կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 13:45
Քաղաքական

Մանվել Բադեյանը վիճեց ու վիրավորեց լրագրողներին

Մանվել Բադեյանը վիճեց ու վիրավորեց լրագրողներին

Այսօր ԱԺ-ում Մանվել Բադեյանը ծավալուն բանավեճ ունեցավ լրագրողների հետ: Նրան խիստ բարկացրել էին լրագրողների հարցերը, որովհետև դրանք «վիսոկոինտելեկտուալնի» հարցեր չէին: Բանավեճն ընթանում էր «Ինչ, որտեղ, երբ» խաղի դեմ ուղղված բողոքին` որպեսզի այն հեռարձակվի ոչ թե ռուսերենով, այլ՝ հայերենով:

 

Մանվել Բադեյանի համոզմամբ՝ այդ հաղորդումը լրացնում է օտար լեզու սովորեցնող հաղորդումների շարքը: «Դու չես ուզում, մի նայի, գնա, ուրիշ բան նայի, ինձ դուր ա գալիս, ու հասարակության լայն շերտը լավ էլ նայում է այդ հաղորդումը»,- ասաց նա: Լրագրողների այն դիտարկմանը, որ երևույթը ռուսիզմի է նման, պատասխանեց. «Բա ինչի՞զմ էիք ուզում»:

 

Պատգամավորը խորապես համոզված է, որ բոլոր լրագրողները պատվերով են հարցեր տալիս ու պատվերներ են կատարում: Իսկ «Ինչ որտեղ, երբ» խաղի հայերեն հեռարձակման հետ կապված` նա ասաց, որ եթե հաղորդումը լիներ, ասենք, պորտուգալերեն, ոչ ոք չէր բողոքի դրա դեմ: Նրա խոսքով՝ լրագրողներն անգամ կարող են չիմանալ, որ պատվերով են տալիս որոշ հարցեր: Ըստ պատգամավորի` կանոններ գոյություն ունեն, այդ խաղի կանոններն էլ դա են: Նա դժգոհում էր, որ լրագրողները փոխանակ քարոզեն նման խելացի խաղերը, անիմաստ «յազվություն» են անում` հայերեն-ռուսերեն-ի հետ կապված:

 

«Մի հատ խելոք հարց տվեք: Եթե փողոցում մի հատ եզդի նման հարցեր տար, կասեի` էլի ոչինչ»,- ասաց պատգամավորը ու սկսեց համեմատել մամուլը հեռուստատեսության հետ, թե որտեղ կա բարձր ինտելեկտուալ որևէ բան: Նա խնդրում էր լրագրողներին ցույց տալ որևէ խելացի հոդված որևէ լրատվամիջոցում՝ վստահ լինելով, որ նման բան չկա:

 

Մեր այն հարցին` ախր բարձր ինտելեկտուալը ո՞րն է, պատասխանեց. «Վիսոկոինտելեկտուալնի` տենց բառ լսած կա՞ս»: Ապա շարունակեց. «Որ թերթը բացես, ուղղվածությունը մեկն է՝ ով էս կյանքում հասել է հաջողության, ուրեմն ձեր դուշմանն է»:

 

Yerkir.am-ի առաջարկին` ջնջել բոլոր լրագրողներին, պատգամավորը պատասխանեց. «Եկեք, ջնջենք բոլոր լրագրողներին ու թողենք միայն բարձր ինտելեկտ ունեցող լրագրողներին, ովքեր գրում են բարձր ինտելեկտուալ հոդվածներ: Բա ինչ, քեզ թվում է, եթե լրագրող ես, կարող ես ախմախ հարցեր տա՞ս»: Մեր դիտարկմանը, որ լրագրողը արտահայտում է հասարակության ոչ միայն բարձր ինտելեկտուալ, այլ նաև բազմաշերտ խավերին հասանելի ու հասկանալի հարցեր, Մանվել Բադեյանը չհամաձայնեց: Նա պահանջում է, որ իրեն դիմեն միմիայն «բարձրակարգ» հարցերով, որովհետև «պատգամավորը լրագրողից մի գլուխ բարձր է», որ ժողովուրդն իրեն է ընտրել` որպես ներկայացուցիչ, այլ ոչ թե լրագրողին: «Փոխանակ էդ հասարակ մարդուն քո աշխատանքով քարոզես` հասարակ մարդ, լավ կլինի, որ դու սովորես ու շատ լեզուներ իմանաս, դուք ասում եք՝ չէ, դու ավելի լավ է՝ քֆուրներ իմանաս»,- ասաց պատգամավորը՝  համոզմամբ, որ լրագրողների մակարդակը «պլենդուզից ցածր է»:

 

Ի դեպ, իրեն «վիսոկոինտելեկտուալնի» համարող պատգամավորը, ով պահանջում էր, որ լրագրողներն իրեն միմիայն բարձրակարգ ինտելեկտուալ հարցեր տան, լրագրողների հետ զայրացած պահին  «արա»-ով էր խոսում` ասելով, որ «արա»-ն լրագրողներին չէ ուղղված, դա բացականչություն է: