Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր մասնավորապես Ջերմուկ տուրիստական քաղաքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած վերջին ագրեսիային և դրա ազդեցությանը տուրիզմի ոլորտի վրա։ Նախարարն ասել է, որ պետք է ապրել՝ հաշվի առնելով այս նոր, իր ձևակերպմամբ՝ նորմալ իրավիճակը։
Լրագրողի հարցին՝ ամենօրյա կրակոցն իր համար դարձել է նորմա՞լ, Էկոնոմիկայի նախարարը հարցով էր արձագանքել. «Իսկ ձեր համար չի՞ դարձել նորմալ բան։ Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, և այդ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, և եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և մեր երկիրն ավելի ապահով դարձնել»։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն անդրադառնալով Վահան Քերոբյանի այս հայտարարությանը, նախ ծիծաղեց՝ նշելով, թե ուզում է հասկանալ, թե ինչպես կարելի է նորմալ ապրել կրակոցների տակ, այնուհետև հավելեց.
«Կրակոցները նորմա՞լ են, կրակոցի տակ ապրել, աշխատելը նորմա՞լ է։ Հայրենասիրությունից ելնելով՝ հիմա այստեղ ենք ապրում, աշխատում, կրակոցների տակ ցանքս անում, բայց սա նորմա՞լ է։ Իհարկե, նորմալ մարդկանց համար այդ կրակոցներն աննորմալ են, բայց մենք հայրենասեր ենք, այստեղ ենք ապրում, աշխատում։ Այլ խոսքով՝ մահն աչքներիս առաջ՝ գործ ենք անում, բայց դա չի նշանակում, որ նորմալ է»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Ըստ Վերին Շորժայի վարչական ղեկավարի, եթե Վահան Քերոբյանը նման բան է ասում, ուրեմն՝ այդքան է հասկանում, այդքանն է ասում։
«Եթե ըստ նրա՝ այդ ամենը նորմալ է, թող մեկ անգամ գա ու կրակոցների տակ կանգնի, չեմ ասում՝ ապրի, եթե այդքան ռիսկ ունեն։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում, մենք մեր գործին ենք՝ վարում ու ցանում ենք, առանց իրենց»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Օրերս ԳՇ պետը հայտարարել էր, թե թշնամին մի քանի քկմ տարածք է օկուպացրել ՀՀ տարածքից. «Կան դիրքեր, որ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր պետական սահմանից առաջ: Այդպիսի ուղղությունները մի քանիսն են: Եվ նման հաշվարկների դեպքում առաջանում են մակերեսային տարբերություններ՝ 127, 129, 130, 132»,- ասել է Ասրյանը: