Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:
«Կարծում եմ՝ սա հաջողված փորձ էր»,- գնահատել է Աուրեսկուն՝ նշելով, որ այցերի ընթացքում իրենք փոխանցել են ԵՄ և անդամ պետությունների սոլիդարության ուղերձները:
«Միևնույն ժամանակ մենք փոխանցեցինք ԵՄ հանձնառությունները՝ առաջնահերթ համարելով բոլոր երեք հարավկովկասյան պետությունների անվտանգությունը, կայունությունն ու բարօրությունը, ինչպես նաև ԵՄ վճռականությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու այս տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա ԵՄ համար ունի ռազմավարական նշանակություն»,- հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարարը:
Անդրադառնալով տարածաշրջանում ձգձգված հակամարտություններին՝ Բոգդան Աուրեսկուն նշել է, որ դրանք բացասաբար են ազդել ԵՄ արևելյան գործընկերության երկրների զարգացման վրա, մասնավորապես, տասնամյակներ շարունակ խոչընդոտել են այդ երկրների զարգացմանը, բացասաբար են ազդել տարածաշրջանային անվտանգության ու կայունության վրա, սոցիալ-տնտեսական դժվարություններ են առաջացրել այդտեղ բնակվող անձանց համար:
«Տվյալ համատեքստում հատկապես կարևոր է մոբիլիզացնել ԵՄ ուշադրությունն այս հարցում՝ հստակեցնելու լավագույն ուղիները՝ օգտագործելու ԵՄ գործիքակազմը և համագործակցության ձևաչափերը՝ աջակցելու տուժած երկրներին»,- աել է Աուրեսկուն:
Նա հորդորել է Հարավային Կովկասի իրենց գործընկերներին լավագույնը քաղել ԵՄ Արևելյան գործընկերության կողմից տրամադրվող գործիքակազմից՝ ուժեղացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ հանուն խաղաղության, բարօրության և ի շահ ժողովուրդների:
«Երեք երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին տարածաշրջանային հնարավոր ձևաչափի ստեղծմանը, որի կազմում կլինեն երեք պետությունները»,- հայտնել է նախարարը:
Նա նշել է, որ բոլոր երեք մայրաքաղաքներում առարկայական և արդյունավետ բանակցություններ են ունեցել բարձր ղեկավարության հետ:
Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ Ռումինիայի ԱԳ նախարարը նշել է, որ այցի ընթացքում նրանք շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնելու առթիվ՝ բարձր գնահատելով ընտրությունների լավ կազմակերպվածությունն ու ժողովրդավարական բնույթը՝ ինչպես արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ դիտորդական խմբերը: «Ես ընդգծեցի, որ արդեն նախկին կառավարության կողմից երկրի ժողովրդավարացմանն ու մոդեռնիզացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը պետք է Հայաստանի համար դառնա նոր ռազմավարական առաջնահերթություն»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ Հայաստանում և Ադրբեջանում խորքային քննարկումներ են ունեցել ներկա իրադրության և առաջիկա անելիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով նախորդ տարվա ռազմական գործողությունները:
«Մենք կոչ արեցինք գործել կառուցողական ոգով, վերակառուցել վստահությունը, քանի որ վստահության կառուցման միջոցները, որոնց շարքում են բոլոր գերիներին ազատ արձակելը, ականապատված բոլոր տարածքների քարտեզները հանձնելը, շարունակում են առաջնահերթություն մնալ: ԵՄ-ն շարունակելու է աջակցել նման զարգացումներին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած դիմումի պարագայում աջակցել բոլոր հարցերում, որոնք կարող են հանգեցնել խնդիրների բանակցային, կայուն և տևական կարգավորմանը: Ես ընդգծեցի երկու հասարակությունների միջև հաշտեցման կարևորությունը, այս գործընթացը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջում, սակայն այլընտրանք չունի»,- հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում ու կարևորում է Արևելյան գործընկերության երկրներում անվտանգությունն ու կայունությունը: