կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 13:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականության․ Տարոն Սիմոնյանի արտահայտությունը վիրավորեց իմքայլականներին

Չէի կարող ուրախությամբ չարձագանքել, որ գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականության՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ ամբիոնից հայտարարեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա ելույթին նախորդել էին Շուշիի մայր տաճարի գմբեթի ապամոնտաժումը դատապարտող՝ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթները։

Իմքայլականները, զարմանալիորեն, վիրավորվեցին այս արտահայտությունից ու դահլիճում աղմուկ բարձրացրին։

«Իմ գործընկեր Վլադիմիր Վարդանյանն էլ վերադարձավ իր հիմնական մասնագիտական առաքելությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին, ընդգծեց, որ Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,-ժպտաց Տարոն Սիմոնյանը։

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց Տարոն Սիմոնյանին․ «Իմ ողջ գործունեության ընթացքում ես օգտագործել եմ նույն բառամթերքը ու ունեցել հստակ դիրքորոշում։ Այս դահլիճում չկա որեւէ մարդ, որը հայամետից բացի այլ դիրքորոշում է ունեցել։ Խնդրում եմ՝ մի վերափոխեք նման կարեւոր հարցերը»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հավելեց․ «Հլը մի վայրկյան էլի, պարոն Սիմոնյան։ Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են։ Իսկապես, հնչեցված արտահայտությունը վիրավորական էր բոլորիս հանդեպ։ Հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից»։

Տարոն Սիմոնյանը հակադարձեց, որ թող ժողովուրդն ինքը դիտի եւ դատի․ «Ես զարմացա եւ ուրախացա, որ գործընկերներս ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը։ Ամիսների հորդորս տեղ հասավ։ Հուսամ՝ այս բառապաշարը ճիշտ կօգտագործենք։ ՀՀ-ում որեւէ քաղաքական գործիչ, ում խոսքը նշանակություն ունի, իրավունք չունի խոսել Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների մասին։ Այդ պետությունը ցեղասպան քաղաքականություն է վարում։ Եթե խոսում ենք բարեկամության մասին, իսկ Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականությունը, միջազգային հանրությունը չի հասկանա մեզ»։

Մանրամասն՝ տեսանյութում․