կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-09 14:49
Հասարակություն

Գյումրու թիվ 11 դպրոցը ևս մրգատու այգի նվեր ստացավ

Գյումրու թիվ 11 դպրոցը ևս մրգատու այգի նվեր ստացավ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրի ֆինանսավորմամբ և  ‹‹Շիրակի ֆերմերներ››  հասարակական կազմակերպության գործընկերությամբ իրականացվող պտղատու ինտենսիվ այգիների հիմնման վերջին հասցեն Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տարածքն էր: Այսօր ավարտին հասավ անչափ կարևոր այս նախաձեռնությունը, որն սկիզբ առավ Շիրակի մարզի Հոռոմ, այնուհետև շարունակվեց Ջրափի և Մեղրաշեն համայնքներում:

Քաղաքի ամենախիտ բնակեցված հատվածներից մեկի՝ Անի թաղամասի նորաստեղծ այգին հիմնվեց մոտ 2500 քառակուսի մետր տարածքի վրա, որից 1500-ը տրամադրվեց իտալական բարձրորակ, կլիմային համապատասխանեցված 280 խնձորի և սալորի ինտենսիվ տնկիներին, իսկ 1000 քառակուսի մետրը՝ բարձր բերքատվության 360 մալինայի և մոշի թփերին: Բացի այդ կառուցվում է կարկտապաշտպան ցանց, անցկացվում կաթիլային ոռոգման համակարգ: Կազմակերպությունը տրամադրում է նաև ջրի պահուստավորման տարրաներ, այգու պարշաճ և ավտոմատացված խնամքն իրականացնելու համար մշակման համար գյուղտեխնիկա, հողի թթվայնությունը, խոնավությունն ու ջերմությունը որոշող սարքավորումներ, էտի մկրատներ և բազմաթիվ այլ պարագաներ, իսկ սպասվելիք բերքի նպատակային օգտագործման համար կտրամադրվեն  մրգի չորանոցներ:

Շիրակի ֆերմերների ասոցացիայի ինժեներ  Հարություն Ղազարյանը նշում է, որ աշխատանքներն ընթացան նախասահմանված կարգով, այգիները հիմնվեցին պրոֆեսիոնալ ցուցումներին համապատասխան: Դպրոցների մանկավարժներն ու աշակերտները ծառատունկին մասնակցեցին մեծ ոգևորությամբ՝ խոստացան պահել ու խնամել այգիները ամենայն ուշադրությամբ:

Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը աշակերտների հետ ոգևորությամբ մասնակցեց ծառատունկին, նշեց, որ անչափ ուրախ են, որ քաղաքի դպրոցներից հենց իրենցն է ընտրվել այս ծրագիրն իրականացնելու համար: ‹‹Սկզբում չպատկերացրեցինք ինչ ծրագիր է, բայց այժմ տեսանք դրա օգտակարությունն ու ծավալը, երեխաները կօգտվեն էկոլոգիապես մաքուր սննդից, բացի այդ միրգը և թարմ, և կազմակերպության կողմից տրամադրված սարքավորումներով պատրաստված չրերի տեսքվ կվաճառվի, հասույթով կհոգանք դպրոցի կարիքները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրին և Շիրակի ֆերմերների ասոցացիային այս հրաշալի այգին մեզ նվիրելու համար: Նշեմ նաև, որ կազմակերպությունները սեմինարներ են անցկացնելու դպրոցում, որի ընթացքում կուսուցանեն այգին ճիշտ խնամելու գաղտնիքները››,- տեղեկացրեց Արմենուհի Գրիգորյանը:

Հավելենք, որ ոչ միայն դպրոցների հանրույթները, այլև ծրագրի մասնակից չորս համայնքների բնակիչները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրին և Շիրակի ֆերմերների ասոցացիայի համագործակցությամբ իրականացված ծրագիրը՝ հույս հայտնելով, որ նոր համագործակցությունն ու նախաձեռնությունները չեն ուշանա:

Աննման Մինասյան