կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 13:11
Հասարակություն

Մտորումներ ապրիլ 24-ի առթիվ. Մարտիրոս Սարյան

Մտորումներ ապրիլ 24-ի առթիվ. Մարտիրոս Սարյան

Yerkir.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի` 1965 թվականի Բ-Դ համարում տպագրված` աշխարհահռչակ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի հոդվածը` նվիրված Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին: 

Վաղարշապա՜ տ, Մայր Տաճար... Վանքի պատերի տակ սովից ու համաճարակից մա­հացող գաղթականներ...

Ես հայ էի և ավելի հայ էի դառնում, քան էի։ Իմ ժողովրդի վշտոտ ճակատագիրը իմ միջից հանել էր ամեն ինչ։ Այն ժամանակ ես ինձ նկարիչ չէի զգում, իմ մեջ միայն հայն էր խոսում, անարդար, անխիղճ աշխարհի դեմ զայրացած, բայց վրեժխնդիր լինելու անընդունակ հայը։

Ես ծնվել եմ իմ հայրենիքից հեռու, Նոր Նախիջևանում։ Իմ հայրը, իմ պապը նույնպես ծնվել են օտարության մեջ։ Բայց այն ժամանակ, երբ կանգնել էի իմ ժողովրդի դժբախտության դեմ հանդիման, ինձ թվում էր, թե երբեք ու երբեք ոչ մի ժամով չեմ բացակայել իմ հայրենիքից, որ գաղթականների հետ գաղթել, կոտորվողների հետ կոտորվել, մեռնողների հետ մեռել և ապրողների հետ ապրել եմ նաև ես։

Այդ ժամանակ էր, որ իմ մեջ ծնվեց և ողջ կյանքիս ընթացքում ուղեկցեց այն զգացու­մը, որ ես հազար-հազար տարեկան եմ, իմ ժողովրդի տարիքին, և կռվել ու զոհվել եմ Ավարայրի ճակատամարտում, մասնակցել եմ Զեյթունի հերոսական պաշտպանությա­նը, կոտորվել եմ ու նորից հարատևել։

Հիմա, երբ հիշում եմ այդ ծանր տարինե­րը, սովից կմախքացած երեխաներին, կանանց ու ծերերին, մի բան անջնջելի և ուժե­ղացող պարզությամբ հառնում է իմ հիշողու­թյան մեջ։ Այն տարիներին ոչ գարունն էր գարուն, և ոչ էլ մարդիկ էին մարդիկ։ Ամեն ինչ փոխվել էր, միայն մի բան էր անփոփոխ մնացել` հայի աչքերը, թախծախառն, բարի աչքերը, որոնք կարծես ավելի էին մեծացել, ավելի էին խորացել, վշտով լցվել ու բարիա­ցել, այո՛, այո՛, բարիացել։ Պատահաբար չէ, որ այսպես եմ ասում։ Իմ ժողովուրդը տա­ռապանքից առավել մարդկայնանում, ազնվանում և հարստանում է։ Դա զարմանալի հատկություն է, և ես հիմա էլ հաճախ մտա­ծում եմ այդ մասին ու ասում ինքս ինձ. «Քո ժողովրդի ճակատագիրը այդպիսին է և հենց դրանով է պայմանավորված նրա ուժը»։

Այո՛, մենք գիտենք տառապանքը իմաս­տության, բարության վերափոխելու գաղտնիքը։ Մեր ժողովուրդը կարողացավ իր ար­ցունքների կաթիլների մեջ շատ ու շատ արև­ներ անդրադարձնել։

Ահա տեսնում եք, ես էլ իմ ժողովրդի զա­վակն եմ, կոտորածը հիշելու պահին, ընկճվելու փոխարեն փորձում եմ փիլիսոփայել։ Եվ ինչո՛ւ չփիլիսոփայեմ, երբ այդ ընդունակությամբ է հաստատել իմ ժողովուրդը իր գոյությունը, ահա քառասուն և ավելի տարիներ, տիրացել իր հողին, իր ազատու­թյան և պետականության։ Եվ եթե երեկ արևի ճառագայթներն էին միայն անդրադարձվում նրա արցունքների կաթիլների մեջ, ապա այ­սօր մի ամբողջ արև է շողշողում իր գլխի վերև։

1915 թվականն էր։ Ես Վաղարշապատ էի եկել։ Հիշում եմ, փորձում էի ամեն ինչով օգնել իմ տառապյալ ժողովյպին, Մայր Տա­ճարի պատերի տակ սովից ու համաճարակից մեռնող մայրերին, երեխաներին, ծերե­րին։ Ես այդ տարիներին ոչինչ չնկարեցի և հետո նույնպես։ Իսկ ո՞վ կարող է իր սեփա­կան որդու մահը նկարել...

Օտարականներից մեկը մի անգամ ինձ հարցրեց, թե ինչո՛ւ մինչև հիմա հայերը իրենց մեծ եղեռնը գրական և կամ նկարչական մեծ կտավով չեն պատկերել։ Դժվար էր նրան բացատրել...

Ես, իհարկե, այդ մեր մեծ վիշտը նկարել եմ, այո՛, այո՛, նկարել եմ, որովհետև հայե­րի աչքեր եմ նկարել, իսկ ամեն մի հայի աչ­քի մեջ մեր դարավոր վշտի կուտակումը, խտացումը կա և այն արցունքը, որի կաթիլի մեջ շատ ու շատ արևներ են անդրադարձ­վում:

Ու հիմա, հինգ տասնամյակ տարի հետո, երբ իմ ժողովուրդը պատրաստվում է նշելու մեծ եղեռնի հիսնամյա տարելիցը, ես ուզում եմ իմ խոսքն ուղղել ողջ աշխարհին:

Ոտքի վրա է, ապրում է և ստեղծագոր­ծում իմ ժողովուրդն այսօր։ Ցեղասպանու­թյուն կոչված բոլոր մութ ուժերը պատմու­թյան գիրկն անցան։ Ժողովուրդր հարատևեց, բայց հարատևեց և վիշտը։ Եվ որպեսզի այլևս որևէ ժողովուրդ զոհ չգնա ցեղասպանու­թյունների և մարդկության դեմ նոր, ահա­վոր հանցագործություններ չկատարվեն, պետք է հավաքական անդուլ աշխատանքով, միասնական պայքարով ու վճռականությամբ շղթայել ազգերի միջև չարիք և ատելություն սերմանել փորձող բոլոր մութ ուժերին և ճշմարիտ եղբայրություն, խաղաղություն հաստատել բոլոր ժողովուրդների միջև։

Այս հույսը, այս հավատն է, որ իմ մեջ ապրում է այսօր, իմ ժողովրդի մեծ եղեռնի հիսնամյա տարելիցի նախօրյակին: