Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ եւ վրացի 20 լուսանկարիչներ երեք օր շարունակ շրջել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում եւ քաղաքներում, ծանոթացել դրանց կյանքին ու բարքերին՝ լուսանկարելով այն ամենը, ինչն իրենց զարմացրել, հիացրել ու տպավորել է: Աշխատանքները ներկայացվեցին այսօր՝ ՀԲԸՄ դահլիճում, «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում: Մոտ 4 հազար լուսանկարներից ցուցահանդեսի համար ընտրվել է 100 աշխատանք՝ 15 լուսանկարիչների գործեր, որոնց օբյեկտիվներում Ջավախքն է՝ իր բնապատկերներով ու կոլորիտով: Նախաձեռնությունն իրականացել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ:
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնադրամն ունի ծրագրերի մեծ փաթեթ․ ֆոտոցուցահանդեսը հերթական միջոցառումն է: Նա կարեւորեց միջոցառումը՝ Ջավախքի կյանքն ու գույները ներկայացնելու իմաստով: «Մենք, մինչ այս, Ջավախքում ունեցել ենք գեղանկարչության եւ մշակութային այլ ցուցահանդես: Համավարակի պայմաններում անգամ ՋԱՀ-ի նախագահությունն ու տնօրինությունը շատ մեծ աշխատանք կատարեցին: Դեռ շատ անելիքներ ունենք: Հիմնադրամն իր տեսակի մեջ միակն է, որը, բարձր նշաձող վերցրած, առաջ է գնում՝ շատ ավելի լուրջ խնդիրներ լուծելու: Բոլորովին վերջերս Տերյանի տուն-թանգարանի թանգարանային մասի բացումն արեցինք, այսօր արդեն տուն-թանգարանի գործերով ենք զբաղված։ Զուգահեռաբար գնում են նաեւ «Արմաթ» լաբորատորիաների բացման աշխատանքները: Փորձում ենք Ջավախքն ընդգրկել Հայաստան-Վրաստան տուրիստական երթուղիների մեջ»,- տեղեկացրեց Սահակյանը:
Հայաստանի լուսանկարիչների միության նախագահ Սերգեյ Հակոբյանն էլ շեշտեց՝ Ջավախքն իր կոլորիտով շատ հետաքրքիր վայր է: «Բազմիցս եղել եմ, բայց ամեն լինելուց նոր բացահայտումներ եմ անում: Շատ կարճ էր ժամանակահատվածը՝ երեք օրում անփորձ լուսանկարիչների հետ անցկացվեցին կարճ դասընթացներ, բացատրվեց խնդիրը: Կոնկրետ գնահատական չեմ կարող տալ լուսանկարներին, մեր նպատակը բարձրակարգ լուսանկարչական ցուցահանդես ունենալը չէր: Մեր խնդիրն էր Ջավախքի հայ բնակիչների ու հայաստանաբնակ հայ լուսանկարիչների հետ, մեր վարպետների հսկողության տակ, անցկացնել այս նախագիծը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում դա շարունակական կլինի:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ Ջավախքի մասին Հայաստանում այնքան էլ տեղեկացված չեն, ցուցահանդեսը կազմակերպվեց նաեւ հենց այդ նպատակով: «Քանի որ նկարների բազան շատ է, ցուցադրվող աշխատանքները կփոփոխվեն: Այսօրվա այցելուները, կարծում եմ, ցուցահանդեսով իրապես կբացահայտեն Ջավախքը՝ նրա բնապատկերներով, գեղատեսիլ վայրերով ու կոլորիտով: Գրեթե բոլոր ցուցադրված աշխատանքները հավանում եմ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան