կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 14:42
Քաղաքական

Հանրահավաքում հնչած հայտարարությունները ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսեւորումների ռիսկեր. գլխավոր դատախազություն

Հանրահավաքում հնչած հայտարարությունները ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսեւորումների ռիսկեր. գլխավոր դատախազություն

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների եւ ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Վերջինիս վկայությունն են Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք եւ ռազմաթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։

Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաեւ 2020թ դեկտեմբերի 5-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսեւորումների ռիսկեր եւ դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում նաեւ զանգվածային հավաքներին մասնակցող,  կյանքի եւ առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ:      

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ ՀՀ ոստիկանության պետին՝ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաեւ հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու եւ բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ, կրկին ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ վերոնշյալ հանցավոր հնարավոր դրեւորումներից, բռնություններով կամ բռնության գործադրման կոչերով զուգորդվող գործողությունների դիմելուց կամ դրանցում ներգրավվելուց: Հակառակ դեպքում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձինք օրենքի ողջ խստությայմբ կենթարկվեն քրեական պատասխանատվության»: