Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի քրօրենսգրքի 301-րդ հոդվածով Հայոց ցեղասպանության մասին իրենց հայտարարության համար դատված Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահն ու խորհրդի անդամներն արդարացվել են։
Akunq.net-ի համաձայն՝ Դիարբեքիրի փաստաբանների պալատի 2018-2020 թթ․ նախագահ Ջիհան Այդընը և տնօրենների խորհրդի անդամները դատվել են Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հայտարարության համար։
Սերդար Չելեբին և Թևֆիք Քարահանը հարգելի ապտճառներով չեն ներկայացել Դիարբեքիրի 9-րդ քրեական դատարանի նիստին։
Ներկա էին Այդընը և խորհրդի անդամներ Մուհլիս Օղուրգյուլը, Ահմեդ Դաղը, Էրհան Այթեքինը, Ֆըրաթ Ուգերը, Գազալ Բայրամ Քոլումանը, Մեհմեդ Աքբաշը, Սերդար Չելեբին, Թևֆիկ Քարահանը, Օմեր Շարանը և Օզգուր Յըլմազ Բիչենը։
Ըստ թուրքական մամուլում հրապարակված տեղեկության՝ դատախազը կրկնել է նախորդ նիստում արտահայտած իր ճառը և պատիժ պահանջել մեղադրյալների համար։
Ջիհան Այդընն առաջին պաշտպանական ելույթն է ունեցել մեղադրանքների դեմ։ Նա հայտարարել է, որ Դիարբեքիրի փաստաբանների միությունը բազմիցս թիրախավորվել է, միության անդամների դեմ դատական գործեր են հարուցվել։
«Նախ մեզ պիտակավորում են, հետո գործ են հարուցում»։ Հիշեցնելով փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչիին, ով թիրախ էր դարձել, ապա՝ սպանվել, Այդընն ասել է. «Թահիր Էլչիին սկզբում պիտակավորեցին, հետո սպանեցին»։
Դատարանի նախագահը միջամտել է Այդընի խոսքերին՝ նշելով․ «Այս նիստը այդ հարցի քննարկման տեղը չէ»։
Այդընն ընդգծել է. «Այո, մենք էլ ենք նույն բանն ասում: Այս հայցի տեղը այս դատարանը չէ։ Այս գործը հարուցվել է այստեղից դուրս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Նախ մեզ պիտակավորում են քաղաքականության, մեդիայի, իրավապահ մարմինների կողմից, հետո մեզ փոխանցում են դատական համակարգ»։
«Սա հինգերորդ, վեցերորդ հայցն է, որ հարուցում եք»
Այդընը հիշեցրել է, որ Դիարբեքիրի փաստաբանների միության տնօրենների խորհրդի անդամների դեմ նախկինում երեք հայց է ներկայացվել՝ կապված «Հայոց ցեղասպանության» մասին նրանց հայտարարությունների հետ, և այդ գործերով արդարացման դատավճիռներ են կայացվել։ «Այս արդարացման դատավճիռները վերջնական են դարձել։ Այդ դեպքում ինչո՞ւ եք 4-րդ, 5-րդ, 6-րդ հայցը ներկայացնում։ Այդ դեպքում որտե՞ղ է իրավական կանխատեսելիությունը: Մենք խոսում ենք՝ մեզ թիրախավորում են, մեզ ընտրում են քաղաքապետ՝ մեզ թիրախավորում են, մեզ պաշտոնանկ են անում, մեզ ձերբակալում են, մեզ սպառնում են։ Որտե՞ղ էիք, դատաիրավական իշխանություն, քանի դեռ սա տեղի էր ունենում»։ Նախագահող դատավորը հերթական անգամ ընդհատեց Այդընին՝ ասելով․ «Միջամտում եմ»։
Այդընն ասաց. «Մի՛ միջամտեք: Ասացինք «Հայոց ցեղասպանություն», դատական գործ հարուցվեց, նորից ասում ենք՝ «Հայոց ցեղասպանություն»»։
Այդընի պաշտպանական ճառից հետո դատավարության մեջ ընդգրկված մյուս փաստաբանները հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը մտքի և արտահայտվելու ազատության շրջանակում է:
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել օսմանյան շրջանում»։ Փաստաբանների հայտարարություններից հետո նրանց պաշտպաններ Մեհմեթ Էմին Աքթարը, Ռաջի Բիլիջին, Շեյհմուս Բայհանը, Գաֆեր Քոլումանը, Նահիթ Էրենը հանդես եկան պաշտպանական ճառերով։
Փաստաբաններն ընդգծել են, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել օսմանյան ժամանակաշրջանում, և «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետության պետությունը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը, պետության դատական մարմինները այն ժամանակ գոյություն չեն ունեցել։
Փաստաբանները նշելով, որ իրենց պաշտպանյալների օգտագործած բառերը «նվաստացում» չեն պարունակում և պայմանավորված են եղել իրավիճակով, պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալներին։
Կարճ ընդմիջումից հետո դատարանը որոշել է արդարացնել Այդընին ու խորհրդի բոլոր անդամներին։
https://bianet.org/haber/diyarbakir-barosu-na-ermeni-soykirimi-davasindan-beraat-291362
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net