Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գնաճի, մենաշնորհի դեմ պայքարի, գյուղատնտեսական ոլորտի խնդիրների շուրջ Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:
–Պարո՛ն Խաչատրյան, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարում է, որ երկնիշ տնտեսական աճն իր թիրախում է: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է երկնիշ տնտեսական աճ արձանագրել:
-Վահան Քերոբյանին նույնիսկ սեփական կառավարությունը չի հավատում, որովհետև պետական բյուջեի նախագծում համեստ թիվ է ծրագրված: Այսինքն՝ իրեն չեն հավատում ո՛չ Կառավարությունում, ո՛չ Ազգային ժողովում: Վահան Քերոբյանին չեն հավատում Կենտրոնական բանկում, նրան չեն հավատում նաև միջազգային կազմակերպություններում: Ի՞նչ է անում Վահան Քերոբյանը, որպեսզի ՀՀ-ի տնտեսությունը զարգանա: Մի անգամ լրագրողները հարցրին ներդրումային ծրագրերից և ասացին, որ մեկ օրինակ նշի: Ցույց տվեց Կումայրիի զարգացման ծրագիրը: Այդ ծրագիրն իր պաշտոնավարումից առաջ էր մշակվել և որի հետ ինքը բացարձակապես կապ չունի: Որևէ նոր բան չեն անում, որևէ էական բան չի արվում:
Օրեցօր գներն աճում են: Կենտրոնական բանկն իր վերջին պահուստներն է մտցնում շուկա, որ կարողանան դիմակայել դոլարի տատանումներին: Երկու տարի առաջ այսօր հրապարակում զբոսաշրջային ավտոբուսներ էին կանգնած, հիմա ոստիկանական ավտոմեքենաներ են: Ոստիկանները Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են մարզեր, կարո՞ղ է դա մի օր էլ ներկայացնեն որպես ներքին տուրիզմի զարգացում: Այս պայմաններում չպետք է տնտեսական աճ ակնկալել:
-Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում շրջադարձային նշանակության բովանդակային փոփոխություններ են կատարվում և որպես հեղափոխական ձեռքբերում օրինակ բերեց խելացի անասնաֆերմայի ծրագիրը: Գյուղատնտեսության ոլորտում փոփոխությունները բավարա՞ր են են արդիական գյուղատնտեսության զարգացման համար:
–Կա գյուղատնտեսություն և ագրոբիզնես: Այս իշխանություններն աշխատում են ագրոբիզնեսի ուղղությամբ: Խելացի անասնաֆերմա կառուցելը չափազանց թանկ արժե: 10-12 գլուխ խոշոր եղջերավորների համար խելացի անասնաֆերմա կառուցելն արժե 10 մլն դրամ: Մի լավ օրինակ հիշեցի. Սյունիքում տարածքներ՝ արոտավայրեր են զիջվել ադրբեջանցիներին: Գյուղացիները իշխանական պատգամավորին ասել են, որ խոտ չկա, որպեսզի անասուններին արոտ տանեն: Պատգամավորն էլ պատասխանել է, որ նոր խելացի անասնագոմեր կան, որոնք կչեզոքացնեն արոտավայրերի կորուստը: Այդ անասնագոմում ապրող ցանկացած անասուն հասկանում է, որ ինքը պետք է ուտի՝ անկախ նրանից ապրում է խելացի, թե անխելք անասնագոմում:
–Եթե դուք գաք իշխանություն, ի՞նչ եք անելու, որ երկրում ներդրումներ լինեն:
-Ներդրումներ չեն գալիս ոչ միայն երկրի անվտանգությամբ պայմանավորված, այլև՝ վարվող քաղաքականության: Օրինակ՝ բանկային գաղտնիքի մասին օրենքի հարցը, ցանկացած քննիչ կարող է մարդու բանկային տվյալների մասին տեղեկություն ստանալ: Որևէ ներդրող ՀՀ-ում կոպեկ չի պահի, եթե իմանա, որ ֆինանսական գաղտնիքները հասանելի են այլ կողմերին: Վահան Քերոբյանի ընկերությունը գրանցված է Անգլիայում: