Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են և քննարկվում է դրանց ռազմավարական դարձնելու հարցը։ Վրաստանի կողմից հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ։ Վրաստանում թուրքակական և ադրբեջանական ուժեղ գործոնի հետ կապված Հայաստանի հետ հարաբերությունների միջոցով Վրաստանը փորձում է դա բալանսավորել. այս մասին, ըստ Yerkir.am-ի, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցին:
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի համար նույնպես կարևոր են հարաբերությունները. այստեղ կարող է որպես միջնորդ հանդես գալ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ և՛ որպես աջակից, և՛ որպես գործոն. «Կան նաև տնտեսական հանգամանքներ: Հայաստանն ու Վրաստանը կարող են դառնալ մի տնտեսական շուկա և դրանով երկուսն էլ մուտք կունենան և՛ եվրոպական, և՛ եվրասիական շուկա, նաև չինական, իրանական և այլն»:
Ըստ Միքայելյանի՝ Վրաստանում կա մտավախություն, որ Ջավախքը կարող է օգտագործվել Վրաստանի պետական անվտանգության դեմ, կարող է ստեղծվել ինչ-որ անջատողական գործողություններ, որից կարող է օգտվել ՌԴ-ն, նույնիսկ Հայաստանը։ «Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում զոհաբերել է հայկական համայնքը, նրա իրավունքները, նրա քաղաքական և տնտեսական-սոցիալական քաշը և դրանով վրացահայ համայնքը չեզոքացվեց ու արդեն վրացական իշխանությունները վտանգ չեն տեսնում այդտեղ», - նշեց Միքայելյանը:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրներին՝ քաղաքագետը որպես այդպիսին նշեց հայ-վրացական սահամանագծման խնդիրը, որոշ եկեղեցիների վիճելիության հարցը և այլն. «Նիկոլ Փաշինյանը խոսեց խնդիրներից, խոսեց, որ անցյալում չկար փոխվստահություն, ասաց, որ պետք է բաց խոսել խնդիրների մասին», - ասաց քաղաքագետը:
Մարտի 3-ին գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վրաստանն արգելել է Իրանից իր տարածքով բեռնատարների ելումուտը, և այժմ մոտ 60 բեռնատար բեռնված մնացել է սահմանին: Հրանտ Միքայելյանը նշեց, որ դա վերաբերում է միայն Իրանից եկող բեռնատարներին՝ կապված կորոնավիրուսի հետ։ «Քանի որ Հայաստանի մի շարք գործարարներ Իրանից ապրանքներ են տեղափոխում Ռուսաստան, դա խնդիրներ առաջացրեց գործարարների համար։ Վարչապետը բարձրացրեց այդ հարցը և խնդիրը կարծես թե լուծված է»։
Մեր այն հարցին, թե արդյոք ջավախահայերի և Վրաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է մի շարք հայ գործիչների՝ մոտ 100 հոգու, persona non grata որակելու, Վրաստանում հայկական դասագրքերի արգելքի վերաբերյալ թեմաները, քաղաքագետը նշեց, որ նման տեղեկություններ չկան, բայց չի բացառվում այդպիսի հարցերը կբարձրացվի՝ հավելելով, որ վրացական արգելքը վերաբերում է ոչ միայն հայկական դասագրքերի, այլև ողջ հայատառ գրականությանը։
«Չնայած, որ Ջավախքում նվազել է հայկական բնակչության թիվը, բայց այդտեղ ասիմիլիացիոն գործընթացներ տեղի չեն ունեցել, չնայած վրացականացման գործողություններ այդտեղ էլ են կատարվում: ԽՍՀՄ-ից հետո Ջավախքը կորցրել է իր բնակչության 40 տոկոսը: Ջավախքից արտագաղթում են հիմնականում ՌԴ, նաև Հայաստան: Դժվար է ասել, թե ինչքանով կկարողանա Ջավախքը պահել ժառանգությունը: Վրաստանի ԱԺ-ում կան հայ պատգամավորներ, որոնք պարզապես անցնում են քվոտայով: Քանի որ վերացվելու է մեծամասնական ընտրակարգը՝ Վրաստանում ամենայն հավանականությամբ չենք ունենա հայ պատգամավոր: Հայ պատգամավորները որևէ դեր չեն կատարել, հայերի իրավունքները չեն պաշտպանել: Հայկական քաղաքական որևէ գործոն չկա, և եթե լինի երբևէ, կլինի Հայաստանի միջոցով, ոչ թե համայնքի», - նշեց Միքայելյանը:
Երեկ ԱԺ-ում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Վրաստանի հետ հուշագիր է ստորագրվել՝ Հայաստանի և Վրաստանի՝ ID քարտով սահմանը հատելու մտադրության մասին: Այն հարցին, թե դա ինչ կտա, Հրանտ Միքայելյանը նշեց, որ նախ և առաջ կաճի երկու երկրների կապը. «Կբերի տուրիստական հոսքի որոշակի աճ և կվկայի ավելի շատ վստահության մասին», - եզրափակեց քաղաքագետը։
Առավել մանրամասն՝ տեսանյությում.