Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի սկզբանե մոտեցումը՝ հույսը դնել, որ քաղաքացիները մեկը մյուսին կօգնեն՝ արդեն ձախողված է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի «կոմունալ համերաշխության» բանաձեւին, այն է՝ եթե որևէ մեկը չունի կառավարության տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրի այն իրական կարիքավորին։
«Այդ բանաձևը չի կարող արդյունք ապահովվել, այս դեպքում 5, 10, 20 թե 30 ընտանիք նման կերպ կստանան աջակցություն՝ արդեն կարևոր չէ։ Սա ինքնին մոտեցում չէ, սոցիալական քաղաքականություն չէ, սոցիալական քաղաքականության մոտեցում չէ, որովհետև հասցեականություն ապահովողը պետությունը և պետական մարմինը պետք է լինի։ Պետությունն իր ամբողջ ներուժով, իր ամբողջ տեղեկատվական հնարավորություններով չի կարողանում, ապաշնորհ է գտնվում այդ գործում, չի էլ լսում մասնագիտական շրջանակների կարծիքը, առաջարիկները, փաստարկները և գնում է իր մոտեցումներով ու ձախողում է, հիմա էլ փորձ են անում իրենց առաջացրած խնդիրը նետել հանրության վրա և հող պատրաստել, թե ախր մենք հորդորեցինք, որ ձեր գումարներից մեկը մյուսին փոխանցեք՝ դուք չարեցիք և մենք էլ ունեցանք կոլապս։ Սա նման է 90-ական թվականների սկզբներին, երբ աղքատ ընտանիքներին օրվա բարձրաստիճանները հորդորում էին պարտք վերցնել հարևանից։ Ինչպես դա ձախողվեց 1990-ականներին, նույնկերպ էլ ձախողվելու է հիմա»,-ասաց նա։
Տնտեսագետն ընդգծեց, որ իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կօգնեն իրենց բարեկամին, հարազատին, քանի որ հայերը միշտ էլ ունեցել են դժվարին իրավիճակներում համախմբվելու, միմյանց օգնելու կարողություն, բայց դա չի կարող փոխարինել պետության աջակցությունը և դա չի կարող շտկել պետության քաղաքականության բացերը։
«Պարզ է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե քանի կարիքավոր ընտանիքներ դուրս կմնան հարևան-բարեկամական շրջանակից սպասվող օգնությունից և կհայտնվեն անելանելի իրավիճակում։ Եթե պետությունը չի կարողանում հասցեականությունն ապահովել, դժվար է պատկերացնել, որ հանրությունը ինքնակարգավորմամբ կկարողանա այդ հասցեականությունն ապահովել»:
Տնտեսագետն ընդգծեց, որ անկախ աջակցությունից կամ վարչապետի հորդորից՝ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ հարևանին կամ բարեկամին օգնություն են ցուցաբերում, բայց խնդիրը նրանում է, որ ծրագիրը, որով պետությունը աջակցեց կոմունալ վճարների կատարմանը, թեև ինքնին պահանջված ծրագիր էր, բայց գրեթե զրոյական հասցեականությամբ և բնականաբար խնդիրներն առաջանալու էին։
«Այսինքն միջոցները ծախսված են, սակայն ակնհայտ է, որ հասցեականությունը թույլ է և խնդիրը չի լուծվել և կոմունալ վճարումների ոլորտում կոլապսի մոտեցող ճգնաժամային իրավիճակում ենք, որն առաջացել է չվճարումների ռիսկով պայմանավորված»։
Նա ընդգծեց, որ պետությունը պետք է ստանձնի իրական կարիքավորներին աջակցելը և հիմքեր ստեղծի կայուն եկամուտներն վերականգնելու համար, որովհետև մարդուն որքան էլ հորդորես՝ միևնույն է՝ պետք է նա եկամուտ ունենա, որ ծախս կատարի, ընդ որում՝ եկամուտ ունենալու դեպքում էլ նախ սնունդի հարց են լուծելու։
Ավետիսյանն ընդգծեց նաև, որ անցած երկու տարիներին անապահովության գնահատման սոցիալական ծրագրերի հասցեականության ուղղությամբ որևէ արդյունք ապահովված չէ, որևէ աշխատանք կատարված չէ, որևէ դրական ձեռք բերում չունենք։
«Անցել է 500-ից ավելի աշխատանքային օր, սակայն այս ոլորտում նախկինից սկսած անապահովության գնահատման համակարգի բարեփոխումները չարդյուքավորվեցին։ Իրականում այսօրվա իշխանությունները բողոքում են, սակայն իրենք հենց իրենցից պետք է բողոքեն, քանի որ այս ուղղությամբ չունենք, ապահովված որևէ իրական արդյունք»,-ասաց տնտեսագետը։