Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջավախքի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտնում են իրենց դժգոհությունը Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարի Հայ Առաքելական Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու համատեղ որոշման վերաբերյալ։ Եվ համարում են, որ Ջավախքի առանձին Թեմ պետք է հռչակել: Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge-ից:
Մտավորականների միությունը, «Ջավախք» ժողովրդական շարժումը, «Ջավախք» հասարակական կազմակերպությունը և «Վիրք» կուսակցությունը համատեղ դիմում են գրել՝ Հայրապետություն Ամենայն Հայոց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին, Գերագույն Հոգևոր Խորհրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ին, Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․Տ Գրիգոր Պետրոս Ի-ն, Հայ Ավետարանական Եկեղեցուն, Հյուսիսային Ամերիկայի, Ֆրանսիայի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական միություններին։
Կազմակերպությունների գրած դիմումի համաձայն Գումբուրդոյի եկեղեցու հետ կապված շուտափույթ որոշում է ընդունվել:
«Նախ՝ նշյալ տաճարի պատկանելության շուրջ չէ, որ պետք է որոշում կայացվեր։ Հետո էլ այն ընդունվել է մի քանի մարդկանց ներկայությամբ՝ այն էլ հապճեպ։ Եվ ընդհանրապես գյուղի հասարակության վրդովմունքն առաջացավ այն ժամանակ, երբ այսպես կոչված վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի գավթից առաքելական շրջանի գերեզմանները վայրագորեն քանդվեցին, առնվազն 700 տարվա գերեզմանները այդ հուշարձանի ինչ է, պատմության մասը չեն՞։ Կամ նույնքան հին արժեքավոր խաչքարերը ինչու՞ հեռացվեցին։ Ինչի՞ հիման վրա է համատեղ որոշման մեջ Սրբազանը պնդում, թե տաճարը երբեք առաքելական չի եղել, այն դեպքում, երբ այստեղ հանգչում են նրա առաքելական սպասավորները՝ Տեր-Մաթևոսյանները, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արյունակից Տեր-Ազնավուրյանը և այլոք», – իրենց մտահոգությունն են հայտնում 4 կազմակերպություններ։
«Ինչ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ին այս տաճարը յուր պաշտպանության տակ առնելու համար հայկակա՞ն հետքերն են խանգարում։ Հիմա ով է՞ պատասխան տալու այս վանդալիզմի համար։ Գյուղը 500 ստորագրությամբ դիմել էր և՜ Հայաստանի, և Վրաստանի հոգևոր ու քաղաքական իշխանություններին, որպեսզի ավերված գերեզմաններից հավաքված ոսկորները ամփոփվեն տաճարի գավթում՝ խաչքարի տեղադրմամբ։ Ահա այս բնական ցանկությունն էր, որ հակասության մեջ մտավ ՎՈՒԵ-ի նկրտումների հետ։ Բոլորիս պարզ դարձավ, որ նպատակը ավելի հեռահար է, քան տաճարի որպես հուշարձան վերականգնելը։ Եվ, ընդհանրապես, սա վրաց իշխանությունների և ՎՈՒԵ-ի գործելաոճն է՝ ոչ արիական, ոչ քրիստոնեական»։
Կազմակերպությունները նամակում անդրադառնում են նաև հոգևոր սպասավորների պակասի խնդրին, մասնավորապես նշելով, որ տարիներ շարունակ այդպես էլ պայմաններ չեն ստեղծվել ջավախքահայ երիտասարդներից հոգևոր հովիվներ պատրաստելու:
«Գործելու պատրաստ առաքելական եկեղեցիները հոգևոր սպասավորներ չունեն։ Այս 20 և ավելի դժվարին տարիների ընթացքում, չնայած, մեր բազում խնդրանքներին Վիրահայոց Թեմի կողմից չստեղծվեցին ջավախքահայ երիտասարդներից հոգևոր հովիվներ պատրաստելու պայմաններ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսից ակնկալում ենք այս խնդրանքի բավարարումը։ Հույժ անհրաժեշտություն է դառնում Ջավախքի առանձին Թեմի հռչակումը։ Եվ եկեղեցիների քանակով, և ազգաբնակչությամբ (մոտ 200 000) լիովին համապատասխանում ենք դրան: Բացի այդ բարձրաստիճան հոգևորականների ներկայությունը իսկական զսպաշապիկ կդառնա Վրաց ուղղափառ եկեղեցու զավթողական նկրտումներին։ Խնդրում ենք խորհել Վիրահայոց թեմը հիմնովին թարմացնելու մասին»։
Դիմում-նամակի ներքո ստորագրել են՝ Մտավորականների միություն՝ Ազատ Շիպակցյանը, «Ջավախք» ժողովրդական շարժում՝ Նորիկ Կարապետյանը, «Ջավախք» հասարակական կազմակերպություն՝ Ստեփան Հակոբյանը և «Վիրք» կուսակցություն՝ Դավիթ Ռստակյանը: