Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության կողմից Ջավախքում իրականացվող ծրագրերը 1990-ական թթ. ի վեր համակարգվել են որոշ կազմակերպությունների և միջպետական մարմինների միջոցով: ՀՀ կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի վարչությունը 1990-ական թթ. սկզբներից ի վեր համակարգում էր Արցախին և Ջավախքին (Վրաստանին) առնչվող մի շարք հարցեր, այդ շրջանակներում՝ նաև ՀՀ-ի կողմից Ջավախքում իրականացվող ծրագրերը: Ռ. Քոչարյանի օրոք այս հիմնարկը վերանվանվեց Տարածաշրջանային ինտեգրացման վարչություն, գոյատևեց մինչև 2000-ական թթ. սկիզբը: Դրա ղեկավարն այնուհետև նույն հարցերով՝ ՀՀ վարչապետի խորհրդականն էր, որը շարունակում էր լայն մասնակցություն ունենալ Մայր պետությանից կողմից Ջավախքի ուղղությամբ իրականացվող ծրագրերի կազմման ու իրականացման աշխատանքներին:
Ռոբերտ Քոչարյանի օրոք ՀՀ-ի՝ ազգային ուղեգիծ վերադարձից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին բարեսիրական, սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային լայն ծրագրեր իրականացնելու համար: Ակտիվացան 1990 թ. ՀՀ-ում հիմնադրված «Ջավախք» հայրենակցական միության՝ Ջավախքում իրականացվող ծրագրերը, վերահրատարակվեց «Ասպնջակ» ամսաթերթը: Երևանում հիմնադրվեցին նոր կազմակերպություններ, անգամ՝ քաղաքական ուժեր, որոնց գործունեությունն այս կամ այն կերպ միտված էր Ջավախքում ծրագրեր իրականացնելուն: «Ջավախք» հայրենակցական միության ներկայացուցիչների և ջավախքցի գործիչների կողմից 1999 թ. ՀՀ-ում ստեղծվեց «Հզոր հայրենիք» կուսակցությունը, 2003 թ.՝ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը։ Հայ օգնության միության (ՀՕՄ) Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախումբն այդ տարիներին իրականացրեց կրթամշակութային, հրատարակչական (գրքեր, քարտեզներ, օրացույցներ ևն) և այլ ծրագրեր, գիտաժողովներ, հիմնադրել և համակարգում է Ջավախքի երեք քաղաքներում գտնվող երիտասարդական-կրթամշակութային կենտրոնների գործունեությունը, Ջավախքում հիմնադրվեցին Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը (ՋԵՄՄ)՝ «Քաջատուն» պարբերականով, ռադիոյով, «Ակունք» և «Լեռնաշխարհ» միությունները՝ նույնանուն պարբերականներով, «Վիրք» կուսակցությունը, «Միասնական Ջավախք» քաղաքական կազմակերպությունը, Հայ օգնության միության (ՀՕՄ) մասնաճյուղը՝ Վրաստանի հայ օգնության միությունը (ՎՀՕՄ), բազմաթիվ այլ միություններ և կազմակերպություններ: 2003 թ. Ջավախքում կազմավորվեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որը կարճ ժամանակում դարձավ ջավախահայության հասարակական-քաղաքական և ազգային կյանքը կազմակերպող եզակի կառույցներից մեկը: Խորհրդի նախաձեռնությամբ 2004-2005 թթ. տեղի ունեցան «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» խորագրով երեք համաժողովները, որոնք ջավախահայության սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և Վրաստանի կազմում Ջավախքի կարգավիճակին առնչվող հարցերը բարձրացրին նոր՝ միջազգային մակարդակի. այդ փուլում էր, որ նշված հարցերը սկսեցին քննարկվել ոչ թե լոկալ մակարդակներում, այլ միջազգային փաստաթղթերի (հռչակագրեր, կոնվենցիաներ, հանձնարարականներ ևն) լայն համապատկերին:
Ջավախահայության հոգևոր կյանքում շրջադարձային իրադարձություն էր 2001 թ. հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ հիմնված ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդությունը (Վիրահայոց թեմի կազմում):
Հայ-վրացական հարաբերությունների խորացման և Ջավախքում կյանքի որակի բարձրացման գործում առանցքային նշանակություն ունեցավ 2000 թ. Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հանձնաժողովի նիստերի օրակարգի կարևորագույն կետերը եղել են Ջավախքում իրականացվող կամ նախատեսվող ծրագրերն ու այդ ուղղությամբ կոնկրետ հարցերի շուրջ քննարկումները: Սկսած 3-րդ նիստից՝ 2004 թվականից, միջկառավարական հանձնաժողովները ղեկավարել են վարչապետերը, որոնց պարբերաբար հանդիպումների քննարկման առարկան եղել է Ջավախքի զարգացման խնդիրը: Այդ փուլում օրակարգային են եղել թե՛ ենթակառուցվածքների վերականգնման, թե՛ դպրոցաշինության, թե՛ բուժհաստատությունների արդիականացման կամ հիմնման, թե՛ Ջավախքում հայ-վրացական պետական համալսարան բացելու, թե՛ Ջավախքում ներդրումներ կատարելու և տնտեսական վիճակի բարելավման վերաբերյալ հարցերը (դրա մասին վկայող արձանագրությունները տե՛ս ՀՀ կառավարության պահոցներում):
Ավելորդ չենք համարում փաստել, որ Ռ. Քոչարյանի կառավարման տարիներին Սամցխե-Ջավախքի նահանգապետերը (Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչները) Ջավախքի զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացրել են ՀՀ իշխանությունների հետ քննարկելուց, խորհրդակցելուց և համաձայնեցնելուց հետո: Դրա վառ ապացույցներից են 2002 թ. Ջավախքի նահանգապետ Թեյմուրազ Մոսիաշվիլու՝ լայն պատվիրակությամբ այցը Երևան և հանդիպումները նախագահ Ռ. Քոչարյանի ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Պաշտոնական բոլոր հանդիպումներում քննարկվել են ջավախահայության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման, Վրաստանի նախագահ Շևարդնաձեի կարգադրությամբ Վրաստանի կառավարության կողմից ընդունված՝ Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին հայկական կողմի մասնակցության, Ջավախքում անգործության մատնված ձեռնարկությունների վերագործարկման և նորերի ստեղծման, ջրամատակարարման եւ էներգամատակարարման կարգավորման, ճանապարհաշինության, Ախալքալաքում նոր շրջանային հիվանդանոցի, Ախալքալաքում ՀՀ հյուպատոսություն բացելու մասին հարցերը:
Ի՞նչ ունեցանք այնուհետև և ներկայումս:
Ռոբերտ Քոչարյանի կառավարման ավարտից հետո․
2018 թ. մայիսին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի այցը Ջավախք, ինչպես հետագայում պարզվեց, սովորական փաշինյանական ներկայացում էր, և այստեղ անգամ ավելորդ ենք համարում խոսել Արցախը թշնամուն վաճառած և ՀՀ-ի ապագան թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքներին հանձնող հայրենադավ ստահակի՝ Ջավախքի ուղղությամբ վարած քաղաքականության մասին, մի բան, որը գոյություն չի ունեցել և չունի: Ավելին՝ 2019 թ. Սփյուռքի նախարարությունը միացվեց վարչապետի աշխատակազմին, և վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի՝ ոչինչ չանող և պետական բյուջեից շռնդալից պարգևավճարներ կորզող գրասենյակը: Փաշինյանի կողմից պետական ինստիտուտների տոտալ կազմաքանդման այս գործընթացի արդյունքում նախկինում նախարարության կողմից Սփյուռքում (այդ թվում՝ նաև Վրաստանում ապրող հայության (ջավախքահայության) շրջանում) իրականացվող ծրագրերը վերաբաշխվել են ըստ նախարարությունների և պետական ոչ առևտրային այլ կազմակերպությունների: Բնականաբար, երկրում ստեղծված տոտալ քաոսի պայմաններում պատկան այս օղակների համապատասխան ստորաբաժանումները մատնված են անգործության, իսկ Ջավախքի խնդիրները՝ անտերության կամ բախտի քմահաճույքին:
Վահե Սարգսյան