կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-20 13:04
Հասարակություն

Սեյրան Խաթլամաջյան և ՀՀ զինանշանը

Սեյրան Խաթլամաջյան և ՀՀ զինանշանը
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը գրում է.
 
«1992 թ. Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդունման համար ՀՀ Գերագույն Խորհուրդը հայտարարել էր մրցույթ:
 
Մրցույթում հաղթող ճանաչվեց ՀՀ Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։
 
Զինանշանի՝ մրցույթում հաղթած տարբերակի հեղինակն է գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանը:
 
Կտավը նկարվել էր երկու տարբերակով. մեկի երանգներն առավել լուսավոր ու պայծառ էին:
 
Ես ժամերով նստում էի արվեստանոցի մի անկյունում և դիտում, թե ինչպես է Սեյրանը վերակենդանացնում իր մեծ նախորդների մտահղացումը: Չգիտեմ՝ Սեյրանի ստեղծագործական տարերքո՞վ էի ավելի շատ հիանում, թե օր օրի ձև, կերպ ստացող կտավով:
Դա անկրկնելի վայելք էր...
 
Հաճախ էր արվեստանոցում լինում նաև մեր սիրելի ընկեր, հայտնի երգիչ Սահակ Սահակյանը: Երբ Սահակը գալիս էր, Սեյրանի աշխատանքային ժամը կրճատվում էր. լսում էինք նրա այնքա՜ն սիրած ազգային երգերը...
 
Նա զինանշանագիտության (հերալդիկայի) հմուտ գիտակ էր, ուսումնասիրել էր գրեթե բոլոր զինանշանները, գիտական բծախնդրությամբ նախապատրաստել մեր զինանշանի էսքիզները:
 
ՀՀ Գերագույն Խորհրդում քվեարկությունից առաջ զանգահարել էին Սեյրան Խաթլամաջյանին և խնդրել կտավները ներկայացնել պատգամավորներին: Նա, անշուշտ, տվել էր իր համաձայնությունը, որից անմիջապես հետո զանգահարեց ինձ և խնդրեց, որ գնամ իր արվեստանոց:
 
Գերագույն Խորհուրդից արվեստանոց եկածների մեջ էր նաև պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը, որն այսօր բնակվում է Ալավերդի քաղաքում:
Կտավները տարան ԳԽ և ներկայացրին պատգամավորներին: Քվեարկությունից հետո, սակայն, չվերադարձվեցին հեղինակին:
Թանգարանում կամ պատկերասրահում էլ չկան:
 
Ես չգիտեմ, թե պատմական և գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող այդ կտավներն այսօր որտեղ են:
 
Ցավոք հետագայում զինանշանն աղավաղվեց, որի մասին տարբեր առիթներով գրել եմ կամ խոսել:
 
Ստորև՝ Ս. Խաթլամաջյանի նկարած տարբերակներից մեկը, որ դրվել էր քվեարկության»: