կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 20:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է խանգարելու, որ Ադրբեջանը մտնի Խորհրդային Հայաստանի տարածք, անտեսանելի պա՞տ է, ի՞նչ է այդտեղ․ Հրանտ Միքայելյան

Կատարյալ անհեթեթություն է հույս ունենալ, որ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանը, միևնույն է, չի մտնի, և չպահել սահմանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Տեղ գյուղում կատարվածը, երբ ադրբեջանցիները զենքը պահել էին հայ գյուղացիների վրա և թույլ չէին տվել իրենց հնձած խոտը հավաքել։

«Եթե հույս ես ունենում, որ ուրիշը քո հանդեպ լավ կվարվի և քո շահերի պաշտպանությունից հրաժարվում ես, եկեք պրոյեկտենք դա մեր անձնական կյանքի վրա․ որևէ մեկը, օրինակ, իր բնակարանի բանալին, բոլոր փաստաթղթերը չի տա ուրիշին ու ասի՝ ինչ ուզում ես, արա։ Բա պետական գործերում ո՞նց եք այդպիսի բան անում։ Սա ուղղակի հակահայկականության դրսևորում է, որի հետևանքն է նաև Արցախի կորուստը»,-ասաց նա։

Նրա համար անհասկանալի է՝ ի՞նչն է խանգարելու, որ Ադրբեջանը մտնի Խորհրդային Հայաստանի տարածք։

«Ինչ է՝ այդտեղ անտեսանելի պա՞տ, է, թե՞ ինչ է այդտեղ»,-տարակուսեց նա։

Անպայմանորեն Խորհրդային Հայաստանի սահմաններով ներկա Հայաստանի Հանրապետությունը գծելը Հրանտ Միքայելյանի համար անընդունելի է։

«Դե, եթե Ստալինի  սահմաններն ենք ընդունում որպես հիմք, դե եկեք Ստալինի Սահմանադրությունն էլ վերադարձնենք, Ստալինի տնտեսական քաղաքականությունն էլ, ГУЛаг-ն էլ։ Ես հիմա ծայրահեղացնում եմ, բայց ծայրահեղացնում եմ տեղին, որովհետև ինչո՞ւ հենց Ստալինի այդ սահմանները պետք է հիմք ընդունվեն, մանավանդ հաշվի առնելով, որ սա մեզ համար ոչ բարենպաստ գործընթացների՝ 1920 թ-ից հետո զարգացումների հետևանք է։ Ուրեմն մենք դա որպես հիմք ինչո՞ւ ենք վերցնում։ Մեր խնդիրն այն չէ, որ փնտրենք ուրիշ նախադեպ, որ մեզ համար ավելի ձեռնտու է, ինչպես անում է Ադրբեջանը, մեզ համար խնդիր է, որ Հայաստանի շահերին պետք է մենք տիրություն անենք։ Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք այս սահմանը համարել օրինական, որովհետև Արցախի Սահմանադրությամբ սահմանն այն է, ինչ եղել է առ 2020 թ-ի սեպտեմբերի 26»,-նկատեց Հրանտ Միքայելյանը։

Նա նաև արձանագրեց, որ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, ՄԱԿ են մտնում և գրանցվում ոչ թե կոնկրետ սահմաններով, այլ անունով, դրոշով, այլ ատրիբուտներով, այնպես որ, «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահման» հասկացություն գոյություն չունի, որևէ տեղ, որևէ փաստաթղթում ամրագրված չեն կոորդինատներ, որոնք միջազգայնորեն ընդունված են որպես Հայաստանի սահման։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․