Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անթիլիասի մայրավանքում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի համահայկական համաժողովի բացումը, որին ներկա է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Միջանկյալ հիշեցնենք, որ այսօր Լիբանանի Անթիլիասի մայրավանքու տեղի կունանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը, որն իրականացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանավորմամբ:
Հայաստանի, Արցախի և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության քայլերգները ոտնկայք ունկնդրելուց հետո Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Պողոս Վրդ. Թինքճյանը բարի գալուստի խոսք է արտասանել, ապա բեմ հրավիրել Վեհափառ Հայրապետին՝ փոխանցելու իր Հայրապետական պատգամը և խորհրդաժողովը պաշտոնապես բացված համարելու համար։
Նորին Սրբությունը ողջույնի իր խոսքում նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության առաքելությունը եղել է ու միշտ կլինի Աստուծո, հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև հայ ազգի գերագույն արժեքների ու ձգտումներուն ծառայություն, հետևեաբար, պատահական չէ, որ նման խորհրդաժողովը կայանում է Կաթողիկոսարանում:
Հայրապետն իր խոսքում շեշտել է, որ հայ եկեղեցին հայոց պատմության բոլոր ժամանակներում սերտորեն առնչված է եղել մեր ժողովուրդի կյանքին հետ ու բոլոր իրագործումների մեջ ունեցել է իր առանցքային դերն ու տեղը:
«Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրումը սովորական երեւոյթ մը չէր, ինչպէս սովորական երեւոյթ պէտք չէ ստանայ անոր նշումը, որովհետեւ Հայաստանի այս անկախացումը յաջորդած է թէ՛ Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքին եւ թէ համաշխարհային տագնապալից պայմաններուն, հետեւաբար Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակը առաջին հերթին մեր ժողովուրդին համար պէտք է դառնայ յարգանքի ու երախտագիտութեան արտայայտութիւն այն բոլոր հայորդիներուն նկատմամբ, որոնք գրիչով, խօսքով, գործով, ծառայութեամբ եւ արիւնով անկախութիւն կերտեցին»,-իր ելույթում նշել է Հայրապետը։
Վեհափառ Հայրապետը, խոսելով վեհաշողովի մասին, ընդգծել է, որ չպետք է դեպքերը դիտել միակողմանի, զգացական կամ քաղաքական տեսանկյուններից, այլ՝ քննական ու գիտական մոտեցումներով:
«28 Մայիս 1918-ն առիթ է արժեւորումի ենթարկելու ընդհանրապէս վերջին հարիւրամեակը եւ յատկապէս առաջին Հանրապետութիւնը՝ իր ծալքերով, տարածքներով, շրջապատային պայմաններով, աշխարհաքաղաքական շահերով, որոնք իրենց ազդեցութիւնը ունեցան դէպքերու ու դէմքերու հոլովոյթին վրայ։ Պատմութիւնը պէտք է համապարփակ կերպով քննել ու արժեւորել, որպէսզի ճիշդ կերպով հունաւորենք մեր ներկան ու մանաւանդ ապագան։ Այս պէտք է դառնայ նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ կազմակերպուած այս համահայկական համաժողովին նպատակը»,-նշել է Կաթողիկոսը:
Եզրափակելով խոսքը՝ Նորին Սրբությունը թվել է երկու կենսական անդրադարձներ.
«Ա) Ներդրումը Հայաստանի առաջին Հանրապետութեան այն ղեկավարներուն, որոնք անկախութեան անկումէն ետք գալով Լիբանան լիբանանահայութեան կեանքին մէջ ունեցան կարեւոր դերակատարութիւն, ներառեալ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կեանքին մէջ. անոնք են՝ Նիկոլ Աղբալեան, Լեւոն Շանթ, Կարօ Սասունի, Աւետիք Սահակեան (Հայր Աբրահամ) եւ Սիմոն Վրացեան։
Բ) Անկախացումի անկումէն ետք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ Հայաստանի եռագոյն դրօշին, անոր խորհուրդին ու պատգամին հաւատարիմ մնալը։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եռագոյնի խորհուրդին մէջ տեսաւ հայ ժողովուրդի անկախութեան երազը ու ազատ անկախ Հայաստանը վերակերտելու պատգամը»։