կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 20:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չեմ տա, որ ամեն իշի գլուխ էդ կառույցը քանդի․ Գյուղնախի մոնիթորինգի ծառայությունը ստեղծողը՝ Վահան Քերոբյանին

Ինքը գնում էր, ասաց՝ «շտապում եմ», բայց ես իրեն հասցրի ասել՝ ես այդ կառույցը ստեղծել եմ ու թույլ չեմ տա, որ ամեն իշի գլուխ էդ կառույցը քանդի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մասին ասաց Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի ծառայության հիմնադիր, համակարգային վերլուծաբան Վարդան Հայկազյանը։

«Իշի գլուխներ են այն մարդիկ, ովքեր չեն հասկանում գյուղատնտեսության կարևորագույն պահերը։ Դրանց գյուղատնտեսությանը մոտ թողնել չի կարելի ոչ մի դեպքում»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց նա։

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ռազմավարական 2 ծրագիր է գրվել․ Վարդան Հայկազյանը մասնակցել է 2-ին էլ՝ առաջինում 30 հոգու կազմում, երկրորդում՝ 5 հոգու։

Հայաստանի անկախացումից հետո նա հիմնադրել է նաև Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի ծառայությունը, որը 2012-ին մտել է Գյուղատնտեսության նախարարության կազմը իբրև վարչություն։ Փաշինյանական իշխանություններն էլ Գյուղնախարարությունն են լուծարել ու մտցրել Էկոնոմիկայի նախարարության կազմը։ Իսկ Էկոնոմիկայի վերջին նախարար Վահան Քերոբյանը որոշել է այս վարչության մոտ 70 աշխատակցի ազատել աշխատանքից՝ հիմնավորելով, որ ամեն մարզում 3 հոգով էլ կարող են նույն գործն անել։

Վարդան Հայկազյանը վստահեցնում է՝ դա անհնար է։ Ինքը ժամանակին 500-ից ավելի աշխատակից է ներգրավել գյուղատնտեսական խորհրդատվությունը ապահովելու, գյուղացիներին նորարարություններին ծանոթացնելու  և մոնիթորինգը կազմակերպելու համար, դեռ կողքից էլ արտահաստիքային աշխատակիցներ է ներառել։ Ամեն մարզում 20 հոգով մի կերպ էին աշխատում, այն էլ՝ նվազագույն աշխատավարձով, նրանց թիվը մինչև 3 հոգի կրճատելը, պրն․ Հայկազյանի համոզմամբ, անհեթեթություն է, իրենց թիմում միայն տեխնիկական աշխատողներն էին 4 հոգի ամեն մարզում։

Երբ նախարար Վահան Քերոբյանն ասում է՝ «մոնիթորինգը բանկերի միջոցով էլ կանենք», Վարդան Հայկազյանի ծիծաղն է գալիս․ գյուղացիներից հազարից մեկն է դիմում բանկին։  

Նախարարի խոսքը, որ «գյուղում միայն 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ», պրն․ Հայկազյանին զավեշտ է թվում․ նա անգամ աշխատություն է գրել՝ «Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության մեջ որպես համակարգային կառույց անցումային շրջանների համար», չէ՞ որ գյուղատնտեսությունն է կերակրում երկիրը։

Քերոբյանի մղումը՝ Հայաստանում իրացնել Թուրքիայից բերված էժան գյուղմթերը և վերացնել հայկականը, Վարդան Հայկազյանն այսպես բնորոշեց․ «Դա կատարյալ իդիոտություն է»։

Այս թեման նրան հիշեցրեց իր կյանքի մի դրվագը․ Անգլիայում եղած ժամանակ իրեն առաջարկել են աշխատել մի շատ հետաքրքիր  ամսագրում, որտեղ հիմնականում իրեն ուղարկում էին հոդվածներ, որոնք վերաբերում էին մեր տարածաշրջանին՝ Թուրքիային ու Իրանին։

«Թուրքերի գյուղատնտեսությունը, ազնվությամբ եմ ասում՝դա թուրքերի նկատմամբ իմ վերաբերմունքը չէր, «2» գնահատականից ավելի չէր ստանում, գյուղատնտեսական գիտություն այնտեղ չկա, նոր մտածելակերպ այնտեղ չկա, իսկ Իրանինը «4» ու «5» էր ստանում ու տպագրվում այդ ամսագրում»,-ասաց Վարդան Հայկազյանը։

Թուրքիայում մակարդակ չկա, վստահեցրեց նա, թուրքական լոլիկը մենք չենք ուտում, այդ լոլիկը հիմնականում վերամշակման է գնում, ահավոր անորակ է և, բացի այդ, այնտեղից Հայաստան եկավ սարսափելի հիվանդությունը՝ ցեցը։

«Որովհետև իրենց խելքը չի հասնում՝ ոնց է պետք անել․ այսինքն, պետք է սկսես սորտից, այդ սորտը հարմարեցնես քո տարածքին, տեխնոլոգիան պետք է շատ բարդ չլինի, որ գյուղացին մշակի, այդքան բան։ Իսկ այնտեղից եկավ այդ սարսափելի հիվանդությունը․ առաջին անգամ, որ ինձ նախարարությունից կանչեցին և ասացին՝ ինչ մասշտաբի է տարածվել այդ լոլիկի ցեցը, ես ասացի՝ մենք է՛լ լոլիկ չենք ուտի։ Լավ է, որ մեր բույսերի պաշտպանները կարողացան դեմն առնել»,-ասաց նա։

Այսինքն, սա, նրա համոզմամբ, կառավարական մարդու մոտեցում է՝ կառավարությունը օգտագործել սեփական անձը և շրջապատը հնարավորինս հարստացնելու համար՝ թե ո՞ւմ տունը կքանդվի, ո՞ւմ գործը կփլուզվի, կջախջախվի, դա կարևոր չէ։

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության աշխատակիցներին կրճատելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ Վարդան Հայկազյանը ևս Կառավարության շենքի առջև է եղել, նախարար Քերոբյանին տեսել է․ «Ու ես հասցրի իրեն այնպիսի անպատիվ խոսքեր ասել, որ ինքը սթափվի»։

Վարդան Հայկազյանը պատմեց, թե ինչ հաջողություններ է գրանցել միայն հիմնադրման տարում Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի ծառայությունը, որը նախ՝ գործել է ԱՄՆ ֆինանսավորմամբ, հետո Համաշխարհային բանկի, ավելի ուշ արդեն մտցվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմը իբրև վարչություն։

Ինչո՞վ է զբաղվում իր հիմնադրած կառույցը և ինչպե՞ս կտուժի աշխատանքը այս կրճատումներից․ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։

Աննա Բալյան