Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մարդկային կյանքը նման է ծառի. ներկան` ծառաբունն է, ապագան` ծառի սաղարթը, իսկ անցյալը` արմատներն են: Եթե մենք ուզում ենք աճել ու առաջ ընթանալ`
իրավունք չունենք մոռանալ արմատների մասին»:
106-ամյա պատմական անցյալի գիտակցմամբ ապրիլի 24-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» կրկին մարդաշատ էր: Կրկին առիթը ծառատունկն էր` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին։
Խորհրդանշական առաքելության նախաձեռնողները վստահ են, որ յուրաքանչյուր հայ մարդ, անկախ տարիքից, իր հոգու միջով անցկացնում է մի պատմություն, որը նախ և առաջ փոխանցվում է գենետիկորեն:
«Անկախության արահետ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Բաղդասարյանի խոսքով այս վայրը` Արարատի հովանու ներքո, յուրահատուկ էներգետիկա ունի և նահատակների ոգեկոչման շարունակական ընթացքն այստեղ դառնում է առաքելություն: «Բայց շարունակականությունը կլինի ինքնանպատակ, եթե չպահպանենք առաքինի որակն ու արժեհամակարգը, որը բնորոշ է հայ մարդուն, հայ ոգուն: Այսօր դա խիստ արդիական է ոչ միայն Սփյուռքի համար, այլև` առավելապես մեր: Մենք պարտավոր ենք պահել հայկական «կոդը», որը ժամանակին, կյանքը չխնայելով, մարդիք փոխանցել են մեզ` հանուն այդ շարունակականության»,- իր խոսքում ընդգծեց Սամվել Բաղդասարյանը:
Նախորդ դարի 1935-1936 թվականներին, երբ հիմնվում էր Երևանի բուսաբանական այգին, ակտիվ մասնակցություն են ունեցել մանկատան սաները: Տնկվող 106 ծառերից առաջին- խորհրդանշականը նույնպես տնկեցին մանկատան սաները, ում, վստահաբար, վերապահված է վաղվա օրը: Խորհրդավոր արարողությունը համեմված էր Գայանե Սամվելյանի անզուգական ասմունքով ու «Սարյան լարային քառյակ»-ի Կոմիտասյան ու Սարյանական հոգեթով հնչյուններով:
Նախաձեռնությանը սատարում է Երևանի բուսաբանության ինստիտուտը, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի: Նշենք, որ ծառատունկի նախապատրաստական աշխատանքների և տնկիների ձեռք բերմանը օժանդակել է Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքը։ Ծառատունկի բարդ ու արհեստավարժ գործընթացը ուղեկցվում է հնեաբուսաբանության բաժնի ավագ գիտ.աշխատող Գագիկ Մովսիսյանի մասնագիտական խորհուրդներով:
Թերևս, պատահական չէ, որ «Անկախության արահետ»-ը կհամալրվի կաղնու, թեղիների, հացենու և թխկենու նորաբնակ 106 տնկիներով, որոնցից յուրաքանչյուրն անհիշելի ժամանակներից ունեն իրենց դիցաբանական մեկնությունը: Դրանց բոլորին համախմբում է` ամրության, կայունության, պտղաբերության ու անմահության խորհուրդը: Թող որ այս ազնվական ու կենսահաստատ տարրերքները սփռվեն Հայոց աշխարհի վրա և 106 թիվն ընկալվի իբրև ազգային Վերածննդի ետ հաշվարկի մեկնարկ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով, «Անկախության արահետը», իր ծնունդը արձանգրեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանի բուսաբանական այգում, նույն օրը ծնունդ առան նաև 30 ծառ-տնկիներին: Սեպտեմբերի 26-ին արահետում անցկացվել էր, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակին նվիրված ծառատունկ-հիշատակումը, 2021-ի ապրիլի 1-ին արահետը հարստացավ ևս մեկ խորհրդանշական «Կենաց ծառով»: Ապրիլի 26-ի 10:30 կշարունակվեն և ավարտին կհասցվեն ծառատունկի աշխատանքները: