կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-08 11:57
Հասարակություն

Իրանի խաղաղության ու կայունության հրամայականը

Իրանի խաղաղության ու կայունության հրամայականը

Աղբյուրը՝ arfd.am

Անցնող տասնօրեակի իրանական ներքաղաքական իրադարձութիւններին վերլուծաբանները փորձեցին տարատեսակ գնահատականներ տալ: Մեր կողմից, սակայն, տւեալ գնահատականները կրեցին տեղեկատւական բնոյթ, աւելորդ աճապարանքից ու դրա հնարաւոր բացասական հետեւանքներից խուսափելու համար…

Այժմ, տասնօրեայ հեռաւորութիւնից յետոյ, թւում է, թէ խնդրին առնչւող ներքին ու արտաքին միջադէպերին հնարաւոր է աւելի իրատեսական դատողութեամբ մօտենալ:

Դեկտեմբերի 28-ից սկսած ու դրան յաջորդող 2-3 օրերի սոցիալ-տնտեսական բողոքի ցոյցերը, որոնք ի դէպ՝ բնական ու արդարացւած էին բնութագրւում նոյնինքն նախագահ Ռոհանիի կողմից, շատ արագ վերաճեցին քաղաքական ծայրայեղ պահանջներով երանգաւորւած ցուցական բախումներով, որոնք էլ միեւնոյն նախագահի ու յատկապէս ուժային կառոյցների կողմից մեկնաբանւեցին որպէս՝ արտաքին չարաշահումների ու սադրիչ գործողութիւնների ապացոյց… թէեւ ներքին թէ՛ արտաքին քաղաքական դիտորդներ էլ եղան, որ «արտաքին գործօնի» մասին Իրանի պաշտօնական յայտարարութիւնները «ինքնարդարացման մարտավարութիւն» բնութագրեցին, բայցեւ՝ անվիճելի փաստ է Իրանի երդւեալ թշնամիների առկայութիւնը, ինչպէս իսրայէլական, այնպէս էլ՝ արաբական մի շարք երկրների (նախկինում՝ Սադդամական Իրաք, այժմ Ս. Արաբիա, գումարած մի շարք արբանեակ էմիրանիստ երկրներ) տեսքով…, մանաւանդ, որ այս վերջինները ընդամենը շաբաթներ առաջ էին բարձրաձայնել «տագնապները Իրանից ներս փոխադրելու» կոչերը:

«Արտաքին գործօնի» վտանգը յաղթահարելու Իրանի հերթական յաջողութիւնը նաեւ կարելի է համարել նախօրէին իսկ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի օրակարգ բերած ԱՄՆ-ի առաջարկի մերժումը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Շւեդիայի, Անգլիայի եւ դեռ միւս անդամների կողմից:
Արտաքին գործօնը կամ չարաշահումները յաղթահարելու իրանական յաջողութիւնը, սակայն, երաշխաւորւած է կարող լինել յատկապէս ներքին թէկուզեւ սոցիալ-տնտեսական գործօնների ու դրանց նկատմամբ արդար դժգոհանքների յաղթահարմամբ, որպէսզի դրան չյաջորդեն դարանակալ թշնամիների ինչ-որ տեղ անխուսափելի քաղաքական չարաշահումները:

Այս առումով էլ լաւատեսութեան հիմք է կարող հանդիսանալ այսօր իսկ կայացող պետական՝ գործադիր, օրէնսդիր, դատական ու անվտանգութեան իշխանութիւն-մարմինների համատեղ նիստը, որի արդիւնքում էլ անտարակուսօրէն առաջնահերթ հրամայականներն են լինելու Իրանի խաղաղութեան ու կայունութեան ամրակայումն ու անսասանութիւնը:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ