Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Զատկի ես գնում հայկական եկեղեցի, հետևիցդ թուրքերը քար են նետում, խփում են, հայհոյանք են անում․ սա Թուրքիայում մերօրյա իրականություն է, որի մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Yerkir.am-ին պատմեցին Ստամբուլից հայրենադարձված հայրը և դուստրը։
«Ստամբուլում մի փաստաբան հարևան ունեինք, մեզ միշտ հայհոյում էր, մեր դռան դեմը թղթեր էր թողնում, որոց վրա գրված էր՝ ոնց այն ժամանակ ձեզ սպանել ենք, հիմա էլ ենք սպանելու»,-ասաց աղջնակը։
Դեռահաս աղջիկը պատմեց, որ ինքը մինչև 3-րդ դասարանը հայկական դպրոց էր գնում, հետո ստիպված եղան Ստամբուլից ուրիշ քաղաք տեղափոխվել, որտեղ գնացել է թուրքական դպրոց։
«Ինձ հետ շատ վատ են վերաբերվել, ինձ հետ չէին շփվում, ասում էին՝ քրիստոնյա ես, նորից ենք ձեզ սպանելու, ինձ շատ նեղացնում էին»,-ասաց նա։
Ընտանիքով են տեղափոխվել Հայաստան՝ աղջնակը, հայրը և տատիկը։
«Տատիկս միշտ պատմում է, թե իր պապիկն ինչ տանջանքի մեջ է ընկել․ ասում է, որ իր պապիկը դեռ երեխա էր 7 տարեկան ու շատ վախեցած էր այն ժամանակ, իր մաման իրեն պահել էր հավաբնի մեջ, որ չսպանեն»,-ասաց աղջիկը։
Թուրքիայում մեզ շատ վատ էին վերաբերվում, ասացին նրանք, Թուրքիան մեծ պետություն է՝ աշխատանք շատ կա, բայց ոչ հայերի համար․ եթե հայ ես՝ գործ չեն տալիս։
Հայրը նշեց, որ իրեն ծեծել են միայն հայ լինելու համար։ Ոչ միայն իրենց, մյուս հայ ընտանիքների հանդեպ էլ վերաբերմունքն այդպիսին է։
Մանավանդ վերջին պատերազմից հետո վերաբերմունքը հայերի հանդեպ այնքան է վատացել, որ Թուրքիայի հայերը տեղափոխվում են տարբեր երկրներ կամ գալիս են Հայաստան՝ պատմեցին հայրն ու աղջնակը։
Հարցին՝ թուրքը կարո՞ղ է բարեկամ լինել, պատասխանեցին՝ թշնամի են անպայման, երբ հայ են տեսնում ծեծում են, աչքերը ոլորում են վրան։
Ոստիկաններին երբ բողոքում են՝ նրանք էլ թուրքերի կողմն են բռնում։
«Մենք գնացել էինք անձնագիր հանենք՝ տեսավ մեր անունը հայկական, ասաց՝ դուք ի՞նչ կրոն եք, ու «գյավուր» են ասում»,-պատմեց հայրը։
Իրենց նախնիները Սամսուն նահանգում են ապրել։ Հայաստան ավելի շուտ չէին գալիս, որովհետև ասում էին՝ Հայաստանում աշխատանք չկա, բայց 4 տարի է՝ եկել են, այստեղ շատ լավ է իրենց համար։
«Այստեղ շատ լավ եմ զգում ինձ ու շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ իմ հայրենիքը։ Երբեք չեմ գնա»,-աչքերը փայլեցնելով ասաց դեռահաս աղջնակը։
Այժմ նրանք հատուկ կացարանում են ապրում․ ամսական 20 հազար դրամ են ստանում, մեկ էլ ուտելիք։
Հայրն ասում է՝ հայկական անձնագիր ստանամ, ազգանվանս վերջում «յան» մասնիկը կավելացնեմ ու կաշխատեմ։