Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորեւ ներկայացնում ենք Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի հարցազրոյցը Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:
Հ.- Հայաստանում ինչո՞ւ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները:
Պ.- Արցախեան վերջին պատերազմից խայտառակ, ապաշնորհ եւ անփառունակ արդիւնքով դուրս գալուց մինչեւ յունիսի 20-ի կատարւած խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ յատկապէս Սփիւռքում ապրեց յոյսի, վառ ապագայի բարձր տրամադրութեամբ, որովհետեւ հաւատացած էր, որ պատերազմում պարտւած եւ իր հետեւում աւելի քան 5000 նահատակների, շուրջ 4000 վիրաւորների, անդամահատւածների, անհետ կորածների եւ դեռեւս գերութեան մէջ գտնւող գերիների դառն իրականութեան ի տես, ժողովուրդը զգաստութեան եւ զգօնութեան բնական զգացումներով, ապրումներով առաջնորդւած պիտի աշխատէր պարտւած ղեկավարից եւ իր թիմից ձերբազատւել։ Սակայն այդպէս չեղաւ, ընդհակառակը․ պարտւածը «յաղթական» դուրս եկաւ խորհրդարանական ընտրութիւններից։ Հայութեան կարեւոր մի մասը, գիտակից երիտասարդութիւնն ու պայքարունակ ժողովուրդը յուսախաբութեան եւ յուսաբեկութեան նոր ալիքով պարուրւեց։ Ի՞նչն է այս «ողբերգութեան» պատճառը:
Հ.-Ի՞նչպէս էք գնահատում նախկին տարիներում տեղի ունեցած ընտրութիւնները:
Պ.- Ծուռ նստե՛նք, շիտակ խօսենք։ Վերջին 30 տարիներում տեղի ունեցած թէ՛ նախագահական, թէ՛ խորհրդարանական ընտրութիւններից ոչ մէկը չի եղել արդար եւ ազատ։ 2018-ին կատարւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները խորքի մէջ ամբոխավարութեամբ բնորոշւած ընտրութիւններ եղան եւ ոչ մի ձեւով ազատ ու անկախ եւ արդար չէին, ինչպէս յայտարարում էր յաղթական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը։ Լեւոն Տէր-Պետրոսեանի նախագահական երկրորդ շրջանի ընտրութիւնը հակառակ կեղծիքի, կաշառքի, բռնութեան մթնոլորտում տեղի ունեցած, այդ օրերին յաղթած ընդդիմադիր թեկնածու Վազգէն Մանուկեանը տնից տուն էր տեղափոխւում խոյս տալով նրան հետապնդող այսպէս ասած, յաղթած թեկնածուից՝ Լեւոն Տէր-Պետրոսեանից։ Այնուհետեւ Հայաստանում կատարւած բոլոր ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրութիւնները բնորոշւեցին կեղծիքով, կաշառքով, բռնութեամբ, իշխող ուժի յայտնի եւ անյայտ բռնամիջոցներով։ Յունիսի 20-ին եւս կատարւած արտախորհրդարանական ընտրութիւնները տարբեր չեղան իրենց նախորդներից։ Բանակայինների, ոստիկանների, դպրոցների ուսուցիչների եւ տնօրէնների, ու պետական պաշտօնէութեան ընտրութիւններին առաջնորդելը, ուրիշ բան չէ եթէ ոչ նրանց ուղղորդել տիրող իշխանութեանը քւէարկելու։ Աւելին սպառնող արտայայտութիւններով, մուրճը ձեռքին պրն. Փաշինեանը սպառնում էր իր օգտին չքւէարկողներին։ Անցեալ երեսուն տարիների նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները վկայում են այն մասին, որ ժողովուրդը հոգեբանօրէն տարւած է իր քւէն տալու իշխանութիւնը իր ձեռքում պահած ղեկավարին եւ իր ներկայացրած ցանկին։
Սա Հայաստանի դէպքում բացայայտ իրողութիւն է, սա նաեւ Խորհրդային Միութիւնից ժառանգութիւն մնացած իրավիճակ է, որն իր արմատներն է թողել ժողովրդի մէջ, եւ այդ վիճակով պայմանաւորւած ժողովուրդը իր քւէն տւեց Փաշինեանին ու իր թիմին եւ ոչ թէ անպայմանօրէն համոզւած էր, որ Փաշինեանը արդար է:
Հ.- Հայաստանի եւ Արցախի, ինչու ոչ Սփիւռքի ժողովուրդը պատերազմից յետոյ յուսալքութիւն են ապրում։ Որպէս հոգեւոր հայր ինչ պատգամ ունէք փոխանցելու հայ ժողովրդին։
Պ.- Այս երեւոյթը մեզ յուսախաբութեան եւ յուսալքումի չպիտի առաջնորդի: Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ մենք յաճախ ենք նման դառն իրականութիւնների առջեւ կանգնել, պարտւել ենք, հող ենք կորցրել. բայց չենք յուսահատւել եւ չենք լքել մեր Հայրենիքը, եթէ դա բռնի պարտադրւած չլինէր։ Պայմանները կարող է պատահել, որ դառն լինեն, բայց դա պատճառ չէ, որ մենք ուղղակիօրէն յանձնատու լինենք այդ պայմաններին։ Ես հաւատացած եմ, որ այս դժւարութիւնները ժամանակաւոր են։ Մեր ժողովուրդը պիտի սթափւի ի վերջոյ: Այսպէս չպիտի մնայ, եւ դրա համար մենք պէտք է ամէն ինչ անենք վերադասաւորենք մեր կեանքը, մեր գաղափարական աշխարհը եւ նաեւ մեր վերաբերմունքը այսօրւայ Հայաստանում ապրող մեր ժողովրդի նկատմամբ: Դժբախտաբար, Հայաստանում ապրող մեր հայրնակիցների մի մասը, տայ Աստւած, որ սխալւենք, բայց երեւի այն զգացումները, ապրումները որ արտասահմանցի հայը ունի, նրանք չունեն։ Եւ իրենց համար թերեւս արդար է, որովհետեւ նրանք ապրում են հայրենի հողի վրայ եւ դրա համար դժւարութիւն չունեն մեր նման, որ ամէն վայրկեան «ա՜խ Հայրենիք» ասելով ապրում ենք մեր կեանքը։ Անշուշտ դժւարին է ու ծանր վերոյիշեալ հաստատումը, սակայն իրատես եւ առարկայական քննարկմամբ տեսնում ենք որ սա է իրականութիւնը: Այլապէս ինչպէս բացատրել Արցախի մեծ մասին կորստի, ՀՀ սահմաններից ներս մտած ադրբեջանցի զինւորների ներկայութեան ու Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների ամբարտաւան յայտարարութիւնների ու վիրաւորանքների նկատմամբ տիրող անտարբերութիւնը:
Եւ վերջապէս տւեալները ցոյց են տալիս, որ ՀՀ բնակչութեան քւէարկութեան իրաւունք ունեցող մասնակիցների կէսն է միայն մասնակցել ընտրութիւններին, այդ կէսի մօտաւորապէս 54 տոկոսը իր քւէն տւել է Փաշինեանին, ինչը ցոյց է տալիս, որ նա Հայաստանի բնակչութեան 25 տոկոսի կողմից է ընտրւել։ Կեանքը յարատեւ փոփոխութիւնների ենթակւող շարունակական իրականութիւն է։ Մարդը կոչւած է իր կեանքում դիմագրաււած փոփոխութիւնները վերադասաւորելով նորոգել իր աշխարհը եւ ըստ այնմ ապրել ու գործել։ Աւելին կեանքը փոփոխութիւնների մի անբողջութիւն է եւ իւրաքանչիւր փոփոխութիւն մարդու մի նոր մարտահրաւէրի առաջ է դնում: Հետեւաբար, հարկ է վերանորոգ հաւատքով եւ տեսիլքով, վճռակամութեամբ ու հայրենի հողին վերատիրանալու հաստատակամութեամբ պայքարը շարունակել միշտ տեսիլքով ամբողջական Հայրենիքի եւ ամբողջական ժողովրդի առանց սեւի ու սպիտակ խտրութեան, ընդհակառակ սիրոյ, փոխադարձ յարգանքի, համերաշխութեան եւ համագործակցութեան խաղաղաբոյր մթնոլորտի մէջ:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
26.6.2021
tehranprelacy.com