կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-16 15:59
Իրավական

Երբեմն մենք վկան ենք դառնում ոստիկանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումների. Սերժ Սարգսյան

Երբեմն մենք վկան ենք դառնում ոստիկանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումների. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության Նախագահը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին: Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացել են ՀՀ պետական պարգևների, շնորհվել են նաև բարձրագույն կոչումներ:Սերժ Սարգսյանը հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է պետական պարգևները, շնորհավորել և նոր հաջողություններ մաղթել պարգևատրվածներին:


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

 

Հարգելի՛ ոստիկաններ,

Ինչպես հիշում եք, այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամենաինտենսիվ փուլի հետ և հասկանալի պատճառներով` առաջին հերթին ձեր բոլորի գերծանրաբեռնվածության պատճառով, հնարավոր չեղավ հավուր պատշաճի նշել այս տոնը:

Ուստի, այսօր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ձեր ծառայությունն առանձնահատուկ է և դժվարին: Դուք իսկապես բարդ, բայց նաև շնորհակալ և պատվաբեր աշխատանք եք կատարում: Միաժամանակ պետք է խոստովանել, որ մեր հասարակության մեջ, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, ոստիկանների գործողությունների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբեմն մենք վկան ենք դառնում ոստիկանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումների: Սա բխում է ձեր առաքելության յուրահատկությունից, որին պետք է հակադրեք ձեր սառնասրտությունը, համբերությունը և մասնագիտական բարձր որակները:

Ձեր ծառայությունը բարդ է նաև մեկ այլ պատճառով: Ոստիկանական համակարգը մշտապես գտնվում է բարեփոխումների գործընթացի մեջ, որն իր հերթին նոր խնդիրներ է հարուցում և, անշուշտ, նոր լուծումների անհրաժեշտություն կա: Այդ բարեփոխումները դրական արդյունքներ են տալիս և այսօր, իրոք, այդ արդյունքները երևում են: Ես հավատում եմ, որ դրանք վաղն ավելի տեսանելի են լինելու:
Բոլորիդ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեծամասշտաբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման փուլերում ձեր կատարած հսկայական և շատ կարևոր աշխատանքի համար, տեսանելի, բայց շատ հաճախ նաև ոչ տեսանելի աշխատանքի համար: Կեցցե՛ք բոլորդ: Շատ շնորհակալ եմ:

Հարգելի՛ ոստիկաններ,

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում, հաջողություններ ձեր պատասխանատու աշխատանքում, ձեր ընտանիքներին՝ հաջողություն, բարեկեցություն և խաղաղություն: Համոզված եմ, որ ձեր նվիրվածությունը գործին, սկզբունքայնությունը և արհեստավարժությունը ոչ միայն շարունակելու են բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեղինակությունը և օրինապահության մակարդակը մեր երկրում, այլ նաև դառնալու են ժողովրդավարական պետության ու ազատ հասարակության կարևոր բաղկացուցիչներ:

Բոլոր այս հարցերի մասին մենք դեռևս մանրամասն կխոսենք: Ես ծրագրում եմ աշնանը նորից հյուրընկալվել ձեզ, բայց այդ անգամ մենք արդեն աշխատանքային քննարկումներ ենք ունենալու, որտեղ խոսելու ենք այն մասին, թե ուր է հասել ոստիկանությունը իր բարեփոխումների ճանապարհին և ինչ արդյունավետությամբ է շարունակելու բարեփոխումները: