կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-15 14:59
Քաղաքական

Ապագային միտված խոհափիլիոսոփայական մտորումներ

Ապագային միտված խոհափիլիոսոփայական մտորումներ

Գուցե նախագահի ելույթում եղել են լեզվաբանական խութեր, բայց դա ճառը գրողների խնդիրն է, դրանից ելույթի էությունը չի փոխվում, որովհետև դա ուղերձ էր հանրությանը, այլ ոչ՝ կուսակցությանը. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Ելույթում հստակ ասվում է, որ ունենք ընթացիկ կառավարման խնդիրներ և պետք չէ դրանք դնել մի կողմ: Ելույթն ինձ վրա թողեց մեծ տպավորություն, որովհետև դրանում ճշմարտությունն է գրված, մյուս կողմից` ելույթում կային ապագային միտված խոհափիլիոսոփայական մտորումներ, որոնք, ցավոք, ոչ միշտ է, որ համընկնում են այսօրվա իրականության հետ: Ամեն դեպքում` ելույթում նաև ուղիներ են նշվում, թե ինչպես պետք է հասնել բարվոք վիճակի»,- ասաց պատգամավորը:

Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթում ավելի շատ խոսվում է քաղաքական, կուսակցական համակարգի կայունության մասին, Մանվել Բադեյանը շատ տրամաբանական է համարում, որովհետև սահմանադրական փոփոխություններից հետո համակարգ է փոխվում, և այդ անցումային փուլում շատ կարևոր է կայունությունը: «Նոր համակարգի անցնելը կայունություն է պահանջում, որովհետև ամենադժվար բանը կառավարման համակարգ փոխելն է, ու այդտեղ կայունություն ապահովելը դժվար է»,- կարծում է նա:

Այն հարցին, թե ինչո՞ւ ելույթում հատուկ շեշտադրվեց ԱԳՆ-ի դերը ներդրումներ բերելու գործում, այն դեպքում, երբ դա ԱԳՆ գործառույթը չէ, ՀՀԿ-ական պատասխանեց, որ զարգացած երկրների ԱԳՆ-ներն ունեն, այսպես կոչված, «էկոնոմ ատաշեներ կամ առևտրային ատաշեներ», ուստի կարևոր է ակտիվացնել ԱԳՆ-ի աշխատանքները տնտեսական քաղաքականության զարգացման ուղղությամբ:

Հարցին, թե ինչո՞ւ այդ օրը չհայտարարվեց ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին, ՀՀԿ-ականը պատասխանեց, որ ինքը գուշակ չէ, չի կարող գուշակել, և որ բանակցող կողմ չէ: