կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 15:43
Հասարակություն

Գունավոր հեղաշրջման «նվաճումները» շարունակվում են. 168.am

Գունավոր հեղաշրջման «նվաճումները» շարունակվում են. 168.am

2018թ. գունավոր հեղաշրջումն էապես հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին. ըստ Yerkir.am-ի՝ գրում է 168.am-ը։

Այսօր, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո, թիրախավորվում են բոլոր ավանդական կառույցները, որոնք դեռևս ունակ են դիմակայելու արտաքին համակողմանի էքսպանսիային։ Արդյունքում՝ վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները և Արցախը, վտանգված է Հայ Առաքելական եկեղեցին, վտանգված են հայ ընտանիքը և ազգային կրթությունը, վարկաբեկվում է Հայոց բանակը։ Ավանդական այս ինստիտուտների շարքին, թերևս, պիտի դասել նաև հայ որոշ կուսակցությունների և ազգային անվտանգության ծառայությանը։ Դրանց ձևափոխումը՝ ըստ արևմտյան կաղապարների, հանդիսանում է այն խնդիրը, որը պիտի լուծեն հեղափոխության ճարտարապետները:

Նոյեմբերի 25-ին սորոսյան զարկերակից սնվող «Ռեստարտ» նախաձեռնության անդամները սակավամարդ ցույց իրականացրեցին ԱԱԾ շենքի դիմաց: Ուղղակի մեջբերենք հավաքվածների խոսքից մի հատված. «Պահանջները հստակ են՝ երբ հեղափոխություն է տեղի ունենում, նախկին ավտորիտար ռեժիմին ծառայած ուժային կառույցները նույնպես ենթարկվում են փոփոխության: Ուզում ենք, որ մեր երկրում էլ այդպես լինի: Այլ կերպ ասած՝ պահանջում ենք նոր Հայաստան՝ առանց հին իրավապահ համակարգի»:

Սույն ակցիայով սկիզբ դրվեց ԱԱԾ-ն սորոսական ենթակայության տակ վերցնելու օպերացիային: Դրան հաջորդեց Ա. Սաքունցի հայտարարությունը, որին, ի դեպ, ԱԱԾ-ի կողմից կոշտ պատասխան տրվեց:

Ձևավորելով կեղծ օրակարգ, 6 հասարակական կազմակերպություններ արձագանքեցին Ա. Սաքունցին ուղղված ԱԱԾ հայտարարությանը։ Այդ ՀԿ-ների թվում էին «հեղափոխության» բաժնետերեր հանդիսացող «Իրազեկ քաղաքացիների միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Հանրային լրագրության ակումբ և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունները:

Նրանք դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջով, որ վերջինս հանձնարարի ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել նախորդ տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցած խոշոր իրադարձությունների ուսումնասիրությամբ։ Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ հեղափոխությունը դեռևս ԱԱԾ չի հասել, այդ իսկ պատճառով էլ հասարակությունն իրենց բարձրացրած հարցերի պատասխանները դեռ չի ստացել։

Թերևս, գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԱԾ-ի ներկայիս բարձրաստիճան շատ սպաներ կրթություն են ստացել խորհրդային, ապա նաև ՌԴ համապատասխան սպայական դպրոցներում: Այս առումով, բնական է, որ կա ինստիտուցիոնալ և աշխատանքային կապ հայաստանյան և ռուսական հատուկ ծառայությունների միջև:

Շատերը կարող են այս երևույթը ոչ միանշանակ ընկալել, բայց փաստենք, որ անկախ և կայացած անվտանգության համակարգ ունենալը թանկ հաճույք է, որը կարող են իրենց թույլ տալ միայն հզոր պետությունները: Չունենալով պետական ռեսուրսների անհրաժեշտ քանակ, նման կապերը մեր ստրատեգիական դաշնակցի հետ թույլ են տվել պետական անվտանգության համակարգը զերծ պահել ցնցումներից նույնիսկ մեր պետության համար ամենադժվար պահերին:

Եվ այսօր հիշյալ ՀԿ-ները կարծես խնդիր ունեն՝ հայաստանյան ԱԱԾ-ն կտրել իր բնական սնուցումից, խնդիրը փոխադրել քաղաքական հարթություն և ճնշումներ կիրառելով՝ արտաքին /արևմտյան/ վերահսկողություն սահմանել այս կառույցի հանդեպ: Արդյունքում՝ ԱԱԾ-ն կզտվի ազգային և պետական մտածողություն կրող, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները մեր պետության կայունության գրավական համարող նվիրյալ կադրային սպաներից և կվերածվի, ասենք, ամերիկյան ԿՀՎ-ի բաժանմունքի:

Այս քարոզին լծված է նաև Արման Բաբաջանյանը, ով պահանջում է բացահայտել ԱԱԾ գործակալական ցանցը և մատնանշել ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցած աշխատակիցներին: Սակայն ուշագրավ է, որ նա նույնկերպ չի առաջարկում բացահայտել նաև արևմուտքի հատուկ ծառայությունների հետ գործակցողներին:

Հաջորդ թիրախը, ինչպես վերը նշեցինք, ազգային կուսակցություններն են, մասնավորապես՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն: Պատճառը, թերևս, ակնհայտ է. ՀՅԴ-ն համահայկական, ցանցային կառույց է, իսկ ՀՀԿ-ն ունի ընդգծված գաղափարախոսություն ու դեռևս պահպանված քիչ թե շատ կենսունակ կառույցներ ՀՀ-ում:

Թերևս, համապատասխան կենտրոններում առկա է ցանկություն՝ ՀՀԿ-ում սկսել ներկուսակցական խմորումներ և այն ենթարկել գաղափարական վերաձևման. դուրս մղել Գարեգին Նժդեհի կերպարը և ուսմունքը, կուսակցության ղեկին բերել արևմտասերների: Պարբերաբար շրջանառվող թեզը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, և ՀՀԿ-ն պետք է, այսպես կոչված, ռեբրենդինգի ենթարկվի, դրա վառ ապացույցներից է: Առայժմ կուսակցության ներքին դիմակայության շնորհիվ այդ փորձերը ձախողվել են:

Դաշնակցության դեպքում ականատես դարձանք արդեն իսկ դրսևորված ներկուսակցական խմորումների, որոնց նպատակն է՝ առանձնապես թիրախավորել ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, բայց շարքերում դեռևս ազդեցիկ Հրանտ Մարգարյանին և նրա կուսակցական ուղեգիծը: Ընդ որում, այս խմորումներն ակնհայտորեն ունեն նաև արտաքին ուղղորդում: Պատահական չէ, որ նույն Ա. Բաբաջանյանը հայտարարեց, թե՝ «Ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել»: Այս ամենի արդյունքում՝ ենթադրվում է կուսակցության ղեկին բերել արևմտյան կենտրոններին հաճո գործչի և կառույցը ծառայեցնել համապատասխան շահերի:

Այսպիսով, ազգային և պետական կառույցների վերաձևումը՝ ըստ արևմտյան կաղապարների, լրիվ կամ մասնակի հաջողությամբ, շարունակվում է. մինչև ե՞րբ…

Վահե Հայկունի