կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 16:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կային դեպքեր, որ առերևույթ նման էին դավաճանության․ Արտակ Ավետիսյանը՝ Շուշիում կատարվածի մասին

Դեպքերը ցույց տվեցին՝ եթե մտահոգ ես, պետք է ակտիվ լինես, քանի որ բաներ կան, որ ռազմի դաշտում չեն որոշվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը, որն իբրև կամավոր մասնակցել է վերջին պատերազմին «Հայրենիք» զորախմբի կազմում։

Նրան մտահոգում է, որ իշխանությունների պատճառով կարող են ռազմական ձեռքբերումները փոշիանալ։

Արտակ Ավետիսյանը եղել է «Հայրենիք» զորախմբի հրամանատարի տեղակալը, և պատմեց դրվագներ, որոնք իր վրա մեծագույն տպավորություն են թողել։

«Նախորդ պատերազմների ընթացքում էլ եմ շփվել հրամանատարների հետ, իսկ այս պատերազմում եղավ մի դեպք. Շուշիում, երբ թեժ մարտեր էին, աջ ու ձախ հրետակոծություն, մեր տղաներից մի քանիսը համընդհանուր թոհուբոհի մեջ կորան։ Պարզվեց, որ մեկը վիրավոր է, և մի 4 հոգանոց խումբ էլ կորցրել էր ճանապարհը։ Այդ խմբի մեջ էր նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմը, և երբ ես հարցրի, թե ինչ լուծում տամ, որոնողական խմբեր ուղարկե՞մ, այդ պահին ինձ կտրուկ արձագանք տրվեց, որ նախ մեր վիրավոր տղային պետք է գտնենք, հանենք, իսկ այն 4 հոգանոց խմբի մասին ասաց՝ նրանք 4-ն են, լուծում կգտնեն։ Ես նման՝ արագ կողմնորոշվող ու ճիշտ լուծում գտնող մարդու չէի հանդիպել»,- ասաց նա։

Նրա համոզմամբ՝ հիմա էլ երկրին է անհրաժեշտ ճիշտ կողմնորոշվող ղեկավար, քանի որ ՀՀ-ն անընդհատ պատերազմի մեջ է թե՛ արտաքին ճակատում, թե՛՝ ռազմի դաշտում։

Արտակ Ավետիսյանը փաստեց, որ բոլոր նրանք, ովքեր եղել են մարտի դաշտում, գիտեն՝ ինչ վիճակ է եղել՝ մարդիկ անգամ չեն իմացել իրենց աջ ու ձախ կողմերում ովքեր են։

«Մեր զորախմբին ՊՆ-ի կապավորներ միացան, որոնք պրոֆեսիոնալ կապը պիտի ապահովեին։ Հասանք տեղ, բացազատվեցինք, պարզվեց այդ կապավորները տվյալ պայմաններում չեն կարող աշխատել։ Մենք չունեինք հեռախոսներ, կապի միջոցներ։ Մենք ունեցանք ընկերներ, որոնց պետք էր մարտից հետո Շուշիից դուրս բերել, բայց չկար կանոնակարգված բուժսպասարկում։ Ամեն ինչ քաոտիկ ու անկազմակերպ էր․ Շուշիում կային տարբեր ջոկատներ, որոնք չունեին անգամ ընդհանուր հրամանատար»,- պատմեց նա։

Դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ՝ հարցին, Արտակ Ավետիսյանը պատասխանեց՝ կային դեպքեր, որ առերևույթ նման էին դավաճանության։

«Նախքան պատերազմն արդեն «Հայրենիքը» իշխանությունների կողմից թիրախավորված էր, քանի որ հանրահավաք էր կազմակերպել։ Եվ հետո արդեն լուրեր էին տարածում, թե մենք դիրքերը լքել ենք, փախել ենք։ Առաջին հայտարարություններին արձագանքեցին մեր կողքին եղած գեներալները, որոնք նշել էին՝ Շոշն ու Շուշին վերջինը լքել են «Հայրենիքի» տղաները։ Բայց հետո դասալքության հետ կապված գործեր հարուցեցին, հետո կարճվեց ամեն բան, հիմա նորից սկսվել է։ Բայց մենք ոչ մի վախենալու բան չունենք։ Բացի այդ, երբ մենք Շուշիում էին, մեզ հատուկ ուղարկեցին այնպիսի դիրքեր, որոնք պահելը բացառիկ հերոսություն պիտի լիներ և որն էլ արվեց։ Այդ պահին արդեն ադրբեջանական ԶԼՄ-ներում գնացել էր հաղորդագրություն, թե Վանեցյանի զորախումբը գլխովին ջախջախված է։ Մեզ ասել էին, որ ադրբեջանցի հետախույզներ են հայտնաբերվել՝ մի 50 հոգի, որոնց մեծ մասը ոչնչացվել է, մի 10 հոգու չափ թափառում են, պետք է գտնել ու ոչնչացնել․ մենք 100 հոգով գնացինք ու մեր դեմ դուրս եկավ մի 1 200 հոգանոց մինչև ատամները զինված հատուկջոկատայինների խումբ։ Երևի իրենք մտածում էին՝ այդ ծուղակից դուրս չենք գա ու շտապեցին ֆիքսել»,-ասաց Արտակ Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․