կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 11:00
Աշխարհ

Տաջիկստանը, ի տարբերություն Հայաստանի, օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ

Տաջիկստանը, ի տարբերություն Հայաստանի, օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ

Տաջիկստանի իշխանությունները ՀԱՊԿ անդամ երկրներից օգնություն են խնդրել Աֆղանստանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, որն առաջացել է տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթոնովին:

Նրա խոսքով՝ երկու երկրների սահմանը դժվարամատչելի լեռնային տարածք է, և երկրի ղեկավարության համար դժվար է վերահսկել այն միայնակ ներկայիս պայմաններում:

Խոսքը սահմանապահ զորքերի առճակատման մասին է «Թալիբան» արմատական շարժման  շարժման զինյալների հետ, որոնք, երբ ԱՄՆ զորակազմը դուրս բերվեց, սկսեցին ավելի ու ավելի հարձակումներ իրականացնել դեպի հարևան երկրներ: Ըստ մշտական ներկայացուցչի՝ այս իրավիճակը ստիպում է հանրապետությանը` դիմել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի 2013 թ. որոշմանը տաջիկա-աֆղանական սահմանը ամրապնդելու մասին։

«Մենք կցանկանայինք կազմակերպության անդամ երկրներին կոչ անել նպաստել այս փաստաթղթի լիարժեք իրականացմանը»,- ասել է Սուլթոնովը:

Նա շեշտել է, որ այժմ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է ուժեղացնեն «հարավային սահմանները» պաշտպանելու՝ իրենց ներուժը և «համարժեք պատասխան տան» ծագած սպառնալիքին:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի պաշտոնական դուրսբերումը աֆղանական տարածքներից սկսվել է մայիսի 1-ից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը ամբողջությամբ կհեռանան Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը: Նրա կարծիքով՝ այլ երկրների ռազմական ուժերը չեն կարող ո՛չ ստեղծել, ո՛չ էլ աջակցել տեղական կառավարությանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արմատականները վերահսկողություն են հաստատել աֆղանա-տաջիկական սահմանի մոտ 70 տոկոսի վրա: Աֆղանստանի կառավարական զորքերի ռազմական անձնակազմի մի մասը ստիպված էր եղել նահանջել հարևան երկրի տարածք: Տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ Տաջիկստանը հայտարարեց բանակի մոբիլիզացման մասին:

Նշենք, որ, ի տարբերություն Տաջիկստանի, Հայաստանը դիմել էր ոչ թե սահմանների ամրապդնման խնդրանքով, այլ խորհրդատվության։