Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Թուրքիայում գործող Մեդիա և իրավական աշխատանքների միության, ինչպես նաև՝ Հոլանդիայում հիմնված Lawyers for Lawyers (Փաստաբանները հանուն փաստաբանների) հասարակական կազմակերպության համատեղ պատրաստած զեկույցի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախագահի և ևս 10 դատապաշտպանի դեմ հարուցված դատական պրոցեսը հակասում է միջազգային իրավական պայմանագրերին ու որոշումներին։
Այդ մասին, Akunq.net-ի համաձայն, հաղորդվում է Մեդիա և իրավական աշխատանքների միության պաշտոնական կայքէջում` https://www.mlsaturkey.com/tr։
Ըստ աղբյուրի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարություններով հանդես եկած Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախագահի և անդամների դեմ հետաքննություններ էին մեկնարկել, և Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությամբ դրանք վերածվել էին դատական պրոցեսների։
Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ 7 առանձին դատական գործ է հարուցվել` 2017-2023 թթ․ ընթացքում ամեն ապրիլի 24-ին կատարված հայտարարությունների համար։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը դատական պրոցեսի մեկնարկը թույլ տալու համար հիմք է ընդունել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը։
Դատական պրոցեսի 4-րդ նիստը պետք է տեղի ունենա այս ուրբաթ՝ դեկտեմբերի 22-ին, Դիարբեքիրի 9-րդ ծանր հանցագործությունների դատարանում։ Հոլանդիայում գործող Lawyers for Lawyers (Փաստաբանները հանուն փաստաբանների) հասարակական կազմակերպությունը Թուրքիայում գործող Մեդիա և իրավական աշխատանքների միության հետ համատեղ մասնագիտական տեսակետ է մշակել, որը կներկայացվի դեկտեմբերի 22-ի նիստին։
Այդ տեսակետի համաձայն՝ դատական պրոցեսների համար հիմք ծառայած օրենքի դրույթը հակասում է Թուրքիայի՝ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։ Տեսակետում արձանագրվում է, որ տվյալ դատական գործերը մասնավորապես հակասում են ՄԱԿ-ի Անձնական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրին, ինչպես նաև՝ Եվրոպայի Մարդու իրավունքների պայմանագրում ամրագրված խոսքի ազատությանը և ՄԱԿ-ի փաստաբանների ու դատավորների անկախության վերաբերյալ որոշմանը։
Ի վերջո, տեսակետի հեղինակները՝ Lawyers for Lawyers (Փաստաբանները հանուն փաստաբանների) հասարակական կազմակերպությունն ու Մեդիա և իրավական աշխատանքների միությունը, կոչ են անում Դիարբեքիրի 9-րդ ծանր հանցագործությունների դատարանին մերժել այդ դատական գործերը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net