Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 16:49
Հասարակություն

Բանակը լուրջ տեխնիկական համալրում է ստանում. փորձագետ

Բանակը լուրջ տեխնիկական համալրում է ստանում. փորձագետ

Նախորդ շաբաթ տեղի ունեցած մի քանի կարեւոր իրադարձություններից կարելի է առանձնացնել Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման ռուսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրումը: Հիշեցնենք, որ այս կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին: Սպառազինությունը ձեռք է բերվելու գործարանային գներով՝ ՌԴ ներքին գներով: Թեմայի վերաբերյալ մանրամասների բացակայությունը (հասկանալի պատճառներով), ըստ էության, հնարավորություն չտվեց վերլուծել՝ հասկանալու համար, թե իրականում ի՞նչ խնդիր է լուծում 200 մլն դոլարանոց սպառազինության համալրումը բանակի համար:

Եվ չնայած գնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին մանրամասների բացակայությանը, ըստ փորձագետ Տիգրան Աբրահամյանի, Հայաստանի նման երկրի համար, ռազմական ոլորտում 200 մլն դոլար ներդրումը պատկառելի թիվ է, լուրջ գործարք:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Հայաստանն այս գործարքի շրջանակներում «ԻՍԿԱՆԴԵՐ Մ» տիպի օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր է ձեռք բերելու, ինչի մասին, ի դեպ, խոսվում էր դեռևս 1-2 տարի առաջ:

Այս կապակցությամբ Yerkir.am-ի հետ զրույցում փորձագետը նշեց. «Որպես կանոն` նման գործարքների դեպքում գնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցանկը հրապարակային ձևով չի ներկայացվում: Սակայն, հաշվի առնելով գործարքի գինը, նվազագույնը կարելի է արձանագրել, որ խոսք է գնում ժամանակակից սպառազինության ձեռք բերման մասին: Մեկ դիտարկում ևս` ՌԴ-ն, ինչպես նաև ռազմական տեխնիկա արտադրող խոշոր խաղացողները որոշակի սահմանափակումներ են սահմանում արտահանումների մասով: Սակայն, հաշվի առնելով ՀՀ-ՌԴ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները, ՌԴ-ն Հայաստանի հարցում այլ քաղաքականություն է վարում, և, որպես կանոն, ժամանակակից ռազմական տեխնիկայի ձեռք բերման հարցում Հայաստանը խնդիրներ չի ունենում»:

Նշենք, որ Ադրբեջանն արդեն հասցրել է հիստերիա բարձրացնել այս գործարքի կապակցությամբ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է. «Մենք վճռականորեն արտահայտում ենք այն դիրքորոշումը, որ այդ սպառազինությունը չպետք է տեղակայվի Ադրբեջանի Հանրապետության՝ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում»:

Մեր թղթակցի հետ զրույցում փորձագետ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Անկեղծ ասած` Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները մեզ այդքան էլ չեն հուզում: Այդ երկիրը վերջին 5 տարում ռազմական բնագավառում հսկայական ծախսեր է իրականացրել, ռազմական բյուջեն էական աճել է: Այս իրավիճակում նույնիսկ անհասկանալի են Ադրբեջանից հնչող հայտարարությունները: Միաժամանակ, զավեշտի է նմանվում, երբ ադրբեջանցի պաշտոնյաները միջազգային իրավունքի նորմերին են հղում անում, երբ Ադրբեջանի գործողությունները արտաքին ու ներքին քաղաքական հարթակներում իրենց իսկ մատնանշած միջազգային նորմերի հետ որևէ առնչություն չունեն»:

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի այն հայտարարությանը, թե դա կարող է վնասել բանակցային գործընթացին: «Խաղաղ բանակցային գործընթացին վնասում են Ադրբեջանի ոչ ադեկվատ պահվածքն ու մաքսիմալիստական մոտեցումները: Էլ չեմ խոսում սպառազինության ահռելի գնումների մասին, մանավանդ` երբ այդ համատեքստում Ադրբեջանը երբեք էլ չի թաքցնում, որ ռազմական ճանապարհը խնդրի կարգավորման տարբերակներից է»,- ասաց փորձագետը: