կարևոր
580 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-24 00:06
Հասարակություն

«Կարծես հայրենի իշխանություններն էլ են ուրանում կատարվածը». Ջավախքը ևս միանում է պահանջատիրական երթին

Ջավախքում ևս տեղի է ունեցել պահանջատիրական Ջահերով երթ։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը տեղեկատվություն, լուսանկարներ և տեսանյութեր է տարածել միջոցառման մասին։

Ստորև ներկայացնում ենք Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տեղեկատվությունն ու Ջավախքի երիտասարդական միության տարածած հայտարարություն֊կոչը։

«Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքար՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, ընդդեմ ուրացմանն ու մոռացմանը։

Պահանջատիրական Ջահերով երթը հիշեցումն է՝ արդարության վերականգնման համար համազգային կամքի դրսևորմամբ մշտական պայքարի պարաստ լինելուն։

Հայոց Ցեղասպանությունից անցել է 110 տարի, բայց Թուրքիան ոչ միայն չի ընդունում Օսմանյան Կայսրության իրականացրած Ցեղասպանության փաստը, այլև այսօր չի թաքցնում իր դարավոր նպատակը՝ վերացնել հային ու հայկականը։ Դրա դրսևորումը եղավ 2023թ․սեպտեմբերին Արցախի հայաթափումը։ Ջահերով երթն ապացույցն է այն իրողության, որ հայի հոգում միշտ վառ է պահվում Ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակը։ Ջահերով երթը նաև ոգեկոչում է՝ չժխտել Ցեղասպանությունը, չուրանալ ու արդարության համար պայքարել մինչև ճանաչում, դատապարտում ու հատուցում։

Այսօր Ախալքալաքում, Ջավախքի Զորի Զորյան Երիտասարդական Միության նախաձեռնությամբ, անցկացվեց ավանդական պահանջատիրական Ջահերով երթ։ Երթն սկիզբ առավ Ախալքալաքի բերդերի տարածքից և հասավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։

Երթն առաջնորդում էր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը։ Երթին միացան խորհրդարանի հայազգի պատգավոր՝ պարոն Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ՝ պարոն Մելքոն Մակարյանը ու տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ։

Երթի մասնակիցները տանում էին՝ «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է», «Հիշում եմ ու պահանջում», «Վերջ թուրքական ժխտողականությանը» և պահանջատիրական այլ բովանդակությամբ հայերեն, վրացերեն լեզուներով պաստառներ։ Ամրոցի տարածքում երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր։ Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին ճանաչման, դատապարտման, հատուցման ու պայքարի կոչեր։ Երթը հասավ Սուրբ Խաչ եկեղեցու բակ և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչեց Ջավախքի Երիտասարդական Միության պահանջատիրական կոչը, որին հաջորդեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանի ոգեկոչման խոսքը։ Եղավ նաև հայրենասիրական թեմայով ասմունք։

Պահանջատիրական Ջահերթի օրն ավարտվեց, բայց հայի պահանջը կշարունակվի՝ մինչև հասնի իր արդար պայքարի հաղթանակին։

ՋԱՎԱԽՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ԿՈՉԸ

Սիրելի հայրենակիցներ,

Արդեն մեկ դար ու տաս տարի է անցել Օսմանյան Կայսրության կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված մեծ ոճրագործությունից, որը Ռաֆայել Լեմքինի կողմից ձևակերպվեց Ցեղասպանություն եզրույթով և դարձավ Հայոց պատմության անդառնալի էջ։ Ցեղասպանական ոճրագործությունները՝ գերևարություն, սպանություն, տեղահանություն, ահաբեկչություն, ոտնձգություն է ընդդեմ մարդկային կյանքի և արժանապատվության։

Այս օրերին, աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ սերունդներ շարունակ հայը հարգել է միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակն ու ոգեկոչել ՝ չժխտել Ցեղասպանությունը, քանի որ ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների սկիզբն է, ցեղասպանության ժխտումը ջնջելն է հիշողության, ջնջելն է ինքնության և ճշմարտության, և մեր ոգեկոչումն այսօր առավել կարևոր է, քան երբևէ։

20-րդ դարասկզբին իրագործված Հայոց Ցեղասպանությունը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որը համարժեք գնահատական և դատապարտում չստանալով՝ նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների։

Հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործ քաղաքականությունը՝ Պանթյուրքիզմի ծրագիրը, չի դադարել և հասել է մեր օրեր։ Երբ աշխարհի աչքի առաջ Թուրքիայի եղբայր Ադրբեջանի կողմից 2023թ․ սեպտեմբերին իր պատմական բնօրրանից բռնի տեղահանվեց արցախցին։

Ինչպես պատմական Հայաստանից, այնպես էլ պատմական Արցախից տեղահանված հայ ժողովուրդը զրկված է իր տուն վերադառնալու իրավունքից։

Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հայատյաց քաղաքականության, ցեղասպանական սահմռկեցուցիչ գործողությունների հետքերը վերացնելու նպատակով, այսօր պահանջում են Հայոց Ցեղասպանության ուրացումն ու նսեմացումը։

Մենք, միանալով աշխարհի հայության պահանջին, կոչ ենք անում Հայոց Ցեղասպանության ժխտումն ու նսեմացումն ինքնին համարել քրեական արարք։

Ցավոք սրտի, մեր հայրենական իշխանությունները տուրք տալով թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումներին, կարծես իրենք էլ ուրանում են կատարված փաստը։ Նշենք դրանցից մեկը՝ ԱՐԱՐԱՏԸ փոխարինել Արագածով։

Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակների անմահ հոգիները մեզ պատգամում են լինել առաքյալներ, առաքյալներ՝ արդարության ու ճշմարտության, դատապարտել եղեռնագործությունները, մարդկության դեմ ցեղասպանությունները, ահաբեկչությունները,մարդու և ազգերի իրավունքների ոտնահարումները, մերժելու ժխտողականությունն ու հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անտարբերությունը։

Այս տարիների ընթացքում ցեղասպանական դառն հիշողությունները իրենց չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել հայու ոգին։ Այլ դարձրել են առավել աննահանջ՝ ճշմարտության համար արդար պայքարի ճանապարհին։

Ցեղասպանական վրեժի զգացողությունը հայ մարդուն հանգիստ չի տալիս, այլ մղում է առավել վճռական քայլերի։ Մեր պահանջատիրական պայքարը տարեցտարի ուժեղանում է ու նոր թափ է առնելու, որը վկայությունն է այն մեծ իրողության, որ սերունդները չեն մոռացել, չեն լռել, չեն լռում և պայքարելու են մինչև հասնեն արդարության հաղթանակին։

Թշնամու նպատակը նույնն է՝ վերացնել հային ու հայկականը, իսկ մեր նպատակն անփոփոխ՝ ճանաչում, դատապարտում, հատուցում։

Մի լռիր, մի ուրացիր, տեր կանգնիր հայրենիքիդ։ Պայքարիր արդարության համար»։