Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ Անկախ-ը զրուցել է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանի հետ։
-Պարոն Մեսրոբյան, Դուք դեմ էիք ընտրություններին՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում դա ավելի կխորացնի ճգնաժամը։ Այնուամենայնիվ, պաշտոնապես ընտրություններն արդեն նշանակված են եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի։ Ի՞նչ կասեք դրա հետ կապված:
-Ես ընտրություններին դեմ եմ ոչ թե իմ ցանկությամբ, այլ կառավարման մեջ օգտագործվող ճգնաժամային գնահատման մոդելներից ելնելով: Այդ մոդելները ցույց են տալիս, որ համաձայն Պարետոյի օրենքի՝ նման իրավիճակում ընտրությունների գնալու դեպքում 80% հավանականությամբ մեզ սպասվում են արհավիրքներ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ հետո:
-Արհավիրքներ ասելով ի՞նչ ի նկատի ունեք։
-Քաոսային իրավիճակ, սադրանքներ, գերլարվածություն, հասարակության վտանգավոր բևեռացում, ընդհուպ մինչև արյունահեղություն: Այդ մոդելով ես կանխատեսել եմ վերջին տասը տարիների բոլոր արհավիրքները՝ 2008-ի դեպքերից սկսած, վերջացրած 2016-ի ապրիլյան պատերազմով և իհարկե 2018-ի իշխանափոխությունն ու 2020-ի պատերազմը և դրա ողբերգական վախճանը: Տա՛ Աստված, որ այս անգամ գործի 20% հավանականությունը: Ի դեպ, այս կոնտեքստում կարող ենք դիտարկել նաև Սյունիքում հենց այս պահին տեղի ունեցող իրադարձությունները, որոնք շատ վտանգավոր են։
-Եթե ընտրությունները տեղի ունենան, Դուք գնալո՞ւ եք ընտրության։
-Ես չեմ գնալու այն պարզ պատճառով, որ եթե աշխատի իմ նշած 80% հավանականությունն, ապա ես այդ դժբախտության հանցակիցը կլինեմ: Այդ իսկ պատճառով բոլոր ուժերին պարբերաբար կոչ եմ անում գնալ 1998-ի սցենարով, երբ իշխանափոխությունն իրականացավ կուլիսների ետևում՝ առանց չարաբաստիկ ընտրությունների:
-Մայիսի 9-ին ազդարարվեց «Հայաստան» դաշինքի ստեղծումը, որը գլխավորելու է ՀՀ 2-րդ նախագահ Ռ.Քոչարյանը, այնուհետև տեղի ունեցավ բավականին բազմամարդ հանրահավաք: Ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի՞ հաղթելու այս պայքարում:
-Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն ասպարեզ եկավ ՀՅԴ-ի և խորհրդանշական Սյունիքի կուսակցության հետ, ավելի է սաստկացնելու մինչընտրական, ընտրական և հետընտրական կրքերը, որովհետև բարիկադի 2 կողմում կուտակվում են խիստ իրարամերժ ուժեր, իսկ դա է՛լ ավելի մտահոգիչ է ինձ համար՝ որպես կառավարման փորձագետ: Ինչ վերաբերում է Քոչարյանի շանսերին, քանի որ մենք ծայրահեղություններ սիրող ժողովուրդ ենք (չնայած լեզուս նույնիսկ չի պտտվում մեզ կոչել ժողովուրդ), դա նշանակում է, որ 2 բևեռներն էլ բավականին մարտական են տրամադրված լինելու, ընդհուպ իրար ոչնչացնելու աստիճան: Իսկ դա նշանակում է, որ կողմերի հաղթանակի հավանականությունը կախված է անսպասելի քայլերից, սադրանքներից ու վտանգավոր զարգացումներից՝ այդ թվում նաև արտաքին ուժերի կողմից գեներացվող:
-Մարդիկ հիասթափված են և չեն ուզում գնալ ընտրությունների՝ հիմնավորելով, որ կրկին պայքարը մտնում է հնի ու նորի դաշտ: Շատերն ուզում են, որ այս իշխանությունը հեռանա, բայց չեն ուզում, որ գա նախկին իշխանության ներկայացուցիչը: Արդարացվա՞ծ է արդյոք նման հիմնավորումն այս օրհասական պահին:
-Ինձ նման հիմնավորումները չեն հետաքրքրում շատ պարզ պատճառով. և՛ 1991-ի, և՛ 2018-ի ընտրությունները ցույց են տվել, որ մենք արժանի չենք ազատ ընտրությունների և այդ ընտրությունների միջոցով երկրի ապագան որոշելու։ Իմ նշած 2 ազատ ընտրություններից շատ կարճ ժամանակ անց մենք զզվում էինք մեր ընտրությունից: Այսինքն, երկրի ղեկավար ընտրելն այն հարցն է, որից մենք լրիվ բոբիկ ենք: Մենք ավելի շատ սիրում ենք լսել ճարտար խոսքեր ու խոստումներ, քան սառը գլխով ընտրություն անել: Մենք բոլորս ականջներիս պետք է օղ անենք՝ ընտրություններին ընտրվում է երկրի ապագան, իսկ հույզերով կամ էյֆորիկ վիճակներում ապագա չեն ընտրում, այն էլ երկրի: Հիմա էլ այս սև ու սպիտակի «մեյմունությունը»: Մենք կակոկրատական՝ անարժան իշխանություն սիրող հասարակություն ենք: Եթե լինի հրաշք, ու մենք ունենանք մերիտոկրատական՝ արժանի իշխանություն սիրող հասարակություն, ապա արժանի կլինենք նաև ընտրության գնալու:
-Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: Ի՞նչ տեղի կունենա, եթե վերընտրվի այս իշխանությունը, և ի՞նչ է մեզ սպասվում, եթե հաղթի ընդդիմությունը։
-Եթե վերարտադրվի այս իշխանությունը, Հայաստանի վրա կարելի է վերջնական խաչ քաշել։ Եթե իշխանության գա ընդդիմությունն, օրինակ՝ Քոչարյանի դաշինքը, կառաջանա որոշակի շանս: Եվ ես կարող եմ մատնանշել այդ դաշինքի ուժեղ և թույլ կողմերը: Սկսեմ ուժեղ կողմերից. իրենց առաջին հանրահավաքի հարթակում ես դեռ չեմ տեսել օդիոզ դեմքեր: Բացի այդ, Քոչարյանն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ և որոշակի խարիզմա: Ինչ վերաբերում է թույլ կողմերին, ապա Քոչարյանի կառավարման ժամանակ ընդհանուր առմամբ եղել է բավականին անհաջող կադրային քաղաքականություն, հակաճագնաժամային կառավարում եղել է, բայց զուգահեռ ծրագրային կառավարում չի եղել։ Ծրագրային կառավարումն այն է, երբ դու գործում ես արդեն մշակված երկրի զարգացման և հզորացման ծրագրով: Մի խնդիր էլ կա. ինչպես և բոլոր ուժերի մոտ, այս ուժի մոտ էլ ես դեռ չեմ տեսնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող FARA-ի (Foreign Agents Registration Act) օրենքն ընդունելու միտումը, որով Հայաստանը պետք է կոշտ ձևով մաքրվի գրանտալափության ճիրաններից ու դրսից սնվող ապազգային և կեղծ ազգայնական դեմքերից, որոնք վերջին շրջանում հատկապես ոչ պատահական ձևով ակտիվացել են: Հիշեք՝ Ուկրաինայում 2014-ին հաղթեցին կեղծ ազգայնական գրանտալափ ուժերը, իսկ 2019-ին, զզված այդ ուժից, մարդիկ իշխանության բերեցին ապազգային գրանտալափ ուժերի, բայց նրանք երկուսն էլ կառավարվում են նույն կենտրոններից: Մեզ մոտ 2018-ին եղավ ճիշտ հակառակը՝ իշխանության եկան ապազգային գրանտալափ ուժեր, որոնց նկատմամբ աճում է անգամ ատելությունը, և ճոճանակի էֆեկտով հիմա կարող են գալ կեղծ ազգայնական գրանտալափեր: Դա ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ։
-Նախընտրական ի՞նչ քայլեր պետք է կատարեն այս իշխանության դեմ պայքարող ուժերը, որպեսզի հասարակությունն իսկապես վստահի նրանց և իր քվեն տա։
-Պետք է նպատակաուղղված աշխատանք տանեն առաջին հերթին արժանի մտավորականների հետ, որոնք երբեք չեն գովաբանել օրվա իշխանություններին, երբեք չեն օգտվել կենտրոնական և տեղական կառավարման պաշտոններից ու կերակրատաշտերից: Նման թափթփուկներին անհրաժեշտ է մղոններով հեռու պահել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերից: Պետք է հայտարարել և արդեն նախընտրական փուլից ի կատար ածել անձնական պատասխանատվության մշակույթը, օրինակ՝ կադրային քաղաքականության մեջ ցանկացած պաշտոնյա պետք է անձնական պատասխանատվություն կրի իր ոլորտի համար, ընդհուպ մինչև քրեական: Կամ նախընտրական խոստումը չկատարելու դեպքում պարտադիր պատասխանատվություն կրեն և այլն: Ես առաջարկում եմ նաև, որ նոր իշխանությունն անցնի կոշտ նախագահական պետական կառավարման համակարգի:
-Ի՞նչ ծրագրերով, Հայաստանի զարգացման ի՞նչ տեսլականով պետք է առաջնորդվի Հայաստանի հաջորդ իշխանությունը։
-Ես գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է զուգահեռ 2 մեթոդաբանությամբ երկիրը կառավարի՝ հակաճգնաժամային և ծրագրային: Այսինքն հրատապ խնդիրները լուծելուն զուգահեռ պետք է առաջ տանել երկրի երկարաժամկետ ծրագիրը։ Դրա համար նոր իշխանությունը պետք է արժանիններին հավաքագրի կառավարման պրոցեսների մեջ, այնպիսի գործիչների, ինչպիսին, օրինակ, Վազգեն Մանուկյանն է, որը պետք է հանգուցային դերակատարում ունենա նոր Հայաստանում: Նոր իշխանությունը պետք է գիտակցի, որ մահապարտի ֆունկցիա է իր վրա վերցնում: Հակառակ դեպքում մահանալու է երկիրը:
Մի քանի ամսից հետո պատրաստ կլինի Հայաստանը փոսից հանելու, զարգացման և հզորացման ռազմավարական ծրագիրը, որի մշակումը մենք մեր թիմով սկսել ենք նախորդ տարվա հուլիս ամսից, և 65% այն արդեն պատրաստ է: Այդ ծրագրում ներկայացված են լինելու այն ճանապարհները և մեխանիզմները, որոնցով մեր երկիրը կարող է իսկապես դուրս գալ այս ողբերգական վիճակից և գնալ դեպի զարգացում ու հզորացում։
- Ձեր գործունեության ընթացքում հակաճգնաժամային կառավարման ոլորտում մի շարք հաջողություններ եք գրանցել։ Ի՞նչ խորհուրդ կարող եք այդ իմաստով տալ նոր իշխանությանը։
-1994-ին ակտիվ մասնակցելով ՀՀ դրամի կայունացման աշխատանքներին, մի քանի տարի անց միանձնյա կառավարելով Ֆինանսաբանկային քոլեջի մեկնարկը, չաշխատող «Նաիրիտ» գործարանի 2003-ի վերագործարկումը, 2001-2004 թվականներին անվճարունակ «Արարատ» բանկի 100% առողջացումը և ունենալով մի շարք այլ հակաճգնաժամային հաջողություններ` ես եկա այն համոզման, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է հստակ ունենալ նպատակի երկարաժամկետ տեսլական և կոշտ մեթոդներով ի կատար ածել այն: Դա է պատճառը, որ երկրի նոր իշխանությունները պարտադիր պետք է հակաճգնաժամային կառավարումը համակցեն ծրագրային կառավարման հետ:
- Համամի՞տ եք այն կարծիքին, որ այս իշխանությունն ամեն գնով կփորձի պահել իշխանությունը, եթե նույնիսկ պարտվի ընտրություններում։
-Այո, գործող իշխանություններն օգտագործելու են բոլոր լծակներն ու միջոցներն իշխանությունը պահելու համար, որովհետև իրենց դեմ կանգնած է մի ուժ, որն իրենց համար սկզբունքային հակառակորդ է: Առավել ևս, որ իրենց իշխանության օրոք մենք ունենք 10 հազար զոհ պատերազմի և քովիդի հետևանքով, 10 հազար քմ տարածքի կորուստ, տասնյակ հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, հաշմանդամներ ու տեղահանվածներ: Իրենք լավ գիտեն, որ այս ամենն անհետևանք չի մնալու: Այսինքն իշխանություն պահելն իրենց համար կյանքի և մահու պայքար է, դրա համար ամեն գնով կփորձեն պահել: Եվ դա նույնպես պարարտ հող է, որ սկսվեն լուրջ խժդժություններ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ հետո:
-Կառավարման տեսակետից ի՞նչ փուլում է գտվում Հայաստանն այսօր:
-Այսօր մեր երկիրը գտնվում է ֆորսմաժորի մեջ: Դա 3-րդ՝ ամենավտանգավոր վիճակն է: Մինչև 2018-ի ապրիլը Հայաստանը պետական կառավարման իմաստով խորը ճգնաժամի մեջ էր, որն է՛լ ավելի խորացավ 2018-ի ապրիլից մինչև 2020-ի մարտը։ Դրանից հետո մենք մտանք կատարյալ փոթորկի փուլ, երբ նույն վայրում և նույն ժամանակահատվածում գումարվում են մի քանի ճգնաժամեր, իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ից մենք գտնվում ենք ֆորսմաժորի մեջ, այսինքն՝ անհաղթահարելի ուժի պայմաններում: Իսկ ֆորսմաժորի ժամանակ հակացուցված կամ առնվազն վտանգավոր են ցանկացած ընտրություններ: Այժմ մենք մոտենում ենք վերջին՝ բիֆուրկացիոն կետին, որն անվերադարձելիության կետն է։ Դրանից հետո կա՛մ շանս ենք ստաում վերականգնվելու և հզորանալու, կա՛մ․․․