կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 12:43
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործադիրը նման է «Կարգին հաղորդման» այն հերոսին, որը պառկել է ծառի տակ, ոչինչ չի անում․ Բաբկեն Պիպոյանը՝ թանկացումների մասին

Չնայած գործադիրի՝ տնտեսական մեծ աճի մասին խոստումներին եւ վահանքերոբյանական «հուսադրող» հայտարարություններին՝ գրեթե բոլոր ոլորտներում 2020-2021թթ․-ին եւ 2022 թ․ առաջին երկու ամիսներին աննախադեպ թանկացումներ են։  Գյուղմթերքի, դիզվառելիքի, պարենային ապրանքների թանկացումը «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը պայմանավորում է երկու գործոնով՝ ներպետական խնդիրներով եւ միջազգային շուկայի գնային փոփոխություններով։

Քանի որ գործադիրը շատ է սիրում «Կարգին հաղորդում»-ից օրինակներ բերել, թեմայի շրջանակներում մի օրինակ էլ Պիպոյանն է բերում։ Ասում է՝ գործադիրը նման է «Կարգին հաղորդման» այն հերոսին, որը պառկել է ծառի տակ ու ոչ մի բան չի անում։  Շեշտում է՝ ունենք  թանկացումներ ոչ թե այն բանի համար, որ ինչ-որ բան սխալ են անում, այլ որովհետեւ ոչինչ չեն անում այս ուղղությամբ։

«Թանկացումները պայմանավորված են միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխություններով եւ ներքին խնդիրներով, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքներ կատարել։ Երբ հերթը հասնում է պետական կառույցների կողմից գնաճը զսպելու մասին խոսելուն, գործադիրը թանկացումները դիտարկում է ոչ թե որպես խնդիր, այլ գտել է չակերտավոր տեքստը, որով կարող է հասարակությանը «համոզել», այն է՝ «գնաճ տեղի է ունենում ամբողջ աշխարհում»։ Իրենց թվում է, որ համոզեցին, եւ ամեն հարց լուժվեց։ Մինչդեռ՝ ընդհանուր գնաճի մեջ պետք է առանձնացնենք պարենային ապրանքները, որոնք մարդիկ ամեն օր գնում են․ այստեղ ունենք 15 տոկոս գնաճ։ Հանրային ծառայությունների ոլորտում արձանագրված թանկացումներ էլ ունենք՝ ջուրը, հոսանքը, սպասվում է նաեւ գազի թանկացում։ Սա իր հերթին բերելու է նաեւ ապրանքների շրջանառության թանկացման»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա։

Շուկայում գյուղմթերքի, մասնավորապես՝ 1 կգ կարտոֆիլի արժեքը 200-350 դրամ է, այն դեպքում երբ Հայաստանը կարտոֆիլ արտադրող երկիր է։ Պիպոյանը սրա բացատրությունն էլ է տալիս։  «ԱԺ-ում, օրինակ, քննարկում են կարտոֆիլի թանկացումը, մեկն ասում է՝ ՏՄՊՊԻ-ի գործն է, մյուսը՝ ՏՄՊՊ-ն էդքան էլ դրա հետ կապ չունի, եւ այսպես շարունակ: Ի վերջո, մենք չունենք ագրարային քաղաքականություն, ինչի՞ մասին է խոսքը, չունենք գյուղատնտեսության նախարարություն: Կարտոֆիլի թանկացումը ներքին պրոբլեմ է, ագրարային քաղաքականություն չենք վարում»,- նշում է նա։

Զրուցակիցս ընդգծում է՝  պետական մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք իրականության հետ աղերսներ չունեն, գնաճի ֆոնին՝ եկամուտների անհամարժեք աճ է, արդյունքում՝ ունենք կյանքի որակի վատացում։ «Նա, ով թվերի հետ աշխատել գիտի կամ տամաբանության մինիմալ կանոններին ծանոթ է, հարցրեք՝ ի՞նչ է տեղի ունենում, եթե գնաճը գերազանցում է եկամուտների աճը, կա մեկ պատասխան՝ վատանում է կյանքը: Եթե այսքանից հետո ասում են՝ ունենք գնաճ, բայց կյանքը լավացել է, ես էս մարդկանց ասածները պարզապես չեմ մեկնաբանելու, ի՞նչը մեկնաբանեմ»,- ասում է Պիպոյանը:

Նման իրավիճակում, ըստ նրա, պետությունը պետք է փոխհատուցման մեխանիզմներ կիրառի։ «Փոխհատուցման մեխանիզմներ կիրառելու տարբեր ձեւեր կան: Բայց, երբ ասում են՝ փոխհատուցում ենք, պիտի հասկանանք, որ եթե սա անեն, մեկ այլ բան չեն անելու: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդամենը քաղաքական պայմանավորվածությունները փաթեթավորող կառույց է: Մնացած ամեն ինչ էներգետիկ սուվերենության եւ ներքին պայմանավորվածության արդյունքում է տեղի ունենում»,- ասում է Պիպոյանը:

Վառելիքի, հեղուկ գազի, ԱՊՊԱ-ի թանկացումները նա պայմանավորում է կամայական բիզնեսով: Շեշտում է՝ բիզնեսմենը միշտ մտածում է ավելի շատ փող աշխատելու մասին։

«Կամայական բիզնեսով զբաղվողը միշտ մտածում է ավելի շատ փող աշխատելու մասին: Ամենավատ գործադիր իշխանություն ունեցող պետությունն  էլ փորձում է միջամտել։ Եթե գլուխ գովելու՝ աշխարհի առաջնություն լինի, մենք կարող է հաղթենք: Մեր սուվերենության հարցում այսօր ավելի շատ գլուխ ենք գովում: Բենզինի թանկացումը գերիշխող դիրքի հետեւանք է: Կան պայմանավորվածություններ, եւ կան գործոններ»,- հավելում է նա:

Պիպոյանի կանխատեսումներով՝ առաջիկայում կունենանք ավել մեծ գնաճ, որը կգերազանցի կառավարելի շեմը, բայց կլինի ավելի պակաս, քան այս տարի: «Կլինի նորմայից ավելի, բայց ոչ՝ այս տարվա 10 տոկոսի նման: Միջազգային շուկայում էլ են ռեկորդներ արձանագրվում, բայց դրանք ավելի պակաս են, քան մեր ռեկորդները»,- նշում է նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան