Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդումը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսեւորում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Ըստ Yerkir.am-ի՝ գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդումը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսեւորում է։
Մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով փաստերի նման խեղաթյուրված եւ միակողմանի ներկայացումը, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության եւ նախաքննության գաղտնիության այս աստիճան բացահայտ ոտնահարումը, այն էլ՝ Հանրային հեռուստաընկերության կողմից, սահմանադրական մի շարք իրավունքների առերեւույթ խախտում է, ինչն անվիճարկելի փաստ է իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած անձի համար։
Նման առերեւույթ խախտումները նվեր են Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին։
Ի դեպ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի եւ կրոնի, ինչպես նաեւ ստեղծագործության ազատությունը:
Բացի այդ՝ պարտավոր է հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը»։
Հիշեցնենք որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խումբը գրեթե կեսգիշերին շտապ հայտարարություն է տարածել, որում երկրի գլխավոր հեռուստաալիքին մեղադրել է քննության նյութերի տարածման եւ դրանց միտումնավոր լուսաբանման, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման մեջ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, դատապարտելով հարկատուների միջոցների հաշվին գոյություն ունեցող, ըստ էության, պետական հեռտուստաալիքի միակողմանի քարոզչական լրատվական քաղաքականությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջել է «անհապաղ կանխել նրա անտանելի տեղեկատվական քաղաքականությունը»: «Մեդիա պաշտպանը» դիմել է նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների: