Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանու Թունա
Փաստաբան Նահիթ Էրենը ապրիլի 11-ին ընտրվել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նոր ղեկավարի պաշտոնում։ Նոր ղեկավարությունն էլ նախկինների նման ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ։ Ապրիլի 26-ին, հայտարարությամբ պայմանավորված, միության ղեկավարության նկատմամբ հետաքննություն սկսվեց։ Եթե այն վերածվի դատական գործընթացի, Նահիթ Էրենը կլինի Դիարբեքիրի փաստաբանական պալատի երրորդ ղեկավարը, որի նկատմամբ դատական գործ կհարուցվի։
Էրենի հետ զրուցել ենք Իքիզդերեն և Սուր շրջանը Բնակարանային զարգացման վարչության կողմից վերակառուցվելու թեմայի շուրջ։
– Դիարբեքիրի փաստաբանական պալատը երկար տարիներ, բացի մասնագիտական գործունեությունից, նաև փաստաբանական գործունեություն է ծավալում, ինչն ավանդույթ է դարձել։ Ի՞նչ է ընկած այդ ավանդույթի հիմքում։
– Քաղաքը մեծ ազդեցություն ունի։ Դիարբեքիրի փաստաբանական պալատի դիրքորոշումը, վերջին 40 տարիների բախումների պատճառով, երկրում գործող մյուս միութունների հետ համեմատած, դուրս է գալիս զուտ մասնագիտական գործունեության շրջանակներից, քանի որ շրջանում համատարած և մշտական բնույթ են կրում մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև սաստկանում է անպատժելիության քաղաքականությունը։ Միությունն իր ուժն այդտեղից է ստանում, այդտեղ է գործադրում իր ջանքերը։ Տարիներ շարունակ դեմ ենք դուրս գալիս մարդու իրավունքների ոտնահարումներին, պայքարում ենք օրինականության հաստատման համար։ Այո՛, Փաստաբանական օրենսգիրքը փաստաբանական պալատները սահմանում է որպես հասարակական կազմակերպության մակարդակի մասնագիտական կառույցներ, սակայն ոչ միայն մենք, այլև Թուրքիայում գործող մյուս բոլոր միություններն էլ իրականում միայն մասնագիտական հարցերին լուծումներ տալով չեն զբաղվում։ Փաստաբանական օրենսգիրքը փաստաբանական պալատների վրա դնում է միաժամանակ հասարակական կազմակերպության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության գործառույթ և պատասխանատվություն։ Դա մասնագիտական գործունեություն ծավալող կազմակերպության համար բացառիկ իրավիճակ է։ Դիարբեքիրի փաստաբանական պալատը տարիներ ի վեր փորձում է կատարել այդ պատասխանատու գործը՝ միաժամանակ մեծ վնասներ կրելով։ Մենք դրանով ենք տարբերվում։
– Ռիզեի փաստաբանական պալատից միանշանակ շատ տարբեր եք․․․
– Այո՛, տեսնում եք, որ Իքիզդերեի հետ կապված 62 փաստաբանական պալատների կոչի դեմ մի ծանուցում է հրապարակվել, որով մեզ համարել են ահաբեկիչներ, սակայն մենք սովոր ենք դրան։
– Հասարակության մեջ առկա բաժանումը փաստաբանական պալատների միջև էլ է առկա․ իշխանությանը մոտ միություններ և հակաիշխանականներ․․․ ինչպե՞ս կգնահատեք դա։
– Իշխանությունն իր վարած քաղաքականության համար անհանգստություն զգալու պատճառով ցանկանում է, որ փաստաբանական պալատները չզբաղվեն այդ ոլորտին վերաբերող հարցերով, այլ միայն մասնագիտական գործունեություն ծավալեն։ Միությունների բազմաթիվ խնդիրներն էլ այդտեղից են բխում։ Հասարակության, իրավապահների կողմից մարդու իրավունքների խախտումների, հրամանագրերով և շրջաբերականներով մարդու հիմնական իրավուքնների և ազատությունների ոլորտում արված միջամտությունների դեմ բարձրացրած մեր ձայնը անհանգստացնում է նրանց։ Մենք ենթարկվել ենք մի չափանիշի, որն ընկած է իշխանությանը մոտ լինելու վրա։ Ցավոք, ձայն բարձրացնող փաստաբանների միությունները ձևացնում են, թե դեմ են իշխանությանը։ Ապրիլքսանչորսյան մեր հայտարարությունը, նախքան դատարանի՝ գործի անցնելը, սոցիալական ցանցերում կոշտ արձագանքներ ստացավ որոշ իրավաբանական միությունների կողմից։ Եղան իրավաբաններ, որոնք մեզ մեղադրեցին «պետական դավաճանության» մեջ։
– Դա արդեն կաղապար է դարձել։ Նախ որոշ անուններ սոցիալական ցանցերի միջոցով թիրախավորվում են, որից հետո նրանց նկատմամբ սկսվում է հետաքննությունը․․․
– Մեզ ցավ է պատճառում այն, որ ապրիլքսանչորսյան մեր հայտարարությունից հետո սկսված լինչի դատաստանի արշավին մասնակցում էին նաև որոշ փաստաբաններ։ Դա կարող է ուսումնասիրության թեմա դառնալ։ Խոսքի ազատության ամենագլխավոր պաշտպանները մենք ենք՝ փաստաբաններս։ Մինչդեռ այդ մշակույթը Թուրքիայում մշտապես եղել է։ Մեր նախկին ղեկավար Թահիր Էլչիին այդպիսի լինչի դատաստանի ենթարկելու արշավից հետո կորցրեցինք։ Կհիշեք, որ այդ ժամանակ նախ մամուլում ու սոցիալական ցանցերում նրա նկատմամբ լինչի դատաստան տեսնելու արշավ ծավալվեց, որից հետո սկսվեց դատական գործընթացը։ Այս վերջին հայտարարության ժամանակ էլ իշխանությանը մոտ բազմաթիվ լրատվական կայքերում «Բայդենի աջակից», «հայրենիքի դավաճան», «պատմությունը խեղաթյուրողներ» և նման մի շարք այլ լուրեր հայտնվեցին։ Նրանք սկսում են մամուլից ու սոցիալական ցանցերից և, ինչպես ասացիք, դրան հաջորդում է դատական գործընթացը։
– Ապրիլքսանչորսյան հայտարարության պատճառով Դիարբեքիրի փաստաբանական պալատի երրորդ ղեկավարն եք, որի նկատմամբ դատական գործընթաց է սկսվում․․․
– Հարուցված առաջին երկու դատական գործերով էլ ինձ մեղադրանք է առաջադրվել՝ որպես կառավարման խորհրդի անդամի։ Պարոն Ջիհանի ժամանակ հայտարարության պատճառով սկսված հետաքննությունը շարունակվում է, այն դեռևս չի վերածվել դատավարության։ Մեզ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի Հանրապետությանը, պետական կառույցները վիրավորելու համար։ Դա էլ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին է համապատասխանում։ Հավանաբար թույլտվություն են ստանալու և ապրիլքսանչորսյան հայտարարության պատճառով իմ դեմ՝ երրորդ, իսկ իրավաբանների միության դեմ՝ չորրորդ դատական գործն են հարուցելու։
– Իսկ ինչպե՞ս կավարտվեն արդեն իսկ հարուցված դատական գործերը, ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Եթե գործին անդրադառնաք իրավաբանի հայացքով, ըստ Ձեզ՝ այն ինպե՞ս պետք է ավարտվի։
– Թե ինչպիսին կլինի դատարանի վճիռը, կախված է Թուրքիայի ներքաղաքական մթնոլորտից։ Մենք պատմաբաններ չենք, սակայն այս երկրին առերեսում է անհրաժեշտ, քանի որ մի խնդիր կա, որը հառնում է ամեն ապրիլի 24-ին, և ղեկավարության էլ զբաղված է միայն հաշվելով, թե ով ինչ ասաց, ով ասաց՝ ցեղասպանություն, ով չասաց։ Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է առերեսվել այդ խնդրի հետ։ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն ի՞նչ է նախատեսում․ կարծիքի արտահայտման ձևով արված հայտարարությունները այս օրենքի շրջանակներում չեն։ Շատ լավ, մենք ի՞նչ ենք հայտարարել։ Դիարբեքիրի փաստաբանական պալատը հարգում է բոլորի մտքի ու խոսքի ազատության իրավունքը։ Ակնկալում ենք, որ մյուսներն էլ կհարգեն մեր մտքի ու խոսքի ազատության իրավունքը։ Մենք այս խնդրի վերաբերյալ պատասխանատվություն ենք վերցնում և հավատում ենք, որ այդ մութ անցյալի հետ պետք է առերեսվել։ Ամեն ապրիլի 24-ին այդ հարցն օրակարգ է գալիս։ Դողու Փերինչեքը գնաց և Շվեյցարիայում, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտվում է, Ցեղասպանությունը ժխտող հայտարարությամբ հանդես եկավ։
Մարդու իրավուքնների եվրոպական դատարանն այդ հայտարարությունը համարեց խոսքի ազատության դրսևորում։ Եթե ժխտումը խոսքի ազատություն է, ապա ընդունումն էլ այս երկրում պետք է համարվի խոսքի ազատության իրավունք։ Իշխանությանը կամ հասարակության մեծ մասին անհանգստացնողը հենց այդ իրողության փոփոխությունն է։ Չէ՞ որ իմաստ չունի արտահայտել մի միտք, որը որևէ մեկին անհանգստություն չի պատճառում։ Եթե անհանգստություն պատճառող խոսքի դեմ հանդուրժողականություն լինի, կնշանակի, որ այդ երկրում հարգում են մարդու խոսքի ազատության իրավունքը։
– Դիարբեքիրի փաստաբանական պալատը ապրիլի 24-ին համառորեն և անսասան ձևով հայտարարություն արած միակ կառույցն է։ Դա ի՞նչ նշանակություն ունի Դիարբեքիրի և քուրդ ժողովրդի համար։
– Մենք այստեղ էլ այդ հայտարարության պատճառով ենթարկվել ենք լինչի դատաստանի։ Մենք այդ հարցի մասին գիտենք մեր լսածներից, մեզ հասանելի գրվածքներից։ Մեր պապերից, տատերից մարդկայնության դեմ գործված այս ծանր հանցագործության վերաբերյալ տարբեր բաներ ենք լսել, մեզ պատմել են դրա մասին։ Մեր գյուղերի անունները դեռ հայկական են։ Դա պետությունն էլ գիտի, հասարակությունն էլ։ Այո՛, այդ գործընթացի մեջ քրդերն էլ են դեր խաղացել։ Երբ արխիվները բացվեն, մանրամասներն անպայման կբացահայտվեն։
– Ես իրականում չհարցրեցի` Դուք ընդունում եք, որ քրդերը դերակատարություն են ունեցել Ցեղասպանության ժամանակ, բայց արդյո՞ք այդ իրողությունն է պատճառը, որ Դուք ավելի զգայուն եք այդ հարցում։ Միության՝ ապրիլի 24-ի նկատմամբ ունեցած այս զգայունության հիմքում ի՞նչն է ընկած։
– Մենք համառորեն ապրիլի 24-ին հայտարարությամբ ենք հանդես գալիս, քանի որ ապրում ենք այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել այդ ցավալի իրողությունները։ Դիարբեքիրի, Սուրի կեսն այդ ժամանակ կազմված էր հայկական համայնքից։ Դեռևս, թեև քիչ, սակայն այստեղ ապրող հայեր կան։ Այդ մարդիկ այստեղ էին, այսօր չկան։ Այդ հարստությունը, մշակույթը չկա։ Այդ տեսանկյունից կատարված աղետի պատասխանատվության գիտակցություն ունենք։ Ինչ էլ լինի, վստահ եմ, որ այդ հայտարարությունները շարունակելու ենք անել։ Երանի բոլոր փասաբանական պալատներն այս հարցի վերաբերյալ ճշմարտության բացահայտման կոչերով հանդես գան։ Պարտադիր չէ, որ նրանք անպայման ճանաչեն այն։ Սակայն, ըստ իս, պետք է պահանջենք առերեսում։ Շարունակում ենք մեր նախորդ ղեկավարների ձևավորած մշակույթը, կատարած առաքելությունը։
– Կարծում եմ, որ երբ պաշտոնում նշանակվելիս ասացիք․ «Ժառանգությանը տեր կանգնել», նման մի բան էիք մատնանշում։
-Դիարբեքիրի փաստաբանական պալատում ժողովրդավարական հասունությամբ ընտրական գործընթաց է տեղի ունենում, սակայն ով էլ ընտրվի, իրականում չի հաղթում կամ պարտվում։ Դրոշն ավելի առաջ տանելու հարցն է։ Այս հասունությունը երբեք չի անհետանա։
– Դուք խոսեցիք Դիարբեքիրում հայերի գոյության մասին։ Հայկական թաղամասն այսօր լրիվ այլ տեսք ունեցող Սուրում էր։ Թահիր Էլչին այստեղի ավերման վրա ուշադրություն հրավիրելու ժամանակ է սպանվել։ Ինչպե՞ս կգնահատեք Սուրում Զանգվածային բնակարանաշինության վարչության գործունեությունը։
– Մեր ամենամեծ վերքն է դա։ Մեր ղեկավար Թահիրը մահացավ մշակութային արժեքները պաշտպանելու համար խաղաղության կոչերով հանդես գալու ժամանակ։ Մենք բոլորս Մկրտիչ Մարկոսյանի «Գյավուր թաղը» գրքից գիտենք հայկական թաղամասի մասին։ Եթե այսօր գնաք այնտեղ, կտեսնեք, որ այդ պատմական ժառանգությունից ոչինչ չի մնացել։ Դեռևս չենք կարող մուտք գործել հայտնի շրջանններ։ Սուրն այլևս նախկին Սուրը չէ։ Դիարբեքիրի բազալտից պատրաստված բակեր ունեցող տները հարմար էին ամռանը և ձմռանը։ Ամռանը՝ զով, ձմռանը տաք էին պահում։ Այժմ ավերումից հետո բետոնե կառույցների վրա այդ քարերը հիշեցնող հարդարանք են օգտագործել՝ այսպես ասած կեղծել են։ Այդ տները չեն կառուցվել հնում այնտեղ ապրողների համար։ Սուրում հիմնականում ապրում էին անապահով խավի ներկայացուցիչներ։ Շատ քչերն են կարողանում նախկին ու ներկա կառույցների միջև եղած գումարային տարբերությունը վճարել և վերադառնալ։ Տեխնիկական առումով նախկին սեփականատերերին առաջնահերթություն են տալիս, սակայն եթե այդ տարբերությունը չկարողանան վճարել, ապա Բնակարանային զարգացման վարչությունը դրանք վաճառքի կհանի։
– Մայիսի 5-ին Փաստաբանների միջազգային օրվա կապակցությամբ մի զեկույց հրապարակեցիք։ Փաստաբանական պալատի անդամ 69 դատապաշտպանների նկատմամբ 78 հետաքննություն է վարույթում։ Դա էլ, կարծում եմ, Դիարբեքիրի փաստաբանական պալատի համար ստեղծված հատուկ վիճակ է։
– Դատապաշտպանի մասնագիտական գործունեությունը ծավալելիս փաստաբանը չպետք է փոխվի ըստ իր հաճախորդի պհանջների կամ չպետք է նույնականացվի իր հաճախորդի հետ։ Դատական գործընթացում նման ռեֆլեքս է առկա։ Պատկերացրեք՝ Դիարբեքիրում փաստաբանական գործունեություն եք ծավալում, ահաբեկչական կազմակերպության անդամ է ձերբակալվում, և ստիպված եք լինում նրա փաստաբանը լինել։ Բանտում գնալ-հանդիպելն անգամ հանցանք է ներկայացվում։ Ձեր պաշտպանյալը կարող է լինել քաղաքականությամբ զբաղվող անձ, նրա խոսքը տարածելու ժամանակ դուք համարվում եք կասկածելի անձ։ Ցավոք նման հետաքննությունները մեզ մոտ շատ տարածված են։ Սրանից 7-8 տարի առաջ կառավարության կողմից սահմանադրական փոփոխությունների վրա աշխատելու համար խորհրդարան հրավիրված Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի աշխատանքներին որպես փաստաբան մասնակցելու պատճառով բանտարկված անձինք կան։ Մեր նախորդ ղեկավարներին էլ են այդ պատճառով՝ «ահաբեկչական կառույցի անդամ» լինելու պատճառաբանությամբ դատել։ Եթե դա մեղք է և հետաքննություն էր պահանջում, ինչու՞ 8 տարի առաջ չի արվել։ Լուծում գտնելու գործընթացի ժամանակ մեր կատարած քայլերն այսօր մեր առջև են հառնում որպես հանցանքներ։ Այդ պարագայում այդ օրենքը թող կիրառելի լինի այդ ժամանակաշրջանի բոլոր դերակատարների համար։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net