Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սրանց բերողների վրա եմ զարմանում՝ այգեպան են նշանակել մի մարդու, որը ծառ երբևէ չի տնկել, ասում են՝ մեզ համար այս-այս ծառերը տնկիր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն այսպես բնութագրեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը։
«Այդ մարդը այգեպան չի եղել, լավագույն դեպքում՝ անտառից փայտ գողացող է եղել, անտառ կտրող է եղել, դու ասում ես՝ անտառի հետ գործ է ունեցել։ Նրանք չեն հասկանում, որ ծառ կտրողը, անտառ գողացողը չի կարող անտառ տնկել, ինչ է թե՝ ծառի հետ շփում է ունեցել, բայց ուրիշ ձևի է նրա շփումը»,-ասաց նա։
Հայկազուն Ալվրցյանի համար անհասկանալի է՝ ինչպես է ժողովուրդը խաբվել նրանց ընտրելով, բայց վստահ է, որ դա նրանց չի փրկելու։
«Որովհետև ինչպե՞ս կարելի է ամբողջ կրթական համակարգը, պետական անվտանգության հիմնասյունը դնել հարվածի տակ, ակնհայտ կերպով թուրք հեղինակների հետ սորոսական և թուրքական դրամներով հայ-թուրքական հաշտեցման մի դավադիր ծրագիր մշակել, որը դասագրքի մեջ է մտնելու, դա ավելի վտանգավոր է, քան քաղաքական կազմակերպությունների միջև գործարքները, սա պետության հիմքերն է ականապատում։ Դու այդքանից հետո չես հասկանում։ Եթե չես հասկանում, կա՛մ անհասկացող ես, կա՛մ պատկերացում չունես քաղաքականությունից, կա՛մ իսկապես դու միացել ես հայ ժողովրդի և հայոց պետականության հիմքերը քանդողներին․ դրանց սովորաբար մենք ասում ենք դավաճաններ»,-ասաց նա։
Նա համոզված է, որ արտակարգ դրությունը Հայաստանում սկսվել է ոչ թե կորոնավիրուսի հետ, այլ 2018 թ-ի ապրիլից։
«Հենց դրանք եկան իշխանության, Հայաստանում արտակարգ դրություն ստեղծվեց։ Երբ ստեղծվում է արտակարգ դրություն, պարտադիր չէ այդ մասին հայտարարել, գործողություններով մենք զգում ենք»,-պարզաբանեց Հայկազուն Ալվրցյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․
Աննա Բալյան