնել իսլամական հեղափոխություն և այն դարձնել կառավարման իսլամական մոդելով երկիր։
Այդ մասին են վկայում վերջին 30 տարում այդ երկրում հարուցված բազմաթիվ քրեական գործերը, որոնցում Իսլամական կուսակցության և այլ կրոնական կազմակերպությունների անդամներ մեղադրվել են Իրանի գործակալներ լինելու և այդ երկրի ֆինանսավորմամբ Ադրբեջանում իսլամական հեղափոխություն իրականացնելու փորձերի մեջ։ Ասվածի ամենավերջին օրինակներից են Նարդարան ավանի և Գանձակի դեպքերը, երբ Իրանը ոչ միայն փորձագիտական և հանրային մակարդակներում մեղադրվեց Ադրբեջանում իսլամական հեղափոխություն իրականացնելու փորձերի մեջ, այլև այդ մասին բարձրաձայնեցին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության և խորհրդարանական տարբեր հանձնաժողովների անդամները։ Ի դեպ, այդ նույն մեղադրանքով է արդեն 10 տարի Գոբուստանի կալանավայրում պահվում Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամադովը։ Հենց այս խորքային վախի գոյության ուղղակի ապացույցներ են նաև Ադրբեջանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում և «Խղճի ու դավանանքի մասին» օրենքում արված տասնյակ փոփոխությունները։
1995 թվականին Ադրբեջանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքն արգելել է կրոնական և էթնիկական բովանդակություն ունեցող անվանումներով քաղաքական կազմակերպությունների մասնակցությունն այդ երկրի ընտրություններին, որի պատճառով Ադրբեջանի առաջին գումարման խորհրդարանում պատգամավորական աթոռներ ունեցող Իսլամական կուսակցությունը հետագայում և ոչ մի խորհրդարանական ընտրության չի կարողացել մասնակցել։ Նույնը վերաբերում է նաև «Խղճի ու դավանանքի մասին» օրենքում վերջին մի քանի տարիների ընթացքում արված փոփոխությունների հիման վրա արտերկրում և մասնավորապես Իրանում բարձրագույն հոգևոր կրթություն ստացած շրջանավարտների՝ ադրբեջանական մզկիթներում սպասավորության, կրոնական քայլերթերի, հասարակական վայրերում կրոնական պաստառներ փակցնելու արգելքների ներմուծմանը, շիայական մզկիթների մի մասի և հոսեյնիեների փակումը, նաև 2014 թվականին Հոմեյնիի աջակցության հիմնադրամի գործունեության արգելքն Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, թեև հաճախ իրենց ելույթներում ընդգծում են 2 ժողովուրդների պատմական և մշակութային ընդհանրությունների մասին, բայց այդ «ընդհանրություններն» իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ Ադրբեջանում իրանաֆոբիայի և նաև դրանից բխող հակաիրանականության սնուցման աղբյուր։ Այս համատեքստում կարևոր է նաև նշել ռասիստական և ատելության խոսք պարունակող այն արտահայտությունները, որոնք սովորական երևույթ են միջին վիճակագրական ադրբեջանցու բերանում՝ Իրանի մասին խոսելիս։ Դրանցից են, օրինակ՝«molla rejimi»(«մոլլա վարչակարգ»),«axund rejimi»(«ախունդ վարչակարգ»), «mollakratiya rejimi» («մոլլայապետական վարչակարգ») և այլարտահայտությունները։
Պատմական-քաղաքական գործոնն անմիջական կապ ունի պանթյուրքիզմի գաղափարախոսության և «Մեծ Ադրբեջանի» ու դրա մաս կազմող «Հարավային Ադրբեջանի» ծրագրերի հետ։ Ադրբեջանի հասարակական-քաղաքական խոսույթում կա տարածված մի թեզ, որ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից չի բխում անկախ Ադրբեջանի գոյությունը, քանի որ այն սպառնալիք է այդ երկրի կայունությանը և տարածքային ամբողջականությանը։ Բնականաբար այս դրույթի անկյունաքարը հենց այդ երկրի և Թուրքիայի կողմից առաջ մղվող «Հարավային Ադրբեջանի» ծրագիրն է, ըստ որի, եթե կա անկախ Ադրբեջան պետություն կամ «Հյուսիսային Ադրբեջան», որի վերանվանման հարցը 2011 թվականին անգամ քննարկման դրվեց այդ երկրի խորհրդարանում, ապա մի օր այդ պետությունը փորձելու է միավորել և իր մեջ ներառել նաև «Հարավային Ադրբեջանը»։ Ինչքան էլ տարօրինակ թվա, սակայն այլ պետության հանդեպ տարածքային նկրտումներն իրենց հերթին ծնունդ են տալիս մի վախի, իրանաֆոբիայի մի դրսևորման, որը բանաձևվում է հետևյալ կերպ. «Իրանը ամեն ինչ անում է և անելու է՝ անկախ Ադրբեջանն աշխարհի քարտեզից ջնջելու համար, քանի որ անկախ Ադրբեջանի գոյությունն սպառնալիք է Իրանի համար»։ Ադրբեջանում համարում են, որ 1990-ականներին Իրանը հենց այդ նպատակով է «օգնել Հայաստանին»՝ Արցախյան առաջին պատերազմում, և սա արտահայտվում է Ադրբեջանում դարձյալ խիստ կիրառական 2 արտահայտություններով՝ «fars şovinist rejimi» («պարսկական շովինիստական վարչակարգ») և «ermənipərəst İran rejimi» («իրանական հայապաշտ վարչակարգ»)։
Մշակութային գործոնի հիմքում ընկած են ինքնության փնտրտուքը և դրանից բխող մշակութային յուրացման քաղաքականությունը։ Նիզամի Գանձակեցուն, Խաղանի Շիրվանիին, Բադր Շիրվանիին, Մահասթիին և առհասարակ Առանի ու Շիրվանի պարսկախոս բոլոր բանաստեղծներին համարելով ադրբեջանցի, ադրբեջանական քարոզչամեքենան հասել է մի հետաքրքիր հանգրվանի, երբ միջին վիճակագրական ադրբեջանցին առհասարակ կասկածի տակ չի առնում այդ հեղինակների ադրբեջանցի լինելը և հայտնվում է մեկ այլ վախի մեջ՝ լսելով կամ կարդալով այդ հեղինակների իրանցի լինելու մասին։ Տեղի է ունենում տրամագծորեն հակառակ մի գործընթաց. մշակութային յուրացման սեփական քաղաքականությունը վերագրվում է հենց յուրացման զոհին, և հանրությունը ներքաշվում է իրանաֆոբիայի մեկ այլ հարթություն՝ համարելով, որ Իրանը փորձում է խլել իրենց մշակութային ժառանգությունը։
Արտաքին գործոնի հիմքում ընկած են Իրան-Հայաստան և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները։ Առաջինի դեպքում կա վախ, որ Իրանը համագործակցում է Հայաստանի հետ՝ Ադրբեջանին թուլացնելու կամ, վերջին հաշվով, քարտեզից ջնջելու համար, իսկ երկրորդի դեպքում հասարակության շրջանում կա խորքային վախ, որ Իրանը կարող է պատժել Ադրբեջանին՝ Իսրայելի հետ համագործակցելու համար։ Սա հաստատող բազմաթիվ ելույթներ և նյութեր կան, որոնք, ասելիքը չերկարացնելու համար, թվարկել չեմ կարող:
Ամփոփելով՝ Ադրբեջանում «Իրանաֆոբիայի սինդրոմն» ունի յուրահատուկ դրսևորումներ։ Կարելի է առանձնացնել ադրբեջանական իրանաֆոբիան ձևավորող 4 հիմնական բաղադրիչ՝ կրոնական, պատմական-քաղաքական, մշակութային և արտաքին, որոնցից միայն առաջինն է ընդհանուր համաշխարհային իրանաֆոբիայի 7 դրույթներից մեկի հետ։ Մնացածի դեպքերում առկա են տեղական (լոկալ) առանձնահատկություններ, որոնք իրանաֆոբիայի պրիզմայով խորքային ուսումնասիրության դեռևս ենթարկված չեն։
Արտյոմ Տոնոյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից
«Դրօշակ», թիվ 7 (1653), հուլիս, 2021 թ.