Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչո՞ւ են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ ԱԺ արտահերթ ընտրություններին: Ընդ որում` երկուսն էլ համարում են, որ նախագահական ընտրությունները որևէ աղերս չունեն ԱԺ ընտրությունների հետ: Իսկ որո՞նք են շարժառիթները՝ ԱԺ ընտրություններից խուսափելու: Կարո՞ղ են, արդյոք, դրանք էլ նույնը լինել:
ՀՀԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ է: Նախագահն իրենցն է, իրենցը կլինի նաև նոր կազմավորվելիք կառավարությունը, իսկ ԱԺ-ն էլ իրենցն է ու իրենցը: Այնտեղ ի՞նչ է մնում, մի քանի սուտուփուչ բան, որ սիրահոժար կզիջեն ցանկացողներին՝ որպես բարի կամքի արտահայտություն: Տիգրան Սարգսյանն էլ մի առիթով լրագրողներին ասաց ՝ շատ չմնաց, հինգ տարի, համբերեք: Ահա և ամեն ինչ ասված է: Պարզապես պետք է համակերպվել այն մտքի հետ, որ երկրում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:
ԲՀԿ-ն, որ նույնպես պնդում է ԱԺ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարությունը, պիտի որ լուրջ շարժառիթներ ունենա: Բայց այդպիսիք, բացի այն, որ այս կուսակցությունն իր մեծությամբ երկրորդն է ներկա ԱԺ-ում, չկան, կարծես: Իսկ եթե կան, և ԲՀԿ-ն չի բարձրաձայնում այդ մասին, ուրեմն վատ է: ԲՀԿ-ն, կարծում ենք, տեսնում է, որ, կրկնելով ՀՀԿ-ի տեսակետը, ըստ էության, նպաստում է Տիգրան Սարգսյանի հորդորին՝ զինվել համբերությամբ և էլի մի հինգ տարի շարունակել այս ընթացքը, որն, ի դեպ, հենց ինքը՝ ԲՀԿ-ն է քննադատում՝ արտագաղթ, տնտեսության քայքայում, կենսամակարդակի անկում, կոռուպցիա... Իսկ գուցե այլընտրանք՝ նշանակում է չընդունել իշխանությունների գիծը, բայց պայքարել այդ գծի համա՞ր: Սա կարո՞ղ է որևէ բացատրություն ունենալ: Եթե ԲՀԿ-ն լիներ իշխանության մեջ, ինչպես ՕԵԿ-ը, դեռ կարելի էր հասկանալ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման աննպատակահարմարության մասին նրա տեսակետը: Իսկ ԲՀԿ-ի այս կարգավիճակում մնում է պնդել, որ վախենում են նոր խորհրդարանում կորցնել կշիռը:
ՀՀԿ-ն նույնպես վախենում է դրանից: Վերջին նախագահական ընտրությունները շատերի աչքերն են բացել: Պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե մանավանդ այդ ընտրությունները տեղի ունենան ժողովրդական այս ալիքին ի պահանջ: Բայց մյուս կողմից էլ՝ տեսնում ենք, որ նոր խորհրդարան ունենալով է միայն հնարավոր թե' ԲՀԿ-ի և թե' վերջին նախագահական ընտրություններում ՀՀԿ ներկայացրած ծրագրերի իրականացումը: Վերջին հաշվով՝ ի՞նչ է ապահով Հայաստանը, եթե ոչ մեկ կուսակցության իշխանությունից կամ արատավոր համակարգից զերծ Հայաստան:
ՀՀԿ-ն ասում է՝ խնդրեմ, կոալիցիայի դռները բաց են, կառավարությունում էլ պաշտոններ կտանք, եկեք, աշխատենք: Այսինքն՝ դարձյալ ձևական կոալիցիայի երգն են երգում: Թող ԲՀԿ-ն էլ մտնի կոալիցիա, Րաֆֆին էլ թող միանա: Հետո՞: Ի՞նչ է փոխվելու դրանից, եթե Գալուստ Սահակյանի ֆրակցիան որոշել է, որ մածունը սև է, եթե Գալուստ Սահակյանին, մինչև Տիգրան Սարգսյանի խորհրդարան գալն ասում են, թե ողջ բիոմասսայով որ կոճակը սեղմեն:
Ընդդիմությունն այսօր պահանջում է նաև վերահսկողական ֆունկցիաներ վերապահել իրեն: Ո'չ ՀՀԿ-ն և ո'չ էլ ԲՀԿ-ն տեսակետ չեն հնչեցնում այլևս՝ համաձա՞յն են: Մեր կարծիքով՝ այս հարցում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նույն կերպ են մտածելու: Դրանից շահ չունի թե' մեկը և թե' մյուսը: ՀՀԿ-ն՝ այն պատճառով, որ իրեն են ստուգելու, իսկ ԲՀԿ-ն էլ՝ որովհետև ինքը ընդդիմություն չի և, բացի այդ, առայժմ ղեկավարում է ամենաազդեցիկ վերահսկողական մարմինը, որի աշխատանքները, մեղմ ասած, հեռու են վերահսկողական լինելուց: Քիչ չեն նաև վերահսկողության ենթակա ԲՀԿ-ական բիզնեսները, ինչը նույնպես լուրջ պատճառ է՝ ընդդիմության շանսերն այս ոլորտում զրոյական թողնելու համար:
Երևանի ավագանու ընտրությունները լավ առիթ են այս և նման հարցերի պատասխանները տալու համար: Ընդդիմությունը բացառիկ հնարավորություն ունի ԱԺ այսօրվա մեծամասնությանը Երևանի ավագանու կազմում փոքրամասնություն դարձնելու և ստանձնելու քաղաքապետի պաշտոնը: Այս ամենը մենք չենք ասում այն իմաստով, որ պետք է շտապ համակերպվել նախագահական ընտրությունների արդյունքների հետ ու ամեն ինչ սկսել մաքուր էջից: Ընդհակառակը: Մեր կարծիքով՝ ինքնակազմակերպված ժողովրդին պետք է տանել Երևանի ընտրություններին ամենաբարձր ալիքի վրա: Բոլորին էլ հասկանալի է, որ ժողովուրդը հաղթել է, բայց կարիք չկա այդ հաղթանակը խուրդել սուտ բաների վրա ու չձգել նույնիսկ մինչև Երևանի ընտրություններ: Ուստի ինքնակազմակերպման խնդիր ունեն նաև այդ ալիքի վրա հարթակ բարձրացած ուժերը, որոնցից մի քանիսի մասին վերջերս ասում էին, որ մինչև փետրվարի 19-ը նման բան երազել անգամ չէին կարող: Վերջիններիս՝ միասնաբար հանդես գալը շատ բան կարող է փոխել Հայաստանի քաղաքական կյանքում: Ամենաքիչը կարելի կլինի հստակություն մտցնել այդ դաշտում ու հասկանալ, թե ով է իրականում նպաստել ժողովրդի այս հաղթանակին: Իսկ դա կարևոր է: Կարևոր է նաև այն առումով, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություններում ֆավորիտների տեղերը կսկսեն փոխվել հօգուտ ընդդիմության թեկնածուների:
Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ընդունում իր քաղաքապետերի հրաժարականները: Այո, ՀՀԿ-ն վստահ չէ, որ նոր ընտրություններում կհաղթի: Ինչո՞ւ հրաժարականի մասին ծպտուն չհանեց Գյումրու փառապանծը, ով ուղղակի խայտառակ պարտություն արձանագրեց: Պատասխանը դարձյալ նույնն է՝ Սերժ Սարգսյանի հովանավորած որևէ թեկնածու, ԲՀԿ-ից էլ լինի, չի կարող հաղթել Գյումրիում: Այլևս՝ չի կարող:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ